Այսօր խորհրդարանական քառօրյայի սկզբում, մինչ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման օրինագծի քվեարկությունը, խորհրդարանում կրկին կրքերը բորբոքվեցին:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իր գործընկերներին կոչ արեց բարոյական լինել եւ «դեմ» քվեարկել այս նախագծին, քանի որ երկրում նման աղքատության պայմաններում այդ նախագծին կողմ լինելն անբարոյականություն է: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին Փոստանջյանին կոռեկտության կոչ արեց` նկատելով, որ վերջինս մասնագիտությամբ իրավաբան է ու պետք է չապակողմնորոշի հասարակությանը, քանի որ օրենքը չի առնչվում միայն բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերին, այլ՝ բոլոր պետական պաշտոնյաներին:
Նախագծին դեմ է քվեարկելու նաեւ ՀԱԿ-ը: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, ՀՅԴ-ն կողմ է այս օրենքին, քանի որ պետական ծառայություն իրականացնող մարդկանց հարցերն են կարգավորվում, ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաների: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ ԲՀԿ-ն կողմ է, որ 160 հազար պետական ծառայողների աշխատավարձը բարձրանա, բայց դեմ է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը: «ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու`առանց որակումներ տալու»,- ասաց տիկին Զոհրաբյանը: ՀՀԿ-ակակնները քվեարկությունից առաջ իրենց կոչերում նաեւ պոպուլիզմ որակեցին ընդդիմադիրների հայտարարությունները:
Ի դեպ, հետաքրքրական էր նախկին կուսակիցներ Ալեքսանդր Արզումանյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի մոտեցումները: Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ չի կարելի հարցը մեկ հարթության մեջ դիտարկել, քանի որ այն վերաբերվում է հարյուր վաթսուն հազարից ավելի մարդկանց, ուստի ինքը այս փուլում ձեռնպահ կքվեարկի, մինչեւ հաջորդ ընթերցումների ժամանակ ներկայացվելիք փոփոխությունները: Քոքոբելյանն այս հարցում համամիտ էր ընդդիմադիրների հետ ու ասաց, որ ինքը դեմ չէ նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը, բայց ոչ հանրապետության ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակում:
Կարդացեք նաև
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասաց, որ իշխանությունը չի կարող ինքն իր աշխատավարձը բարձրացնել, նա պետք է բարձրացնի հաջորդ իշխանության աշխատավարձը․ «Այսինքն, այսօր, օրինակ, որոշում է կայացվում ՀՀ Նախագահի աշխատավարձը դարձնել 1.3 մլն դրամ։ Բայց այդ որոշումը կիրարկվում է հաջորդ Նախագահի պաշտոնը ստանձնելու օրվանից։ Սա եղել է նաև իմ որպես Նախագահի թեկնածուի ծրագրի կետերից մեկը։ Իմիջիայլոց ընդամենը 20 օր առաջ այն իբրև օրենք ընդունեց ԱՄՆ կոնգրեսը։ Երկրորդ, նույն իշխանությունը որոշում է կայացնում պատգամավորների աշխատավարձի մասով, բայց կիրարկում է մյուս, հաջորդիվ ընդունած ԱԺ համար։ Բացառություն է կազմում ընդդիմությունը. նրանց աշխատավարձը բարձրացվում է անմիջապես։ Մեծ հաշվով ընդդիմության աշխատավարձը բարձրացնում է դիմությունը։ Այլ հնարավորություն չկա։ Այսպես են վարվում քաղաքակիրթ բոլոր երկրները»։
Արդյունքում, 69 «կողմ», 31 «դեմ», 6 «ձեռնպահ» քվեարկության արդյունքներով նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































