Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիայի դեսպանի «մեսիջը» ՀՀ իշխանություններին

Նոյեմբեր 26,2013 15:17

«Մարդիկ ոչ ճիշտ տեղեկատվություն ունեն եւ հակասություն են տեսնում ՌԴ-ի հետ համագործակցության եւ միաժամանակ ՆԱՏՕ-ի հետ զարգացող հարաբերություններ ունենալու մեջ: ՀՀ-ն վառ օրինակն է, որ այստեղ հակասություն չկա, եւ երկու ուղղություններով կարելի է զարգանալ միաժամանակ»,- այսօր հայտարարեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը` «ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններ. ՆԱՏՕ-ն, որպես պաշտպանության ժամանակակից մեդել» թեմայով քննարկման ժամանակ: Քննարկումը կազմակերպել էր «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը»:
Իր ողջույնի խոսքում դեսպանն ասաց, որ այս պահը հարմար պահ է մտածելու համար այս ուղղությամբ եւ տոնելու այն ձեռքբերումները, որոնք եղել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում: Դեսպանը պատմեց, որ մի քանի սեմինարների է մասնակցել, հատկապես Վանաձորում նրան զարմացրել է ՆԱՏՕ-ի նկատմամբ հետաքրքրվածությունը: Ըստ նրա, մարդիկ ոչ ճիշտ տեղեկատվություն ունեն ՆԱՏՕ-ի գործունեության մասին ընդհանրապես եւ Հայաստանի հետ համագործակցության ծրագրերի մասին մասնավորապես:
Դեսպանը դրական է գնահատում Հայաստանի ակտիվ մասնակցությունը «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրին եւ շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին` Աֆղանստանում եւ Կոսովայում խաղաղապահ առաքելության համար:

ՀՀ-ում գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն էլ իր ողջույնի խոսքում մանրամասնորեն անդրադարձավ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործունեությանը: Ասաց, որ տասը տարվա ընթացքում ՆԱՏՕ-ն փորձում է խաղաղություն բերել այդ երկրին ու շատ ջանքեր է ներդնում, ինչը շատ բարդ է, քանի որ այդ երկիրն այլ մշակույթի երկիր է ու շատ մեծ երկիր է: Ըստ բանախոսի՝ Աֆղանստանում անվտանգությունն աստիճանաբար ամրապնդվել է. կա համայնքային կյանք, երեխաները դպրոց են հաճախում, երիտասարդներն ուսումնառություն են կարողանում իրականացնել, որ դեպի լավը բավականին փոփոխություններ կան, եւ Թալիբանն էլ այլեւս նախկին աջակցությունը չի ստանում:

Ինչ վերաբերվում է Աֆղանստանից զորքերի դուրս բերման որոշմանը, դեսպանն ասաց, որ իրենք Աֆղանստանը եւ աֆղանստանցիներին չեն թողնի միայնակ՝ բանակին եւ ոստիկանությանը կաջակցեն: Կփորձեն Աֆղանստանին տարածաշրջանային աջակցության ցանց ստեղծել`ուղղված այդ երկրի տնտեսական զարգացմանը:

Աֆղանստանի մասով գերմանահայկական նախաձեռնությունների մասին էլ ասաց, որ մեծապես գնահատվում է հայաստանցի 130 զինվորների վերահսկողական ֆունկցիան երկու աֆղանական ճամբարներում: Դեսպանը գտնում է, որ հայ զինվորական առաքելությունը պատշաճ իրականացնում է իր աշխատանքը, եւ ՆԱՏՕ-ում դա գնահատում են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅՍԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930