Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը պահելու համար պատրաստ են հանձնել ամեն ինչ, շուտով հասնելու են Սաշիկի կարմիր գծերին»

Դեկտեմբեր 05,2013 15:20

Այսօր «Սլաք» ակումբում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, ասաց, որ այդ այցը ցույց տվեց, որ մեր իշխանությունները իրենց իշխանությունը պահելու համար պատրաստ են հանձնել ամեն ինչ. «Դրա վկայությունը` գազի մեր բաժնեմասն է, շուտով բանը հասնելու է նաեւ Սաշիկի կարմիր գծերին»:

Արամ Հարությունյանի խոսքով`Ռուսաստանը երբեք մեր նախագահների լեգիտիմությունը չի վիճարկել, Արեւմուտքն էլ փորձել է ձեւ անել, թե ինչ-ինչ խնդիրներ կան:

Լեգիտիմության պակասը ստիպեց մեր իշխանություններին`Արեւմուտքին խոստումներ տալ, բայց վերջին պահին Ռուսաստանը ճնշեց:

«Երբեք ոչ ոք ոչ մեկի այդպես անճաշակ ձեւով չի քծնել, ինչպես որ մենք ականատես եղանք Պուտինի այցի ժամանակ Սերժ Սարգսյանի պահվածքին: Մեր առաջին երկու նախագահները երբեք նման պահվածք չեն ցուցաբերել Ռուսաստանի նախագահների նկատմամբ»,- նշեց Արամ Հարությունյանը, շարունակելով, որ միակ ելքը իշխանափոխությունն է:

«Այսօր բոլոր խավերը դժգոհ են այս իշխանություններից, քաղծառայողը, ձեռներեցը, զինվորականը, հասարակ մարդը… Նույնիսկ իշխանության ներսում դժգոհություն կա: Ու ստացվում է, որ մի քանի հոգու պատճառով անկախություն ենք կորցնում: Ստիպում են քաղաքացուն արտագաղթել ու այսօր գազի խնդիրը չէ, որ պետք է լուծենք, այսօր վտանգված է պետությունը, իսկ պետությունը` քաղաքացին է:

Իսկ հիմա ստացվում է՝ նստել սպասում ենք թե Սերժ Սարգսյանն ինչքան է հարստանալու, կամ Սաշիկն ինչքան կարմիր գիծ է գծելու»,- բողոքեց Արամ Հարությունյանը:

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահի խոսքով`«Եթե Հայաստանի նախագահը գնում է Լֆիկ Սամոյի ավտոյի մաղարիչին, դա ողբերգություն է: Այս իշխանությունը քեֆից բացի, ոչինչ չի անում, արդեն իրենց թիկնապահներն էլ են հոգնել այդ քեֆերից»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031