Խաղաղ պայմաններում զոհվածների ծնողներին այսօր չէին թույլատրել մասնակցել «Մարդու իրավունքները զինված ուժերում» թեմայով խորհրդարանում ընթացող լսումներին: Լսումները կազմակերպել էին ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովները:
Քննարկման ժամանակ «Բանակն իրականում» կազմակերպության ներկայացուցիչ Սեդա Մանուկյանը, խաղաղ պայմաններում զոհվածների ծնողների կողմից լիազորված էր հարց հնչեցնել. «Ինչո՞վ է պայմանավորված այդ արգելքը. միգուցե նրանով, որ նրանց արյունը կապույտ չէ՞»:
Հարցին արձագանքեց ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ով հիշեցրեց, որ օրերս կազմակերպված միջազգային սեմինարի ժամանակ ներկա են եղել նաեւ խաղաղ պայմաններում զոհվածների ծնողները, իր հետ զրուցել են, որի ընթացքում «ներկայացվել են մոտեցումները, պարզաբանվել է խնդիրը»: Նրանք նաեւ ցանկություն են հայտնել խորհրդարանական լսումներին ներկա գտնվելու մասին, Կորյուն Նահապետյանն էլ առաջարկել է իրենց հուզող հարցերը ներկայացնել համապատասխան կազմակերպությունների միջոցով. «Եվ դուք պատրաստակամություն հայտնեցիք`իրենց մոտեցումները, խնդիրները, մտահոգությունները ներկայացնել խորհրդարանական լսումների ժամանակ: Կարծես այսօր այդ հնարավորությունը ձեզ ընձեռված էր, բայց դուք բոլորովին այլ ուղղություն ընտրեցիք եւ եթե այս պահին ցանկություն ունեք կոնկրետ հարցադրում հնչեցնելու, կարծում եմ, բոլոր զեկուցողները, այդ թվում ես, կարող են ամբողջական պատասխան տալ ձեր բոլոր հարցադրումներին: Բայց որեւէ կոնկրետ խնդիր կամ հարց դուք չեք հնչեցնում այս պահին»:
Ի պատասխան՝ Սեդա Մանուկյանն ասաց, որ խաղաղ պայմաններում զոհվածների ծնողները շատ վրդովված են եղել, որ իրենց չեն թույլատրել մասնակցել լսումներին, հետեւաբար, իրենք խնդրել են միայն այդ հարցը հնչեցնել:
Կարդացեք նաև
Կորյուն Նահապետյանը հայտարարեց, որ ինքը շուրջ երկու ժամ զրուցել է խաղաղ պայմաններում զոհվածների ծնողների հետ, սպառիչ պատասխաններ է տվել նրանց բոլոր հարցերին, այդ թվում՝ նաեւ իրավական հարթության շրջանակներում. «Իմ տպավորությունն այնպիսին էր այդ հանդիպումից, որ խաղաղ պայմաններում զոհվածների մայրերը ընկալեցին ներկայացված մոտեցումները եւ շեշտադրումները: Այլ բան է, որ դուք այլ կարծիք ունեք: Դա ձեր անձնական խնդիրն է եւ ես չեմ կարող բավարարել ձեր ցանկությունը»:
Սեդա Մանուկյանը տեղից հիշեցրեց, որ դա խաղաղ պայմաններում զոհվածների ծնողների ցանկությունն է եւ հիշեցրեց, որ Կորյուն Նահապետյանը, ծնողների հետ զրույցում ասել էր, որ կարող է կարգավորել այդ հարցը: Նահապետյանը հակադարձեց, որ խորհրդարանական լսումներն այն հարթակը չէ, որ անհատական քրեական գործերի հատ կապված քննարկումներ ծավալվեն: Ասաց, որ եթե կան կոնկրետ հարցեր, կարող են ընտրել այլ ձեւաչափ եւ քննարկել դրանք:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































