Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարի ամանորյա ուղերձը

Դեկտեմբեր 28,2013 14:02

Սիրելի՛ բուժաշխատողներ, հարգելի հայրենակիցներ,

ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Չխախտելով ավանդույթը` ցանկանում եմ առանձնահատուկ հիշել զինվորական մեր բժիշկներին, ովքեր հոգ են տանում հայ զինվորի առողջության մասին։
Եվս մեկ տարի պատմության գիրկն է անցնում։ Այն մեզ համար լարված աշխատանքի տարի էր: Բուժաշխատողների մեր մեծ բանակի զօր ու գիշեր նվիրված աշխատանքի շնորհիվ բազմաթիվ կյանքեր փրկվեցին, շատ-շատերի առողջությունը վերականգնվեց վիրահատական կամ բժշկական այլ միջամտության շնորհիվ։
Մենք 2014 թվական ենք մտնում լավատեսությամբ ու վստահությամբ։ Քանզի անցնող տարում թե՛ առանձին ոլորտներում առաջընթաց արձանագրեցինք, թե՛ առաջիկա բարեփոխումների համար իրավական ու կազմակերպչական ամուր հիմքեր նախապատրաստեցինք։ Այնպես որ, գալիք տարին մեկնարկում ենք լրջագույն բարեփոխումներ իրականացնելուն նախապատրաստված։ Քանզի ցանկացած երկրում յուրաքանչյուր ծրագիր` լինի քաղաքական, տնտեսական, թե սոցիալական, կյանքի կոչելու ամենաառաջին նախապայմանը առողջ քաղաքացիներ ունենալն է։ Հենց այդ տրամաբանությամբ 2014 թվականից մեծածավալ աշխատանքներ ենք սկսում նաև մեր երկրում առողջ կենսակեպի ներդրման ուղղությամբ։
Համոզված եմ, որ մեր ջանքերն իզուր չեն անցնի, և 2014-ին կկարողանանք առողջապահության ոլորտում համակարգային այնքան ամուր հիմքեր գցել, որ երկար տարիներ այն անխափան ու արդյունավետորեն ծառայի մեր հայրենակիցների առողջության պահպանմանը։
Հարգելի բուժաշխատողներ, բարեկամներ, նոր սկիզբ խորհրդանշող Նոր տարին և Սուրբ Ծննդյան տոները սովորաբար դիմավորում ենք նոր հույսով ու հավատով։
Ես մաղթում եմ, որ 2014-ին Հայաստանում և ողջ աշխարհում խաղաղություն տիրի։ Որ հայ ընտանիքները բերկրանք ապրեն մանկան ճիչով: Որ առողջ լինեն մեծ ու մանուկ։ Ցանկանում եմ, որ 2014 թվականը դառնա յուրաքանչյուր ընտանիքի ձեռքբերումների և հաջողությունների տարի։
Թող Ամանորի թարմ շունչը մտնի յուրաքանչյուր ընտանիք, խինդ ու երջանկություն նաև սեր ու հոգու ջերմություն բերի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Սիրով՝

Դերենիկ Դումանյան
ՀՀ առողջապահության նախարար,
բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031