Լրահոս
Օրվա լրահոսը

«Պոմիդորը շատ ախմախ բանջարեղեն է. տնաշենը հեռուստացույց չի նայում, թերթ չի կարդում». «Չորրորդ իշխանություն»

Հունվար 22,2014 11:48

Գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացումը սկսել է անմիջականորեն ազդել Հայաստանի առանց այն էլ աղետյալ տնտեսության վրա։ Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահը, օրինակ, մոտավոր հաշվարկներ է արել եւ պարզել, որ այս ձմեռ մոտ 12 հեկտար ջերմոց անմշակ է մնացել (դա Հայաստանի ջերմոցային տնտեսությունների մոտ 9 տոկոսն է): Նա, ի դեպ, պնդում է նաեւ, որ նախկինի համեմատ հիմա նույն տարածքը տաքացնելու համար մոտ 30 տոկոսով ավելի գազ է ծախսվում, այսինքն՝ կալորիականությանն էլ է ընկել։

Պոմիդորն, իհարկե, շատ ախմախ բանջարեղեն է. տնաշենը հեռուստացույց չի նայում, թերթ չի կարդում եւ չգիտի, որ մատակարարվող գազի կալորիականությունը դեռ մի բան էլ նախատեսվածից բարձր է: Առանց հասկանալու՝ գազի նախկին ծավալների դեպքում չի աճում, եւ վերջ։ Ու դրանով էլ ջուր է լցնում ընդդիմության եւ հայոց պետականության այլ թշնամիների ջրաղացին։

Վարունգի մասին ընդհանրապես չենք խոսում, այդ, կներեք արտահայտության համար, բույսը բացարձակապես հաշվի չի առնում, որ Հայաստանը գազը ձեռք է բերում Ռուսաստանի ներքին գներով։ Արդյունքում ջերմոցները փակվում են, մարդիկ էլ կամ այլ զբաղմունք են գտնում, կամ արտագաղթում են այնտեղ, որտեղից գազ են ստանում ներքին գներով։ Ճիշտ է, պաշտոնական վիճակագրությունը դա չի արձանագրում։ Պաշտոնական վիճակագրությանը միայն բարեբաստիկ թվեր են պետք։

Դրա համար էլ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պաշտոնապես հայտարարում է՝ գործազրկությունը 2013թ. տարեվերջին կազմել է «ընդամենը» 16,2 տոկոս՝ նախորդ տարվա 17,3 տոկոսի փոխարեն։ Ափսոս՝ չի ասում, թե ինչի հաշվին է գործազրկությունը 1,1 տոկոսով կրճատվել։ Ծանր տեղը չի թեթեւացնում: Թե չէ ամբախ-զամբախ երկրների նախարարներ  կան՝ հայտարարում են, թե ահա բացվել է այսքան ու այսքան աշխատատեղ, դրա շնորհիվ գործազրկությունը նվազել է այսքան  տոկոսով  եւ այլն։ Իսկ մեզանում բացված աշխատատեղերի մասին խոսք չկա։ Հարց է ծագում՝ բա ո՞նց է պատահել, որ աշխատատեղեր չեն բացվել, բայց գործազրկությունը կրճատվել է։ Պատասխանը պարզ է. գործազուրկներն արտագաղթել են։ Բա մնան ստեղ, որ ի՞նչ անեն։ Ինչպե՞ս կարելի է աշխատանք գտնել մի երկրում, որտեղ նույնիսկ պոմիդորներն ու վարունգները չեն գիտակցում տարածաշրջանային նոր իրողությունները։

Գրիգոր ՈՍԿԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031