Լրահոս
Օրվա լրահոսը

Մենուա Բրուտյան. «ՀՀ-ում ընդդիմությունը ճգնաժամի մեջ է»

Հունվար 22,2014 17:45

«Լոռեցիների միավորում» բարեգործական հասարակական կազմակերպության (ԲՀԿ) նախագահ Մենուա Բրուտյանի կարծիքով՝ Հայաստանն այսօր լուրջ խնդիր ունի ընդդիմադիր դաշտում:

«Չնայած նրան, որ ՀՀ-ում դասական առումով ընդդիմություն կա, խորհրդարանում ներգրավված են ընդդիմադիր մի քանի կուսակցություն, որոշ դեպքերում հանդես են գալիս ընդդիմադիր տեսակետներով, ընդդիմադիր ճակատից, այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, մեր ընդդիմությունն այսօր ճգնաժամի մեջ է»,-այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասում է «Լոռեցիների միավորում» ԲՀԿ նախագահ Մենուա Բրուտյանը` մասնավորեցնելով, որ այդ ճգնաժամն առավել ցայտուն դրսեւորվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունից հետո, համաձայն որի՝ Հայաստանը որոշել է մտնել Մաքսային միություն:

«Մեր ընդդիմությունը կոնկրետ գործնական որեւիցե քայլ չնախաձեռնեց, ինչպես օրինակ նախաձեռնեց Ուկրաինայի ընդդիմությունը: Միայն ԱԺ-ում քվեարկության օրը որոշակիորեն համախմբում եղավ, որը, սակայն, ժամանակավրեպ էր: Այսինքն` Հայաստանը լուրջ խնդիր ունի ընդդիմադիր դաշտում, քանի որ, թեեւ ունենք  առանձին քաղաքական գործիչներ, բայց կուսակցություններ կամ քաղաքական ընդդիմություն, որը կարողանա համախմբել ընդդիմադիր դաշտը, չունենք»:

Այս ամենից զատ` Մենուա Բրուտյանի կարծիքով, հասարակության մեջ եւս ընդդիմադիր կուսակցությունների, եւ առավել եւս կուսակցությունների նկատմամբ վերաբերմունք է փոխվել:

«Այսօր հասարակությունը շատ ավելի արձագանքում է քաղաքացիական նախաձեռնություններին, հասարակական կառույցներին, ինչ-որ ակտիվ խմբերի, քան կուսակցություններին, ու զարգացումները, գործընթացը գնալու է հենց այդ ուղղությամբ, այսինքն` կուսակցությունների դերակատարումը քաղաքական դաշտում, հասարակական-քաղաքական կյանքում նվազել է»,-նշում է Մենուա Բրուտյանը` նկատելով, որ կուսակցությունները մեկ օրում չեն սպառել իրենց:

«Կարծում եմ` դա ժամանակի խնդիր է, տարիների ընթացքում սպառել են իրենց»,-եզրափակում է նա:

 Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031