Հակակոռուպցիոն դատարանի առջեւ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստից առաջ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը, պատասխանելով լրագրողների հարցին, որ երեկ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է ընդդիմության միավորման մասին, եւ այս անգամ կստացվի՞ միանալ եւ հասնել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու նպատակին, ասաց. «Ես շատ կարեւորում եմ այդ հանդիպումը, որ եղավ։ Չորս ընդհանուր կետը, որի շուրջ համաձայնության եկանք, չնայած բազմաթիվ տարաձայնություններին, որ հավաքված ուժերը եւ մարդիկ կարող են ունենալ, հուսադրող է։
Համոզված եմ, որ հաջողություն կլինի։ Բայց կոնկրետ երբ եւ ինչպես, սրա շուրջ դեռ շատ անելիք ունենք։ Մի բան է՝ համաձայնության գալ թղթի շուրջ, ինչն, իհարկե, շատ կարեւոր է, ավելի կարեւորը հետագա մյուս քայլերն են լինելու։ Դրա շուրջ աշխատում ենք եւ դրա մասին հետագայում հանրությունը իրազեկված կլինի»։
Պատասխանելով այսօր Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը վերաբերող հարցին, թե Վեհափառը եւս եթե ներկա լիներ, իր խոսքերով, հենց այս կիրակի էլ հնարավոր կլիներ հեղափոխություն անել, պատգամավորը ասաց. «Իրենք փորձում են ծաղրել, անլուրջ վերաբերվել այս ամեն ինչին, գոնե արտաքնապես ցույց տալ։ Բայց իրականության մեջ այդպես չէ։ Երկար տարիներ նաեւ ընդդիմության տարբեր գործողությունները, ընդդիմության տարբեր ուժերի դերը թիրախավորելով, ծաղրելով, կարծես ուզում են ցույց տալ, որ իրենք վտանգ չեն տեսնում։ Նույնը՝ այսօրվա արածը։ Բայց երբ տեսնում ենք իրենց գործողությունները, թե իրականում ինչ են անում, եթե դու ինչ-որ մեկից չես վախենում, եթե վտանգ չես զգում ու տեսնում, ինչի՞ ես գնում այսքան ոչ ժողովրդավար, հակաիրավական, ապօրինի քայլերի՝ բոլորին բանտարկելով։
Ի՞նչ պատկեր ունենք։ Ընտրություններից հետո այն երեք ուժերը, որոնք միասին 500 հազարից ավելի ձայն են հավաքել, բոլոր այդ ուժերի ղեկավարներն այսօր գտնվում են բանտում։ Սրանք արդյո՞ք մարդու քայլեր են, որը վտանգ չի տեսնում կամ չի վախենում։ Չեմ կարծում։ Ինքն իրականում վախենում է այդ համախմբումից, վախենում է փողոցից, որովհետեւ հասկանում է, որ այն, ինչ ինքն է արել, ամենալավը հենց ինքը գիտի։ Շատ լավ գիտի, որ պատիժն անխուսափելի է լինելու, ու դրա համար է դիմում այս քայլերին»։
Կարդացեք նաև
Իսկ հարցին, թե փողոցային պայքար լինելո՞ւ է, Լեւոն Քոչարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ լինելու է։ Իսկ թե երբ ու ինչպես, լուրջ մտածելու եւ շատ լուրջ հաշվարկելու անհրաժեշտություն կա։ Ես միշտ ասել եմ, որ փողոց դուրս գալը չպետք է լինի զուտ էմոցիաներով։ Այն պետք է լինի հստակ հաշվարկներով։ Մենք երբեք փողոցից չենք խուսափել։ Ունենք մեծ շարժումներ գեներացնելու, փողոց դուրս գալու տարբեր օրինակներ վերջին հինգ-վեց տարիների ընթացքում, որոնք, ցավոք, ցանկալի արդյունքը չեն ունեցել։ Եվ հենց այդ ամենը հաշվի առնելով՝ պետք է հաջորդ անգամ այնպես դուրս գալ փողոց, որ դա ունենա իր ճիշտ ելքը»։
Անդրադառնալով խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերի ղեկավարների կալանված լինելու փաստին՝ Լեւոն Քոչարյանն ասաց. «Կարծում եմ, ինքը բոլորին իր արշինով է չափում։ Եթե իր հետ այս ամենը անեին, ինքը կկզեր։ Բայց իր հաշվարկները սխալ են, որովհետեւ առավել եւս հիմա, երբ նաեւ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը նորից հայտնվեց բանտային կալանքում, սա ցույց է տալիս մի բան, որ իրենց մոտ չի հաջողվել մարդագողություն անել ԱԺ-ում։ Սա լավ է։ Եվ չեմ տեսնում, որ իր ռեպրեսիվ քայլերը որեւէ հաջողություն են ունենալու»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































