Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի սակագներին վերաբերող հարցերի պատասխանը՝ Ռոբերտ Նազարյանից

Փետրվար 05,2014 18:29

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014թ. ծրագիրը այսօր Ազգային ժողովին ներկայացրեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը: Բացի այս տարվա ծրագրից՝ զեկույցում մեծ հատված նվիրված էր նախորդ տարվա արածների հաշվետվությունը:

Պատասխանելով գազի սակագնին վերաբերող մի շարք հարցերի Ռոբերտ Նազարյանն ասաց, որ, թեեւ սահմանի վրա գազը ստանում ենք 189 դոլարով, սակայն սպառողներին է հասնում 1000 խորանարդ մետրը՝ 156  հազար դրամով, սակայն դրա փոխարեն 10 հազար խմ-ից ավելի գազ ծախսողները՝ արտադրությունները,  280$-ով են ստանում: Հարց էր բարձրացել նաեւ սուբսիդավորման մասին, եւ Ռոբերտ Նազարյանը նկատեց, որ 1992թ., երբ Հրանտ Բագրատյանը էկոնոմիկայի նախարարն էր, իրենց սովորեցրել է, որ սուբսիդավորումը լավ բան չի, իսկ խաչաձեւ սուբսիդավորումն այլանդակում է երկրի տնտեսությունը՝ «ես իրենցից շատ բան եմ սովորել, եւ խաչաձեւ սուբսիդավորողից միշտ ուզել ենք հեռու մնալ»:

Հենց Հրանտ Բագրատյանն էլ հարց տվեց Ռոբերտ Նազարյանին, թե արդյո՞ք ՀԾԿՀ նախագահը տեղյա՞կ է, ներկայումս կառավարությունը կուտակո՞ւմ է պարտքեր՝ Գազպրոմին: Ըստ Ռ. Նազարյանի՝ ո՛չ, նման պարտք չի կուտակվում

Նախկին վարչապետ Բագրատյանը նաեւ հետաքրքրվեց, թե Հանձնաժողովը հետեւո՞ւմ է, թե Հայռուսգազարդի ծրագրում գրված ամեն տարի խողովակները ներկելու համար անհրաժեշտ ներկերը եւ պատահմամբ թափված ներկերը մաքրելու համար նախատեսված լաթերը, որոնք նույնպես ազդում են սակագնի ձեւավորման վրա, ծառայո՞ւմ են նպատակին, ամեն տարի ներկվո՞ւմ են խողովակները:

Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, որ նորմատիվների համաձայն՝ խողովակները պետք է ներկվեն ոչ թե ամեն տարի, այլ՝ հինգ տարին մեկ, եւ իրենց հանձնաժողովը հենց հինգ տարվա համար է նախատեսում ներկման ծախսերը: Նա նաեւ ի պատասխան Բագրատյանի այլ հարցերի, ասաց, որ Հայռուսգազարդը (արդեն՝ Գազպրոմ-Արմենիան-խմբ.) ներկայացուցչական ծախսերի համար ունի ոչ թե հարյուր հազարավոր դոլարների համաձայնություն, այլ՝ տարեկան 18 մլն դրամ: «Նրանք հայտում գրել էին 120 մլն դրամ, բայց մենք թույլ տվեցինք 1/6 մասը՝ 18 մլն դրամ»,-ասաց Ռ. Նազարյանը: Նա նաեւ ասաց, որ Բագրատյանի ակնարկած Ծաղկաձորի հանգստյան տունը՝ դրա պահպանումը եւ շահագործումը, որեւէ ձեւով չի ներառվում սակագների ձեւավորման մեջ. «Մենք միշտ առանձնացնում ենք ընկերությունների լիցենզավորված եւ չլիցենզավորված գործունեությունը, եւ սակագները ձեւավորվում են միայն լիցենզավորված գործունեությունը հաշվի առնելով, լիցենզիայից դուրս գործունեությունը որեւէ ձեւով չի ազդում սակագների ձեւավորման վրա: Այդ ձեր ասած Ծաղկաձորը եւ այլն, չեն մտնում սակագնի մեջ»:

Ինչ վերաբերում է Հայռուսգազարդի աշխատավարձային ֆոնդին, եւ արդյո՞ք աշխատավարձերի բարձրացումը մենք զգում ենք սակագների բարձրացման վրա, պարոն Նազարյանն ասաց, որ իրենց հանձնաժողովը սահմանում է աշխատավարձի ֆոնդի միջին աշխատավարձի հասկացություն: «Մենք սակագների սահմանման ժամանակ աշխատավարձի ֆոնդի մեծությունը՝ 227 հազար դրամ միջին աշխատավարձ ենք սահմանել գազի համակարգում, իսկ թե կոնկրետ ներսում իրենք ինչպե՞ս են անում՝ տնօրենին՝ որքան, սովորական աշխատողին՝ որքան, դա իրենց մենեջմենթն է, որի մեջ մենք չենք մտնում, ուղղակի մեր սահմանած աշխատավարձի ֆոնդից մեկ լումա ավելի ծախսելու իրավունք չունեն: Եթե ավելի ծախսեն, դա պետք է անեն իրենց շահույթների հաշվին»,-ասաց սակագները սահմանող հանձնաժողովի նախագահը:

Եվ վերջապես, նա տվեց ամենաշատը հուզող հարցերից մեկի պատասխանը. «Անկախ նրանից, թե բաժնետոմսերի, որ տոկոսը ում է պատկանում՝ մենք մեր գործը անելու ենք: Մեր լիազորությունները չեն տուժել՝ անկախ այն բանից, որ 20% բաժնեմասը վաճառվել է Գազպրոմին»,-ասաց Ռոբերտ Նազարյանը: Այս պատասխանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առաջարկեց ֆիքսել, որպեսզի ամբոխահաճությամբ զբաղվողները այլեւս չպնդեն, որ հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովը որեւէ դեր չունի, եւ Գազպրոմն ինքն է որոշելու սակագները:

Ռոբերտ Նազարյանն անդրադարձավ նաեւ գազի կալորիականության հարցին: Ասաց, որ ներկայումս կա չորս լաբորատորիա հանրապետությունում, որոնք կարող են չափել գազի կալորիականությունը: Դրանցից մեկը «Հայռուսգազարդինն» է, մյուսը՝ «Հրազդան» ՋԷԿ-ինը, երրորդը՝ Երեւանի ՋԷԿ-ինը եւ չորրորդը՝ «Արարատցեմենտ» գործարանինը: Լաբորատորիաներն արժեն 25-60 հազար դոլար: Եվ ըստ Նազարյանի՝ մեր գործարարները կարող են միանալ եւ մի հատ 25 հազարանոց լաբորատորիա առնել ու ստուգել գազի կալորիականությունը, քան թե անընդհատ բողոքել:Այդուհանդերձ, ինքը վստահ է, որ եղածները ճիշտ են ցույց տալիս, քանի որ վերը նշված ընկերությունները շահույթ հետապնդող ընկերություններ են եւ իրենց ձեռք չի տա թաքցնել գազի ոչ կալորիական լինելու փաստը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728