Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյոք «Որոտան» ՀԷԿ-երի համալիրը չի՞ վերավաճառվի ավելի բարձր գնով»

Փետրվար 11,2014 14:07

«ՀայՌուսգազարդի» 20% կառավարության բաժնեմասի՝ Ռուսաստանի հետ գազային 3 համաձայնագրերը, որոնք ընդդիմադիր պատգամավորները որակեցին ազգային անվտանգության, արժանապատվության եւ պետականության կորուստ եւ դավաճանություն, այս գործարքները հանրությունը դեռ չմարսած՝ կառավարությունը էներգետիկ մեկ այլ ռազմավարական օբյեկտ էլ վաճառեց՝ «Որոտան» ՀԷԿ-երի համալիրը: Ամերիկացիներին «Որոտանը» վաճառելով՝ կառավարությունը հպարտ-հպարտ հայտարարեց, որ այն ամենախոշոր գործարքն է տարածաշրջանում, որ 180 միլիոն դոլարով են վաճառել, որ դեռ 70 միլիոն դոլար էլ ներդնելու են, եւ այս ամենն այնպես են ներկայացնում՝ կարծես սա Հայաստանի համար նախադեպը չունեցող շահավետ գործարք է:

Արդյոք ռազմավարական օբյեկտի վաճառքն ու էներգետիկ անկախությունից զրկվելն արժեի՞ն այդ գումարները: «Իմ կարծիքով՝ չարժեր»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ եւ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը եւ հավելեց. «Գնի հաշվարկման տարբեր ձեւեր կան։ «Որոտանը» 450 մեգավատտ է, էժանագույն էլեկտրաէներգիա։ 450 մեգավատտ, 3 ՀԷԿ եւ 3 ջրամբար կառուցելու համար առնվազն 1 միլիարդ դոլար է պետք։ Ինչ վերաբերում է 70 միլիոն դոլար ներդրումներին, ապա առանց այդ էլ կասկադը շահույթի եւ ամորտիզացիայի հաշվին այդքան ներդնում կաներ»։
Ինչ վերաբերում է, այսպես ասած՝ «դարի գործարքին», ապա պարոն Բագրատյանը մի քանի հարցեր առաջ քաշեց. «Որոտանի» մասով մեզ հուզում է վաճառքի գինը՝ 180 մլն դոլար, այն, որ փողը բյուջե չի մտնում, այն տնօրինելու է «Որոտան» ՀԷԿ-ը, եւ այն, որ գույքի վաճառքից հետո արդյոք «Որոտան» ՀԷԿ-ի վրա չկա՞ն վաճառքի ֆինանսական հին պարտավորություններ։ Այսպիսով՝ հսկայական եւ շատ արդյունավետ ժողովրդատնտեսական համալիրի վաճառքը մեզ ոչինչ չի տալու։ Բացի այդ՝ մեզ հուզում է, թե արդյոք այդ օբյեկտը շուտով չի՞ վերավաճառվելու ավելի բարձր գնով։ Կառավարության փաստարկը մեկն է. գործարքի արժեքը նրանում է, որ առկա է դիվերսիֆիկացիա. այս հզորությունները կապ չունեն ռուսների հետ։ Չեմ հասկանում՝ եթե սա է խնդիրը, ապա ռուսներին էլ մերժեք։ Ի վերջո՝ մենք ինքնիշխան պետություն ենք»։

Վերջին շրջանում տարբեր ուժերի իշխանափոխության «ախորժակը» մեծացել է, իշխանափոխության մասին խոսում են թե ընդդիմադիրները, թե ազատամարտիկները: Իշխանափոխության դեպքում հնարավոր կլինի՞ վերադարձնել ՀՀ-ին ռազմավարական օբյեկտները, թե՞, օրինակ, «Որոտանը» հավերժ կորցրինք, կամ գոնե գազային համաձայնագրերում ի շահ Հայաստանի փոփոխություններ կատարել, այս հարցերին էլ ի պատասխան՝ պարոն Բագրատյանն ասաց. «Ոչ մի բան էլ չի վերադառնալու։ Չէի օգտագործի հավերժ կորցնել բառերը։ Սակայն պետք է մտածել նոր էներգետիկայի մասին՝ արեւի ու քամու հիման վրա։ Ինչ վերաբերում է գազային համաձայնագրերում փոփոխությանը՝ չգիտեմ»:

Այսինքն՝ անգամ նոր իշխանություն ունենալու դեպքում էլ Հայաստանը առնվազն 3 տասնյակ տարիներ էներգետիկ անկախություն դժվար թե ունենա:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին ՀՀ կառավարության եւ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադի» միջեւ ստորագրվել է «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրի» գույքի առուվաճառքի պայմանագիր: Ըստ գործարքի՝ ամերիկյան ընկերությունը առաջիկա 6 տարիների ընթացքում պարտավոր է 70 միլիոն դոլար ներդնել «Որոտանի» հիդրոկայանների համալիրի արդիականացման եւ վերանորոգման համար: Ներդրումը կատարվելու է համաձայն նախապես ներկայացվելիք կապիտալ ներդրումների եւ ծախսերի ծրագրի, որը կքննարկվի եւ կհամաձայնեցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։ Վերջինս հաստատել է նաեւ այն սակագնային պլանը, ըստ որի՝ ընկերությունը կտնօրինի եւ կշահագործի «Որոտան» ՀԷԿ-երի համալիրը 25 տարի:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728