Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարելի էր տարրալուծվել «ձեռնպահների» բազմության մեջ ու աչքի չընկնել». «Հայոց աշխարհ»

Մարտ 29,2014 10:10

Եթե ոմանք մոռացել են
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի եւ նրանից արդեն առանձնացած Ղրիմի վերաբերյալ բանաձեւին Հայաստանի «դեմ» քվեարկելը բուռն ու բազմազան արձագանքների է արժանացել մեդիա դաշտում, վերլուծական, քաղաքագիտական, քաղաքական շրջանակներում, բլոգասոցցանցային տիրույթում:
Սկզբունքորեն տեղի է ունեցել այն, որ Միացյալ Նահանգներն ու իր դաշնակից պետությունները, խնդիր ունենալով ճնշել Ռուսաստանին, առաջ են հրել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչող եւ Ղրիմի ինքնորոշման հանրաքվեն անօրինական բնորոշող բանաձեւ:
ԱՄՆ-ի ու դաշնակիցների հետ, դրան «կողմ» է քվեարկել 100 երկիր, 58 երկիր «ձեռնպահ» է արտահայտվել, իսկ Հայաստանն ու շուրջ մեկ տասնյակ երկրներ էլ, որոնց շարքում, Ռուսաստանից բացի, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Վենեսուելան, Զիմբաբվեն եւ այլն «դեմ» են քվեարկել:
Հայաստանի դիրքորոշումը քվեարկությունից առաջ ներկայացրել է ՄԱԿ-ում մեր երկրի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, որը մասնավորապես հայտարարել է. «Հայաստանը տարիներ ի վեր հետեւողականորեն ու սկզբունքորեն հանդես է եկել ժողովրդավարության զարգացման, ազատությունների եւ իրավունքների, ներառյալ իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանության օգտին՝ որպես ՄԱԿ-ի կանոնադրության վրա հիմնված համամարդկային արժեքներ եւ սկզբունքներ, որոնք ընդունված են այս Համաժողովի կողմից»:
Հաջորդող արձագանքների մեջ ամենից հաճախ հանդիպող նշումն այն է, որ Հայաստանը կարող էր կամ պետք է «ձեռնպահ» քվեարկեր, «քաղաքակիրթ» Արեւմուտքի ուշադրությանը չարժանանար ու բացասական կամ կասկածելի ընկալվող երկրների հետ նույն շարքում չհայտնվեր: Կարճ ասած, կարելի էր տարրալուծվել «ձեռնպահների» բազմության մեջ ու աչքի չընկնել: Ի վերջո, փոքր Հայաստանը մոտ վեց տասնյակ երկրի մեջ ավելի քիչ կերեւար, քան տասնյակում:
Բայց, մյուս կողմից, Հայաստանն արդեն «իզգոյ» երկրների շարքը դասող վերլուծաբանները շրջանցում են «կողմ» քվեարկած երկրների ցանկը: Այնինչ այդ ցանկում էլ կարելի է նշել բազմաթիվ պետություններ, որ խիստ բացասաբար են ընկալվում, բռնապետություն են, մարդկության դեմ հանցանքներով են աչքի ընկել եւ այդպես շարունակ: Բայց, արի ու տես, «կողմ»-երից ոչ մեկն առանձնապես չի բարդույթավորվում այդ առումով։
Այս թեմայով, ի դեպ, երեկվա վայվլիկային արձագանքների ու ԱԳՆ քար լռության պայմաններում բավական ուշագրավ հայտարարություններով առանձնացավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, որը նշել է, որ Հայաստանի քվեարկությունը ճիշտ էր, քանի որ այդպես ավելի հստակ ներկայացվեց մեր պետության դիրքորոշումը. «Ձեռնպահը նույնն է, դրա համար ես ավելի շատ «դեմ»-ին եմ կողմ, միանշանակ կարելի է ասել կամ այս կողմ ես, կամ այն կողմ»։
Ավելին, ՀՅԴ ներկայացուցիչը նկատել է, որ «ձեռնպահ» քվեարկած 58 երկրների դիրքորոշումն էլ վկայում է, որ իրենք կողմ չեն ընդունված բանաձեւին. «Ուղղակի խոսքը հետեւյալի մասին է. ի վերջո, հանրաքվեն տեղի է ունեցել, թե չէ, մնացած հարցերի հետ գործ չունենք։ Իսկ Հայաստանը չի կարող դեմ լինել այն հանրաքվեին, որ իսկապես եղել է ժողովրդի կամքի արտահայտում։ Հնարավոր չէ, որ ժողովրդի երկու հատվածները ստիպողաբար միացվեն։ Ո՞ւմ համար է կասկածելի, որ 75% ռուսներ են ապրում Ղրիմում, ի՞նչ է նշանակում, ռուսները չե՞ն ուզում միանալ ռուսների հետ»:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը, հասկանալի է, չի ընդունում Արցախի եւ Ղրիմի խնդիրների նույնացման փորձերը, բայց նաեւ ընդգծել է, որ Հայաստանը չի կարող ասել, թե ինքնորոշման իրավունքի իրացումը սխալ է:
Նա նաեւ խոսել է «երկակի չափանիշների» մասին՝ մասնավորապես նկատելով. «Մնացածը քաղաքական շահեր են, որը բերել է երկակի ստանդարտների կիրառման։ Այդ նույն 100 երկրները, որոնք դեմ են եղել, ինչպե՞ս են բացատրելու, որ Կոսովոյին կողմ են եղել, իսկ Ղրիմին՝ դեմ։ Ինչո՞ւ, որ չի՞ բխում իրենց շահերից»:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31