Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի ցնցող հայտարարությունը. «Հայկական ժամանակ»

Մայիս 01,2014 11:33

՚ԲՀԿ-ականները երեկ, հասկանալով, թե ինչ անհարմար վիճակի մեջ են հայտնվել Գալուստ Սահակյանին միաձայն ԱԺ նախագահ ընտրելով, իրավիճակը շտկելու քայլեր էին ձեռնարկում։ Նրանք հայտարարում էին, որ թեեւ իրենք ազատ քվեարկություն էին հայտարարել, բայց առնվազն տասը ԲՀԿ-ականներ իրենց ձայնը տվել են ոչ թե Գալուստ Սահակյանին, այլ Հրանտ Բագրատյանին։ «Եթե որեւէ մեկի հնարամտությունը, ֆանտազիան կարող է թույլ տալ ենթադրել, որ, օրինակ, ես եւ հատկապես ես եւ նամանավանդ ես կարող էի երբեւէ քվեարկել Գալուստ Սահակյանի օգտին, ուրեմն խղճում եմ այդ մարդկանց՝ երեւակայության եւ գիտակցության առթիվ։ Նույնիսկ եթե անգիտակից վիճակում էլ լինեի, գիտակցությունս մթագնած լիներ, օրգանապես, ֆիզիկապես, ենթագիտակցաբար, ես չէի կարող քվեարկել նրա օգտին»,- մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ մամույի խոսնակ, ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Ըստ նրա, կոնկրետ ուղղվածության լրատվամիջոցները փորձում են ստվեր նետել իր եւ իր գործընկերների վրա։ «Ես պնդում եմ, որ 10-12-ից ոչ պակաս ԲՀԿ-ական պատգամավորներ քվեարկել են ոչ իշխանական թեկնածուի օգտին։ Իսկ ինչ վերաբերվում է մնացածին, ուրեմն, թվով 7 պատգամավորներ ՀՀԿ-ից բացել են քվեատուփը, մշակել ու հաշվել են այդ քվեաթերթիկները։ Բոլոր եզրակացություններն ու ենթադրությունները թողնում եմ հանրությանը»,- ասաց Ուրիխանյանը։

Այսինքն. դուք հիմա, փաստորեն, ՀՀԿ-ին մեղադրում եք ԱԺ նախագահի ընտրությունները կեղծելու մե՞ջ՝ մեր սույն հարցին ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես մեղադրանք չհնչեցրեցի։ Դուք փոխակերպեցիք, ես շատ ուղղակիորեն բերեցի տեղի ունեցածը»։ Մեր զրույցի շարունակությունն այսպիսին էր։

– Բայց հրապարակվել են կոնկրետ թվեր եւ իշխանության թեկնածուն ընդամենը 3 «դեմ» ձայն է ստացել, ուրեմն, ի՞նչ է տեղի ունեցել եւ ինչպես, ըստ ձեզ։

– Հասկացա, ընդունեցի ձեր հարցը, շատ ճիշտ հարց եք տալիս։ Այո, յոթ ՀՀԿ-ական առանց որեւէ այլ ներկայացուցչի բացել են, հաշվել են, ինչ են արել, չգիտեմ, եւ հրապարակել են այդ թվերը։

– Իսկ ինչո՞ւ ԲՀԿ-ն այդ դեպքում չգնաց հանձնաժողով եւ չմասնակցեց ձայների հաշվարկին, եթե մասնակցելու էր քվեարկությանը, ինչո՞ւ չփորձեց հետեւել, թե ինչ են անում իր ձայները։

– Որովհետեւ ոչ իշխանական բոլոր ուժերը որոշում կայացրեցին բոյկոտել հաշվիչ հանձնաժողովը։

– Այսինքն, կարելի է ասել՝ ԲՀԿ-ն չկարողացավ տեր կանգնել իր ձայներին, այդպե՞ս է:

– Ես չգիտեմ, հարց տվեք ՀՀԿ-ական հանձնաժողովականներին՝ ինչ են արել այդ ձայների հետ, հետո կշարունակենք։

– Դոփ տվե՞լ եք այդ հարցը իրենց։

– Այս մեկնաբանությունը այսօր ես հնչեցրել եմ հանձնաժողովի սեղանից 50 սանտիմետր հեռավորության վրա, մոտ 10-15 լրագրողների մոտ, իսկ հանձնաժողովից՝ լռություն:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031