Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկին այնքան շատ են տուգանում, որ չկարողանա շարունակել մրցակցությունը»

Մայիս 22,2014 14:25

«Օրենքի գերակա ուժը բոլորի համար պետք է հավասար լինի: Մարդիկ կան՝ տարբեր իշխանական թեւերի հետ ինտեգրված են, կապեր են օգտագործում, միջնորդում են կամ պատգամավորական մանդատի տակ են փորձում իրենց խնդիրները լուծել»,- «Գործատուների հանրապետական միության» նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը այսպես պատասխանեց մեր հարցին՝ ինչո՞ւ Հայաստանում տնտեսությունը չի զարգանում, ինչո՞ւ են մի շարք գործարարներ խուսափում հարկերը վճարել:
«Առավոտի» հետ զրույցում պարոն Մակարյանը բիզնեսի զարգացման թիվ մեկ խոչընդոտներից է համարում նաեւ անհավասար մրցակցությունը, որը, տնտեսագետի համոզմամբ, առաջանում է ստվերային ճանապարհով ապրանքների ներմուծումից, ստվերային արտադրանքներից կամ ստվերային աշխատուժից:

«Կամ մի գործարարին քիչ են ստուգում, մեկին շատ են ստուգում, կամ մեկին այնքան են տուգանում, որ արդեն չկարողանա շարունակել մրցակցությունը եւ այլն. դրանք անհավասար մրցակցության դեպքեր են»,- ասում է Գագիկ Մակարյանը: Ըստ նրա՝ մեր երկրում բիզնեսի արդյունավետությունը ցածր է, ինչի հետեւանքով էլ ցածր է արտադրողականությունը. «Հին տեխնոլոգիաներով են աշխատում, հին սարքավորումներով, մենեջմենթը ոչ բոլոր հիմնարկներում է բարձր մակարդակի վրա, աշխատուժի հետ կապված խնդիրներ կան, որոնք ձեռնարկություններում բերում են նրան, որ ընդհանուր արդյունավետությունը ցածր է լինում, ինչի պատճառով գործարարներն իրենց լրացուցիչ շահույթի կամ եկամուտների աղբյուրները որոնում են ստվերային ճանապարհով»:

Պարոն Մակարյանի կարծիքով՝ փոքր շուկա ունենալը նույնպես սրում է մրցակցությունը. «Մեր շուկան շատ փոքր է, դրան գումարած բնակչությունը պակասել է արտագաղթի պատճառով, գնողունակությունն ընկել է, որովհետեւ գնաճն ու մարդկանց եկամուտները համարժեք չեն, իսկ փոքր երկրներում էլ, երբ մի քանի արտադրող ավելանում է, կամ մի քանի ներմուծող է ավելանում, արհեստականորեն շատ սրվում է մրցակցությունը, եւ քանի որ մրցակցությունը մեզ մոտ ազնիվ չէ, հավասար չէ, իր հետ ծնում է լրացուցիչ խնդիրներ: Այստեղ շատ կարեւոր է մրցունակ արտադրանքների թողարկումը, եւ կարեւոր է, որ տնտեսությունը զարգացվի, որպեսզի ժողովրդի գնողունակությունը բարձրանա, զբաղվածությունը, աշխատավարձերը բարձրանան, որպեսզի ժողովրդի գնողունակությունը գոնե փոխհատուցի փոքր շուկայի նեգատիվ ազդեցությունը»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031