Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկային կորստի ցավը. հրադադար

Հունիս 06,2014 14:14 Share

«Հրաչիկս այնքան հպարտ էր ու այնքան խղճով…»

«Հրաչիկն ամաչկոտ, լռակյաց, բայց միեւնույն ժամանակ մարդամոտ ու չափից ավելի խղճով երիտասարդ էր». հարազատներն այսպես են բնութագրում Հրաչ Սարգսյանին: Նրա ընտանիքն ապրում է Գյումրիում ու չնայած սոցիալական ծանր պայմաններին` մայրը` Աիդա Սարգսյանը, պատմում է, որ որդին պատրաստ էր իր վերջին պատառը կիսելու հարեւանների հետ: «Կյանքում ոչ մի անգամ չի դժգոհել: Սխալվեիր, հարեւանի մոտ ընկերական կիսվեիր, թե էսօր հացի փող էլ չունենք կամ նպաստն էլ չտվեցին, Հրաչիկը էնպես կնեղվեր, կասեր` «թաշկինակդ վերցրու ձեռքդ ու մի քիչ էլ լաց»: Կնեղանար վրաս, թե՝ «որ բողոքեցիր, ի՞նչ շահեցիր»: Ահավոր չէր սիրում, շատ էր զայրանում, թե հարեւանը ինչի՞ պիտի իմանա`մենք փող ունե՞նք, թե՞ չունենք: Մի տարեց հիվանդ հարեւան ունեինք, դիմացի տանն էր ապրում, աղջիկը Ռուսաստանում էր, ինքը մենակ էր մնացել: Հրաչիկը նրա ունեցած ժանգոտ երկաթները կտաներ, կհանձներ ու փողը հարեւանին կտար», – պատմում է Աիդան:

Hrach-Sargsyan

Հրաչիկը սովորել է Գյումրու թիվ 6 վարժարանում: Աիդան պատմում է, որ թեեւ որդին միջակ սովորող էր, սակայն դպրոցում նրան շատ էին սիրում: Հետագայում ֆինանսական խնդիրների պատճառով Հրաչիկը չի կարողացել կրթությունը շարունակել, սակայն շատ հետաքրքրված է եղել համակարգչային ծրագրերով եւ փորձել է ինքնուրույն ձեռք բերել գիտելիքներ:

Մոր աչքերով, Հրաչիկը կատակասեր էր ու շատ ռոմանտիկ: «Սկեսրայրիս հորեղբոր տղան նկարիչ է: Նրանց պատերին լրիվ նկարներ էին, Հրաչիկը սիրում էր նայել այդ նկարներին ու բացատրել պատկերի իմաստը, գույները: Տղաս շատ էր սիրում նաեւ կենդանիներ: Փողոցում ապրող շներին էնքան էր հաց տալիս, որ մեր բակից հեռու չէին գնում: Անընդհատ կռվում էի հետը, ասում էի՝ Հրաչի՛կ ջան, սաղ օրը շան մազ ենք հավաքում… Խորհրդավոր ժպտում էր ու պատասխանում` մա՛մ, սոված են, մեղք չե՞ն: Մեկ էլ կտեսնեի շանը փողոցից գրկած բերում էր տուն: Ինքը նրբերշիկ շատ էր սիրում, բայց, նույնիսկ էդ մի տուփ նրբերշիկը, որ գնում էի իրա համար, ինքը կեսը պիտի տաներ շներին», – հիշում է մայրը:

Հարազատները պատմում են, որ Հրաչիկի նախասիրությունները տարբեր են եղել. շատ է սիրել ռոք երաժշտություն, արկածային կինոֆիլմեր, քանդակել է խաչքարեր, նկարչությամբ է զբաղվել, երբեմն էլ մսից յուրահատուկ ճաշատեսակներ է պատրաստել:
Տիկին Աիդայի ասելով՝ Հրաչիկը լռակյաց լինելով հանդերձ՝ «թնդացող» հումորներ է արել, որոնք, ըստ մոր, երբեք չեն մոռացվում: Հրաչիկը շատ ընկերներ ունի, նրանք հիմնականում իր համադասարանցիներն են, ովքեր մինչ օրս այցելում են Հրաչիկի ընտանիքին:
Այսպիսի մի պատմություն է հիշում մայրը. «Դասընկերներով գնացել էին էքսկուրսիա, ավտոբուսի մեջ կրակ էր կպել, լարերը վառվել էին, ավտոբուսն էլ գազով է եղել: Վարորդն ասել է` «էրեխե՛ք, թռե՛ք միջից, կարող է ավտոբուսը տրաքի»: Էրեխեքը, որ սկսում են փախչել, դասարանի աղջիկներից մեկին, փողոցով վազելիս, մի մեքենա խփում է ու փախնում: Բոլորը վախից փախնում են, նաեւ՝ ծնողները, ամեն մարդ իրա գլխի ճարն է տեսնում, որ հանկարծ ավտոբուսը չպայթի: Իսկ Հրաչիկը մի կերպ գրկում է այդ աղջկան, փողոց է դուրս գալիս, մեքենաների դիմաց է կանգնում ու գոռում` օգնե՜ք: Դասընկերուհուն նստացնում է մեքենա, տանում հիվանդանոց: Բժիշկների վրա էլ նեղացել էր, թե մի սայլակ չունե՞ք, որ վերեւ տեղափոխենք: Իր ոտքն էլ է վնասված եղել. արյունը կոշիկների մեջ է լցվել, բայց ինքը չի էլ զգացել: Ու հետաքրքիրն այն է, որ ինձ ոչինչ չէր պատմել: Մի քանի օր անց դասղեկը միամիտ զանգեց ու հարցրեց` ի՞նչ եղավ Հրաչիկի ոտքը, լավացա՞վ: Նոր իմացա, որ վթարի են ենթարկվել: Բայց, որպեսզի ես չանհանգստանամ, մյուս օրն իր դասընկերուհուն խնդրել է, որ զանգի ինձ ու ներկայանա որպես ուսուցիչ: Այդ աղջիկն էլ զանգել է ինձ ու իր մանկական ձայնով ասում է` տիկին Աիդա, դասղեկը շփոթել է, ինքը Հրաչիկի ոտքի մասին չէր հարցնում: Ծիծաղելով ասացի` աղջիկ ջա՛ն, դու դպրոցական դասատո՞ւ ես խաղում Հրաչիկի խրատով»:

Հրաչիկ Սարգսյանը զոհվել է 2012թ. հունիսի 4-ին, ադրբեջանական կողմի դիպուկահարի արձակած գնդակից: Նա 19 տարեկան էր:

«Մարդկային կորստի ցավը. հրադադար» ակնարկների շարքը պատրաստում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:
Եթե ունեք տվյալներ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհված զինվորների եւ քաղաքացիական անձանց մասին, ապա խնդրում ենք զանգահարել 098804800:
Ակնարկը պատրաստվել է բրիտանական կառավարության ֆինանսական աջակցությամբ։
Տվյալների հավաքագրմանն աջակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Առավոտ» օրաթերթ
05.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30