Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ առարկությունները երևի չեն հասել հանձնաժողով». «Հրապարակ»

Հունիս 07,2014 10:44

Երկու տարվա լիակատար «անգործությունից» հետո Սերժ Սարգսյանի ստեղծած Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը երեկ առաջին անգամ հիշեցրեց իր գոյության մասին՝ բնապահպանության նախկին նախարար, այժմ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի վերաբերյալ եզրակացություն կայացնելով: Հանձնաժողովը գտել է, որ վերջինը պաշտոնավարման ընթացքում «խախտել է էթիկայի կանոնները»: Երբ 2012թ. հունվարին ստեղծվեց այս հանձնաժողովը, հայտարարվեց, որ դրա գործունեության տիրույթը ներառելու է 500 բարձրաստիճան պաշտոնյաների գույքի եւ եկամուտների վերաբերյալ հայտարարագրերի վերլուծությունը եւ հրապարակումը, շահերի բախման դեպքերի եւ էթիկայի կանոնների խախտումների հայտնաբերումը եւ այլն: Երկու տարվա գործունեության արդյունքում, սակայն, ոչ մի խախտում կատարած պաշտոնյա չհայտնաբերվեց:
Թեեւ դիմումներ եղան, օրինակ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերաբերյալ: Պարզվեց, որ միայն Արամ Հարությունյանն է «խայտառակում ռեսպուբլիկան»: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշել է, որ Հարությունյանը մարտի 25-26-ին Երեւանում անցկացված միջազգային կոնֆերանսի ընթացքում խախտել է էթիկայի կանոնները՝ ակտիվիստներից մեկին ասելով. «Չափդ ճանաչի, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակոտ»:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը խնդրել էր վարույթ հարուցել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից պաշտոնավարման ընթացքում էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ: Ինչպես ԱԺ էթիկայի, այնպես էլ այս հանձնաժողովի որոշումները որեւէ իրավական հետեւանք չեն սահմանում, եզրակացությունն ընդամենը հրապարակվում է հանձնաժողովի կայքում: Թերեւս հենց սա է պատճառը, որ Արամ Հարությունյանն անգամ լուրջ չի վերաբերվել իր դեմ ներկայացված հայցին եւ առարկություններ չի ներկայացրել, չնայած մեզ հետ զրույցում հակառակը պնդեց: Ընդունո՞ւմ է նա, որ էթիկայի կանոնները խախտել է, թե՞ պատրաստվում է սահմանված մեկամսյա ժամկետում դատական կարգով վիճարկել վճիռը, փորձեցինք պարզել Արամ Հարությունյանից, ով սկզբում չցանկացավ խոսել, թե «100 օրվա լռություն պահպանելու իրավունք ունեմ», սակայն պատասխանեց որոշ հարցերի:

– Մեկամսյա ժամկետ ունեք՝ պատրաստվո՞ւմ եք որոշումը բողոքարկել, թե՞ համաձայն եք դրա հետ եւ վերանայելու եք Ձեր վարքը:

– Ես ուզում եմ հետեւյալ կերպ պատասխանել Ձեզ՝ վճռին ծանոթանամ, նոր կորոշեմ ինչ պետք է անեմ, իմ դիրքորոշումը կհայտնեմ:

– Հանձնաժողովը որոշել է, որ «Չափդ ճանաչի, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակոտ» արտահայտությամբ խախտել եք էթիկայի կանոնները, Դուք համաձայն չե՞ք:

– Ես Ձեզ պատասխանում եմ՝ նյութին կծանոթանամ եւ կորոշեմ իմ հետագա քայլերը ու նոր տեսակետ կհայտնեմ:

– Կարելի՞ է իմանալ, թե ինչու առարկություններ չեք ներկայացրել հանձնաժողովին, գուցե մինչեւ հանձնաժողովի վճիռն արդեն հասկացե՞լ եք, որ Ձեր արածը սխալ էր:

– Ես առարկություններ ներկայացրել եմ, ըստ երեւույթին՝ ուշ ա տեղ հասել կամ…, բայց առարկություններ եւ բացատրություններ ներկայացրել եմ: Կարող եմ դրանք անգամ Ձեզ տրամադրել, բայցեւայնպես, ներկայացրել եմ:

– Ի՞նչ առարկությո՞ւն եք, օրինակ, գրել: Ինչի՞ց դրդված եք նման արտահայտություն արել:

– Ես կրկնում եմ, որ առարկություններ ներկայացրել ենք, գուցե ժամկետների մեջ չենք տեղավորվել:

– Հա, բայց ի՞նչ եք ներկայացրել, Դո՞ւք եք անձամբ գրել այդ առարկությունները: Չե՞ք պարզել, թե ինչու տեղ չի հասել այն:

– Անհասկանալի հարցեր եք տալիս:

– Էթիկայի հանձնաժողովի եզրակացության համար, օրինակ, հիմք է հանդիսացել մամուլի հրապարակումներից մեկը:

– Ես բացատրությունները ժամանակին տվել եմ, դուք էլ մասնակցել եք, հանդիպել եմ մամուլի ներկայացուցիչների հետ եւ տվել եմ այդ անհրաժեշտ բացատրությունները, որը համարել եմ նպատակահարմար: Բայցեւայնպես, ներկայացրել եմ հանձնաժողով, երեւի, կրկնում եմ, չի հասել:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30