Լրահոս
Օրվա լրահոսը

Բեմում արցախյան վերածնված «Վարարակն» երգչախումբն էր

Սեպտեմբեր 13,2026 14:56 Share

Արցախում ազատագրական շարժմանը զուգահեռ ստեղծվում էին նաև մշակութային կառույցներ՝ ազդարարելով հայրենի երկրամասի անկախացումը։ 1990 թվականին Նինա Գրիգորյանի կողմից ստեղծվեց «Վարարակն» երգչախումբը, որն 8 տարի անց ստացավ պետական կարգավիճակ։

Արցախի հայաթափումից հետո երգչախումբը վերանալու վտանգի տակ էր, սակայն սեպտեմբերի 12-ին Երևանում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում համերգով հանդես եկավ «Վարարակն»-ը, որի գեղարվեստական ղեկավարն է Արմինե Յախշիյանը։

«Երաժշտական կամուրջ» ծրագրով հանդես եկավ երգչախումբը, որը վերածնվել և իր ստեղծագործական գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում շարունակում է «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության աջակցությամբ։

Համերգին ներկա էին «ԴԻԱԼՈԳ» ՀԿ նախագահ Յուրի Նավոյանը, ներկայացուցիչներ, դերասաններ, արցախցիներ, հյուրեր։ Ողջունելով ներկաներին՝ հաղորդավարն ասաց․ «Ուրախ ենք ողջունել ձեզ այս գեղեցիկ երաժշտական երեկոյին՝ «Երաժշտական կամուրջ» համերգին։ Այսօր բեմում երաժշտությունը միավորում է հիշողությունը, հայրենիքը, կարոտն ու ներկան։ «Երաժշտական կամուրջ» համերգային ծրագիրը միավորում է հայկական, ռուսական և եվրոպական երաժշտական մշակույթները՝ ստեղծելով տարբեր ազգային-երաժշտական ավանդույթների յուրահատուկ երկխոսություն»։

Համերգի ընթացքում հնչեցին հայ և համաշխարհային դասական երաժշտության ստեղծագործություններ՝ Կոմիտասի, Բաբաջանյանի, Պյոտր Չայկովսկու, Սերգեյ Ռախմանինովի, Սերգեյ Տանիևի և այլ հեղինակների ստեղծագործություններ։

Երգչախմբի դիրիժորն է Ժաննա Աղաջանյանը, նվագակցեց Նադեժդա Հակոբյանը։ Իրենց գեղեցիկ կատարումներով հանդիսատեսին ներկայացան մեներգիչներ Սևակ Ջանյանը՝ բարիտոն, Աննա Դանիլովան՝ մեցցո-սոպրանո և Լիլիթ Օսիպյանը՝ սոպրանո։ Ռուս և եվրոպական երգերից հետո երաժշտական կամուրջը ներկաներին տարավ Հայոց աշխարհ։

Առաջինը հնչեց Սերգեյ Աղաջանյանի «Պապիկ Մամիկ» երգը։ Աննա Դանիլովայի կողմից հնչեց Կոմիտասի «Իմ չինար յարը» երգը։ Հանդիսատեսը լսեց նաև Կոմիտասի այլ երգեր ևս՝ «Ամպելա կամար կամար», «Էրվում եմ էրվում» (մենակատար՝ Սևակ Ջանյան), «Սոնա յար» և այլն։

 

Արցախյան յուրաքանչյուր մշակութային խմբի ելույթ երևանյան բեմերում միշտ էլ դառնում է արցախցիների համախմբման առիթ։ Այս անգամ էլ շատերը տեսան իրար ու մտովի տանն էին։ Եվ նույն խմբերի ելույթները նաև հավատ են ներշնչում՝ կգա տունդարձի օրը։ Համերգի վերջում հաղորդավարը շնորհակալություն հայտնեց ներկաներին, կազմակերպիչներին։ Երգչախմբի ղեկավար Ա․ Յախշիյանը շնորհակալություն հայտնեց Յու․ Նավոյանին, ում անմիջական հովանավորությամբ է, որ արդեն մի քանի անգամ հանդես են գալիս երևանյան բեմերում։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել