Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Սամվել Բալասանյանը թուրքերին արգելեց պարել Վարդանանց հրապարակում. (Ֆոտոշարք)

Հունիս 11,2014 18:30

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկ պաշտոնապես արգելել է Հայաստանի և Թուրքիայի մի խումբ երիտասարդների համատեղ կազմակերպած «Ապրենք և պարենք միասին» մշակութային միջոցառման անցկացումը կենտրոնական Վարդանանց հրապարակում:

Պարոն Բալասանյանը, «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ նախագահ Արթուր Նաջարյանին գրավոր նամակում պատասխանել է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նպատակահարմար չի գտնում թուրքական մշակույթը քարոզող պարային միջոցառման անցկացումը Գյումրիում: Իհարկե, անկախ քաղաքապետի թույլ տալ-չտալուց երեկ այս միջոցառումը տեղի է ունեցել Գյումրիում գտնվող «Կազա» հիմնադրամի տրամադրած դահլիճում, իսկ այսօր` Վահրամաբերդում:

10462739_10203280835394830_1934978533363168794_n

Սակայն, քննարկելով Գյումրու քաղաքապետի մերժումը, Գյումրիում միջոցառման կազմակերպչական աշխատանքները համակարգող «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ նախագահ Արթուր Նաջարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գյումրու քաղաքապետարանից պաշտոնական մերժման նամակ ենք ստացել «Ապրենք և պարենք միասին» պարային-մշակութային ծրագիրը` Live and Dance Together: Armenia – Turkey Գյումրիում՝ ավելի հստակ հանրային տարածք Վարդանանց հրապարակում անցկացնելու հետ կապված։ Ըստ երևույթին, բարոյական չի համարվում, որ հայկական պարերի հետ նաև թուրքական պարերի ներկայացում տեղի ունենա Գյումրիում, որ դա հատկապես Ցեղասպանության 100- ամյակի ֆոնի վրա արդարացի չէ, և մենք, լինելով հայ, ինչպե՞ս կարող էինք նման աններելի քայլ կատարել` միջոցառումը բերելով Գյումրի։ Վայ աշխարհ-աշխարհ… Քաղաքապետարանի արտաքին կապերի բաժնից նաև հեռախոսազանգ ենք ստացել, և վերջինիս աշխատակցի կողմից եղել է առաջարկ՝ միջոցառումը Գյումրիում անցկացնելու թույլտվության համար դիմել մշակույթի նախարարություն։

Փաստորեն բանից պարզվում է, քաղաքս փափագում էր ռուսական շքերթի ականատեսը լինելու մասին, ու դա ավելի բարոյական էր հաաաա՞․․․
Նշեմ, որ «Ապրենք և պարենք միասին» պարային-մշակութային ծրագրի հիմնական նպատակն է ժողովրդական պարերի միջոցով հայ և թուրք երիտասարդների միջև երկարատև երկխոսության հաստատումը։

Արդեն 6 օր է` ինչ ծրագիրը մեկնարկել է, և հայ-թուրքական պարային ներկայացումները կայացել են Դիարբեքիր, Վան, Մուշ, Կարս քաղաքներում, այնուհետև շարունակվելու են Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան և Երևան քաղաքներում:

10465778_693833717363806_1392948966_o

 

Փաստորեն երկիրս աջ ու ձախ ծախվում է ռուսներին և դա բարոյական է, իսկ այն միջոցառումը, որը քարոզում է համերաշխություն և խաղաղասիրություն երկու ժողովուրդների միջև և կարող է ծառայել որպես այլընտրանքային միջոց՝ պատմության իրական փաստերը փոխանցելու հարևան երկրի երիտասարդներին, համարվում է ոչ պարկեշտ։ Հատկապես, որ բոլորս լավ քաջատեղյակ ենք Թուրքիայի որդեգրած՝ իրականությունը ժխտող քաղաքականության մասին, որի արդյունքում խաթարված է նաև տեղեկատվության ազատ մուտքի համակարգը, և թուրք երիտասարդները գրեթե ոչ մի հնարավորություն չունեն ստույգ աղբյուրներից իմանալ իրենց պատմությունը, և սա լավագույն առիթներից է մշակութային ծրագրերի միջոցով երիտասարդների միջև երկխոսությունների ստեղծման, տպավորությունների և պատմությունների կիսման, որոնք կարող են դրական փոփոխություն մտցնել առկա քարացած և կոնֆլիկտային իրավիճակում։

10465823_693833720697139_1345250307_o

Անկեղծ ասած նման դիրքորոշում չէի սպասում մեր քաղաքապետարանից, հատկապես որ մշակութային միջոցառումները միշտ են խրախուսվել այս կառույցի կողմից․․․
Նշեմ, որ միջոցառումն առանց խնդիրների անցկացվելու է Դիլիջան, Սպիտակ, Վանաձոր և Երևան քաղաքներում»։

10470738_693833710697140_2075651494_o

Aravot.am-ը այսօր Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանին հարցրեց, թե ինչո՞ւ է քաղաքապետ Սամվել Բալասանյանը պաշտոնական նամակով մերժել նման միջոցառում անցկացնելու առաջարկը Գյումրու կենտրոնական հրապարակում, ինչո՞ւ նպատակահարմար չի գտնում երիտասարդների միջև դարավոր թշնամանքի վերացումը:

10471365_693833704030474_29859558_o

«Ասեմ, որ մենք այս առաջարկը մերժելիս` լրատվամիջոցներից արդեն տեղյակ էինք, որ նման միջոցառումների անցկացումը Թուրքիայում ազգայնականների կողմից խոչընդոտների է հանդիպել, իսկ սա արդեն իսկ մեսիջ էր մեզ: Նման մշակութային միջոցառում անցկացնելը մեզ համար տարօրինակ չէր, բայց քանի որ կա Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ կապված հարց, բազմաթիվ քաղաքական հարցեր` կապված Թուրքիայի` միջազգային ասպարեզներում Հայոց ցեղասպանության ու հայկական մշակույթի հետ կապված պահվածքի հետ, ի վերջո այս ամենից պարզ է դառնում, որ քաղաքապետարանի դիրքորոշումը շատ ճիշտ էր»: Ըստ քաղաքապետի մամլո խոսնակի, ժամանակակից թուրքական պարարվեստն ու ժամանակակից թուրքական երաժշտություն կոչվածը մեծամասամբ ներառում է հայկական տարրեր, իսկ դրա վառ ապացույցը մեր ժողովրդական պարուսույցների գնահատականն է ժամանակակից թուրքական պարերին: Զոհրապ Եգանյանը` որպես ցեղասպանությունից մազապուրծ փրկված գերդաստանի զավակ, միամտություն համարեց այն գաղափարը, թե հայկական ու թուրքական այսպես կոչված ազգային պարերի բեմադրության միջոցով դարավոր թշնամանքը կհարթվի: Ըստ նրա, լրատվամիջոցները պետք է ճշտեին, պարերին մասնակցող թուրքերից, թե նրանք ընդունո՞ւմ են հայոց ցեղասպանությունը, թե`ոչ, ի՞նչ գիտեն ցեղասպանության մասին, եղե՞լ են Ծիծեռնակաբերդում, Հայոց ցեղասպանության թանգարանում, արդյո՞ք տեղյակ են, որ իրենց ազգի ներկայացուցիչները պետական մակարդակով 100- տարի առաջ հղի կանանց փորերը բացում ու դեռ չծնված երեխաներին մոր փորի մեջ սպանում էին: Զոհրապ Եգանյանը խիստ կասկածում է, որ տոնին մասնակցող թուրք երիտասարդները ընդունում են Հայոց ցեղասպանությունը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Aida Meliksetyan says:

    100 տարի անց պարարվեստի միջոցով հայ և թուրք ժողովուրդների միջև համերաշխություն կհաստատվի, և բոլորը կապրեն խաղաղ ու երջանիկ․․․
    Իմ համար գոնե անհասկանալի է թրքական պարերի բեմադրումը Գյումրու կենտրոնական հրապարակում, որքան էլ վեհ ու բարի մտադրությունների ներքո փորձեն այդ մատուցել։
    Եվ ինչու՞ զուգահեռներ անցկացնել բացասական երևույթների հետ։ Ռուսամետությունը, ռուսներին ծախվել կամ չծախվելը ի՞նչ կապ ունի այս միջոցառման հետ։ Վատից վատը գտնելը շատ հեշտ է, այլ հարց՝ վատին լավով հակադարձել․․․

  2. Armine says:

    Շատ էլ լավ են արել, որ չեն թողել, մնացել էր թուրքերը Գային քաղքիս կենտրոնում իրանց չեղած պարերը պարեին

  3. Hay Mard says:

    Թուրքական պարը ո՞րն է, էն կալբաստի կոչվող պարը, որ կատաղած ոչխարի պես թռվռում են, թե էն հունական մշակույթից վերցված սպիտակազգեստ տղամարդկանց պտույտը, թե հայկական քոչարիի աղավաղված ձևերը: Արթուր Նաջարյանի հակափաստարկն էլ նմանվում է այն բանին, երբ մեկը ռուսներին մեղադրում է ժողովրդներին ստրկացնելու մեջ, մեկ ուրիշը միանգամից հարձակվում է՝ բա տեսեք-տեսեք հրենին ամերիկացիք էլ են ստրկացնում: Էդ թուրքերն էլ մի մշակույթ ունեննան….

  4. Տիգրան says:

    Ինչո՞ւ Սամվել Բալասանյանը թուրքերին արգելեց պարել Վարդանանց հրապարակում

    Շատ լավ արեց, ու ափսոս, որ քիչ արեց: Կանչողները թող տանեին իրանց տները պարացնեին:

  5. Anahit says:

    Հենց այս պահին թուրք եւ հայ երիտասարդները գտնվում են ցեղասպանության թանգարանում եւ արցունքն աչքերին ուշի – ուշով հետեւում ամեն ինչին ((((( Հավատացե՛ք, իրոք ծանր տեսարան է՝ բոլոր առումներով ծանր…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30