Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանք գտնում են, բայց միեւնույն է, որոշում են արտագաղթել (Տեսանյութ) 

Հունիս 24,2014 14:24

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը բացասաբար է ազդել աշխատաշուկայի վրա, մարդիկ, երբ դիմում են աշխատանքի տեղավորման գործակալություններ՝ խնդրում են, որ իրենց գործատուն չգրանցի եւ աշխատեն թաքնված, որպեսզի թոշակի համար պարտադիր վճարում չկատարի: Սակայն, ինչպես այսօր «Ելակետ» ակումբում ասաց «Global Human Resources» ընկերության տնօրեն Նաթելլա Շահնազարյանը, գործատուները չեն ցանկանում թաքնված աշխատող ունենալ: Ըստ տնօրենի, անցել են այն ժամանակները, երբ գործատուն միմիայն ծանոթ-բարեկամների էր աշխատանքի վերցնում, ներկայումս կադրային քաղաքականությունը փոխվել է եւ գործատուները ավելի շատ գերադասում են այնպիսի մասնագետներ վերցնել, որոնք կբավարարեն ընկերության պահանջները: Ռեկրուտինգի մասնագետ Նաթելլա Շահնազարյանն ասաց, որ արտագաղթի հետեւանքով աշխատատեղերն ավելացել են: Ըստ նրա, այսօր, աշխատաշուկայում ավելի պահանջված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները, մատուցողները, այս կամ այն ոլորտում բանվորները, անգամ գործադիր տնօրենի թափուր աշխատատեղ են ունենում: Սովորական աշխատանքի տեղավորման գործակալություններից այս ընկերությունը տարբերվում է նրանով, որ դիմորդներից վճար չի գանձում եւ իր եկամուտը ստանում է գործատուներից:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ կոմերցիոն բաժնի ղեկավար Անաիդ Համբարձումյանն ասաց, որ իրենց դիմում են 60-65 տարեկան մարդիկ նույնիսկ, որոնց համար նույնպես գտնվում է աշխատանք: Ըստ Անաիդ Համբարձումյանի, այդ տարիքային խմբի մարդիկ ավելի պատասխանատվությամբ են մոտենում աշխատանքին:

Ընկերության պատասխանատուների խոսքերով նվազել է այն տենդենցը, երբ գործատուն 90-60-90 չափանիշներով աշխատակից էր ուզում, սակայն հիմա էլ գործատուները պահանջում են ունիվերսալ, այսինքն՝ միանգամից մի քանի աշխատանք կատարող մասնագետ:

Նաթելլա Շահնազարյանի խոսքերով, խնդիր է, որ շատ աշխատանք փնտրող քաղաքացիներ չեն ուզում իրենց վրա աշխատել եւ առանց համապատասխան գիտելիքի եւ մասնագիտացման տնօրենի գործ են ուզում:

Նշենք, որ ներկայումս այս ընկերության բազայում շուրջ 3000 աշխատանք փնտրող է գրանցված:

Aravot.am-ի հարցին՝ շատ հաճախ են աշխատանք փնտրողները դժգոհություն ներկայացնում, որ գործատուները 10-20 օր աշխատեցնում են ու ասում, որ նա պահանջներին չեն համապատասխանում եւ այդպես անընդհատ կադրային հոսք է լինում եւ գործատուի գործն էլ առաջ է գնում, Անաիդ Համբարձումյանն ասաց, որ պատահում են նման դեպքեր, սակայն իրենց կադրերի հետ դեռեւս այդպիսի խնդիրներ չեն առաջացել:

Մեր այն հարցին էլ, թե արտագաղթն ինչպե՞ս է անդրադառնում աշխատաշուկայի վրա, Նաթելլա Շահնազարյանն ասաց, որ լինում են դեպքեր, երբ աշխատանք փնտրողի համար գործ են գտնում, սակայն մեկ-երկու ամիս հետո մարդը որոշում է արտագաղթել:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30