Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանությանը կոնկրետ հրաման կա տրված». քաղաքացիներ

Հունիս 25,2014 15:51

Այսօր «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցավ քննարկում՝ հունիսի 23-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի՝ ոստիկանների կողմից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի գործադրման ու ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելու վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին իրավապաշտպան Տիգրան Եգորյանը, «Հասարակական պաշտպանների միության» գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը, ոստիկանության բաժանմունք բերման ենթարկված քաղաքացիներ Հայկ Ավետիսյանը և Սերգեյ Ղահրամանյանը: Քննարկմանը հրավիրված ոստիկանության ներկայացուցիչները մերժել էին հրավերը՝ իրենց ներկայությունը համարելով ոչ նպատակահարմար:

Սերգեյ Ղահրամանյանը հակիրճ ներկայացրեց օրվա միջադեպը. «Մեր բողոքի ցույցն ամբողջությամբ խաղաղ էր կազմակերպված: Շենքի մոտ հավաքվելով՝ մենք ցանկացել ենք մեր դժգոհությունն ու պահանջները հայտնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ: Երբ մոտեցանք շենքին՝ ոստիկաններն արդեն շղթա էին կազմել ՝ փակելով փողոցն ու շենքի հարակից տարածքը: Տպավորություն էր, որ հենց իրենք են փողոցը փակելու ակցիա կազմակերպել: Նույնիսկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտակայքում ապրող բնակիչներին թույլ չէին տալիս իրենց բնակարաններ բարձրանալ: Մեր ընկերներից մի քանիսը, շրջանցելով շղթան, մոտեցան շենքին, բայց նրանց միանգամից, առանց որևէ բան ասելու, բռնեցին ու ոստիկանական մեքենան նստեցրին՝ իհարկե բռնի ուժ կիրառելով: Մենք փորձեցինք նրանց դուրս բերել մեքենայից՝ փակելով ճանապարհի երթևեկելի հատվածը: Ոստիկաններին մոտեցավ Վալերի Օսիպյանն ու միանգամից կարգադրեց քշել ցուցարարներին՝ ասելով. «Անցեք վրեքներով» : Բոլորին սկսեցին ուղղակի շպրտել ոստիկանական մեքենաների մեջ՝ հաշվի չառնելով տարիք ու սեռ:

Դրանից հետո ցուցարարների մի մասով Սարյան փողոցում փորձեցինք նստացույց անել: Դա տևեց մոտավորապես հինգ րոպե, քանի որ ոստիկանները շղթայական կերպով նորից մեզ մոտեցան ու սկսեցին բերման ենթարկել՝ առանց որևէ բացատրության, մեր կողմից օրենքի որևէ խախտում նշելու: Միայն կրկնում էին, որ մենք ոստիկանի օրինական պահանջը չենք կատարում: Թե ինչ օրինական պահանջ չենք կատարում՝ այդպես էլ չհասկացանք: Մեզ բոլորիս ոստիկանական բաժանմունքում պահել են երեք ժամից ավելի՝ խախտելով օրենքը»:

Հայկ Ավետիսյանը կիսվեց իր մտահոգությամբ. «Տպավորություն է, որ ոստիկաններին հատուկ հրահանգ է տրված եղել՝ կոպտորեն ցրելու խաղաղ ցույցը: Մինչև այս ցույցն էլի են ցույցեր եղել: Ոստիկանների հետ ստացվել է ինչ-որ բան խոսել, պայմանավորվել, համաձայնության գալ: Բայց այս անգամ օգտագործեցին ամենակոպիտ միջոցները: Կրծքավանդակիս, բռնցքամարտիկի ուժգնությամբ ու ճշգրտությամբ, հարված եմ ստացել ոստիկանի կողմից: Քաղաքացիները պետք է հասկանան, որ իրենց առաջ մսաղաց է կանգնած, շատ դաժան ու ցանկացած միջոցի դիմող մեքենա: Ամեն դեպքում պետք է հնարավորինս խուսափել ոստիկանին հարվածելուց, կամ լեզվակռվի մեջ մտնելուց: Իրենք մեզ հրահրում են, որ արդարացնեն քաղաքացիներին՝ ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելը»:

Իրավապաշտպան Տիգրան Եգորյանը նշեց, որ քաղաքացիներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ օգտագործելով հավաքներ անցկացնելու իրենց իրավունքը, բայց տվյալ պարագայում այդ իրավունքը ոտնահարվել է իշխանությունների կողմից՝ անհամաչափ ուժ կիրառելու միջոցով: Ոստիկանությունը խնդիր է ունեցել՝ ճնշելու ու վախեցնելու առավել ակտիվներին՝ փորձելով «հյուծել» ու ցրել հավաքը: Իրավական բոլոր հայեցակարգերն էլ ձևական են ու քողարկում են բուն նպատակը: Իրավապաշտպանը ցանկացավ հիշեցնել, որ ոստիկանության բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք առանց իրենց պահվածքի մեջ խտրականություն դնելու փորձում են ծառայություններ մատուցել, կարող են արժանանալ Տիգրան Սարգսյանի ճակատագրին:

Արամ Գրիգորյանը հավելեց. «Հանրային ծառայությունը մի ոլորտ է, որտեղ սակագնային քաղաքականության որևէ փոփոխություն ազդում է Հայաստանի ամբողջ տնտեսական վիճակի վրա: Սպառողների եկամուտների որոշակի չափով պակասեցումը շղթայական կերպով բերելու է գնաճերի. եթե գյուղացին ավելի շատ է վճարում էլեկտրաէներգիայի դիմաց, ապա իր ստացած գյուղատնտեսական մթերքն էլ սկսելու է ավելի թանկ գնով վաճառել: Քանի որ Հայաստանում տնտեսությունը զարգանում է ոչ թե տնտեսական մեխանիզմներով, այլ մոնոպոլիայով, քաղաքական ուղղվածություններով, ապա ցանկացած փոփոխություն, այսպես թե այնպես, բերելու է գնաճերի: Որովհետև մենք չունենք տնտեսական շուկա, որ կարողանանք կարգավորել գնային աճը: Տարիների փորձը ցույց է տվել, որ որևէ օլիգարխիկ, մենաշնորհային տնտեսվարող իր ծախսերը փակում է ոչ թե շահույթների, այլ ինքնարժեքների հաշվին»:

Սերգեյ Ղահրամանյանն ու Հայկ Ավետիսյանը տեղեկացրին, որ շաբաթ օրը Մաշտոցի պուրակում կլինի հանրային քննարկում, որտեղ կքննարկվեն հետագա անելիքները:

Սյունե Սևադա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30