Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. «Ոստիկանությունը կանգնել նայել է, թե ինչպես է իրավախախտում կատարվում»

Հունիս 26,2014 17:49

 

Ոստիկանությունը բողոքի ակցիայից 15-20 րոպե հետո է բերման ենթարկել ակտիվիստին

Այսօր՝ հունիսի 26-ին, Երեւանի Վարչական դատարանում դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ տեղի ունեցավ քաղաքացիական ակտիվիստ Սեւակ Մամյանի գործով դատական վերջին նիստը: Նիստի ընթացքում դատարանը լսեց վկաներ Վահե Գեւորգյանի եւ Սոնյա Մսրյանի ցուցմունքները եւ կատարվեց  ապացույցների հետազոտւթյուն:

Դավիթ Գեւորգյանը նշեց, որ այդ օրը իրենք՝ ինքը, Սեւակ Մամյանը եւ Սոնյա Մսրյանը, որոշել էին իրենց բողոքն արտահայտել «Փարքինգ սիթի սերվիս»ընկերության կատարած կարմիր գծանշումների դեմ՝ Երեւանի քաղաքապետարանի մայթից կես մետր հեռավորության վրա կատարելով գծանշումներ: Նրա խոսքերով՝ այդ ընթացքում ոստիկաններ են իրենց մոտեցել եւ ասել՝ «չի՛ կարելի, մի՛ արա». «Ես անձամբ տեսել եմ, թե ինչպես է Սեւակն այդ ոստիկաններից պահանջում իրավական հիմքերը, սակայն ես չեմ լսել, որեւէ իրավական հիմք իրեն ներկայցնեն: Դրանից հետո ոստիկանները, նրա ձեռքերը բռնելով, ցանկանում էին խոչընդոտել մեր ակցիան»:

Դավիթ Գեւորգյանը հայտարարեց, որ այդ պահից 30-40 րոպե հետո իրեն մեքենայի մեջից բերման են ենթարկել, իսկ Սեւակ Մամյանին՝ 1 ժամ հետ, այսինքն՝ ինքը չի տեսել, թե ինչպես են  Սեւակ Մամյանին բերման ենթարկում: Նա տեսել է Սեւակ Մամյանին միայն ոստիկանության բաժանմունքում, որտեղ էլ իրենց իրավունքները իրազեկելուց չեն տեղեկացրել, որ իրենք պաշտպան ունենալու իրավունք ունեն:

Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանի հարցին, թե նա տեղյա՞կ է, օրենքի սահմանված կարգով, ո՞վ իրավունք ունի գծանշումներ կատարել, Դավիթ Գեւորգյանը պատասխանեց, որ տեղյակ է. «Դա ընդամենը բողոքի ակցիա էր, մեր առօրյա պահանջը, եւ շատ շուտով այդ գծանշաններն անցնելու էին: Եվ դեպքից 10 րոպե հետո, երեւի թե քաղաքապետարանի աշխատակիցները, եկան եւ սեւ գույնի ներկանյութով վրայից ներկեցին»:

Սոնյա Մսրյանն էլ հայտարարեց, որ ոստիկաններն պարզապես՝ առանց որեւէ իրավական հիմք ներիկայացնելու պահանջել են՝ դադարեցնել իրենց ակցիան: Անդրադառնալով Սեւակ Մամյանին բերման ենթարկելուն՝ նա վստահեցրեց դատարանին, որ ոստիկանները ոչ միայն չեն ներկայացել, այլեւ չեն ներկայացրել ակտիվիստին նրա իրավունքները. «Ես նույնպես կատարել եմ նույն արարքը, բայց ինձ բերման չեն ենթարկել: Դեպքից մոտավորապես 15-20 րոպե հետո Սեւակ Մամյանը պարզապես կանգնած էր ոտսիկանները՝ առանց ոչ մի բան ասելու գրկեցին տարան»:

Դատական նիստի ընթացքում նիստի մասնակիցները դիտեցին բողոքի ակցիայի մասին տեսանյութ , որտեղ երեւում էր, թե ակտիվիստներն ինչպես են գծանշումները կատարել եւ ինչպես են ոստիկանները նրանց բերման ենթարկել:

«Գծանշումն արդեն ավարտվել էր, եւ Սեւակ Մամյանը նույնիսկ հարցազրույց է տվել՝ բացատրելով իրենց ակցիայի նպատակները: Այսինքն՝ ոստիկանությունը կանգնել նայել է, թե ինչպես է իրավախախտում կատարվում եւ ակցիայի վերջանալուց 15-20 րոպե հետո նոր բերման է ենթարկել նրան»,- հայտարարեց Սեւակ Մամյանի ներկայացուցիչ Անի Վարդանյանը:

Aravot.am-ի հետ զրույցում Անի Վարդանյանը հայտարարեց, որ կարծում է դատավորը օբյեկտիվ էր եւ համապատասխան վճիռ է ակնկալում. «Տեսագրությունն էլ փաստում է, որ Սեւակ Մամյանը ոչ մի խախտում չի կատարել: Կարծում եմ, դատարանը կմերժի ոստիկանությանը հայցը՝ բավարարելով Սեւակ Մամյանի հակընդդեմ հայցը»:

Դատարանը վճիռը կներկայացնի սույն թվականի հուլիսի 17-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30