Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ լրագրության ոլորտում կանոնակարգում մտցնելուց առաջ նույնը չփորձել անել բուն խորհրդարանում. «Ազգ»

Հուլիս 05,2014 10:30

Խոսակցություններ կան, որ խորհրդարանում պատրաստվում են վերանայել լրագրողներին հավատարմագրելու կարգը: Ըստ այդմ, խորհրդարանի աշխատանքները լուսաբանելու համար այլեւս բավարար չէ պարզապես լրագրող լինելը, լրագրողի ու նրա ներկայացրած լրատվամիջոցի ցանկությունը, դիմումը` ԱԺ-ին: Ըստ նոր` հավանական կարգի, խորհրդարանում աշխատող լրագրողը պետք է ունենա նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ:

Ըստ էության, մոտեցումը հասկանալի է, ավելին` ընդունելի: Օրինակ` խորհրդարանում իմ հավատարմագրման վկայականը 198-րդ համարն ունի: Սա նշանակում է, որ այս պահին ԱԺ-ում հավատարմագրված ենք նվազագույնը 198 լրագրողներ, այդ թվում` օպերատորներ, անշուշտ: Այսինքն խորհրդարանական լարված քառօրյաների օրերին, ԱԺ-ում ավելի շատ լրագրող է աշխատում, քան բուն խորհրդարանի աշխատակիցներն են` 131 պատգամավորների գլխավորությամբ: Այս առումով, ընդունելի է խորհրդարանի ղեկավարության մոտեցումը` հնարավորինս կրճատելու հավատարմագրված լրագրողների թիվը, եւ դա անել` ի հաշիվ սկսնակ լրագրողների: Համաձայնեք, ոչ մի նորմալ երկրում լրատվամիջոցն իր սկսնակ` 3-4 տարվա աշխատանքային փորձ ունեցող լրագրողին չի հավատարմագրի` երկրի գլխավոր օրենսդիր մարմնի աշխատանքները լուսաբանելու համար:

Խնդիրը բոլորովին այլ տեղ է: Նախՙ խորհրդարանի ներկայիս որակի մեջ: Ո՞վ ասաց, եւ ինչի՞ հիման վրա ասաց, որ այսօրվա պատգամավորները` ընդհանուր առմամբ, խորհրդարանում ծավալվող քննարկումները, օրենսդիր մարմնի ընդհանուր քաղաքականությունն իր որակով ավելի բարձր է այնտեղ հավատարմագրված լրագրողների աշխատանքային, պրոֆեսիոնալ ընդհանուր որակից, կամ ո՞ւր են փաստերը, որոնք կապացուցեն, որ պատգամավորների` խորհրդարանական բառապաշարը էականորեն տարբերվում է` դրական իմաստով, «որոշ լրագրողների նյութերում տեղ գտած բառապաշարից»: Հետեւաբար, ինչո՞ւ լրագրության ոլորտում կանոնակարգում մտցնելուց առաջ նույնը չփորձել անել բուն խորհրդարանում:

Բայց ամենաուշագրավը անձամբ Գալուստ Սահակյանի հիմնավորումն է` լրագրողների հավատարմագրման կարգի փոփոխության առնչությամբ: ԱԺ նախագահը «Ազգ»-ին տված իր վերջին հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նման հավանական որոշումը, ասել է. «Որ նիստների դահլիճից, երբ պատգամավորները դուրս են գալիս` մի բաժակ սուրճ խմելու, կամ իրենց սենյակներից մի փաստաթուղթ վերցնելու` դուրս գալուն պես լրագրողները չհարձակվեն…»: Չի բացառվում, որ խորհրդարանում լուրջ մոնիտորինգ է անցակցվել, որով պարզվել է, որ հնգամյա աշխատանքային փորձ չունեցող լրագրողները` «հարձակվում են», իսկ նրանք, ովքեր հինգ տարուց ավել այդ դաշտում են` ոչ:

Եթե ավելի լուրջ, ապա տպավորություն է ստեղծվում, հատկապես այս հիմնավորումից հետո, որ խորհրդարանում լրագրողների թվի կրճատման հավանական որոշման հիմքը ոչ թե բացառապես ավելի փորձառու լրագրողներին խորհրդարան թողնելն է, այլ որոշ պատգամավորների (անգամ փորձառու պատգամավորների) լեզվական, տեխնիկական, քաղաքական կիքսերը ծածուկ պահելու հավանականության բարձրացումը` «որքան քիչ վկա, այնքան լավ» սկզբունքով:

Հովիկ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031