Լրահոս
Օրվա լրահոսը

Ում, ինչպես եւ ինչի համար են հավաքագրում հատուկ ծառայությունները

Հուլիս 08,2014 13:06

Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են ԱԱՊՎ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը եւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Արամ Աբրահամյան.– Երկուսդ էլ հավանաբար լսել եք կամ շարադրանքը կարդացել եք այն ձայնագրության, երբ երկու երիտասարդ խոսում են, մեկը` լրագրող է եւ «Ժառանգության» վարչության անդամ, մյուսը պարզ չէ, թե ով է: Արդյոք դուք կարո՞ղ եք պնդել, որ դա ԱԱԾ-ի կողմից հավաքագրման փորձ էր:

Գուրգեն Եղիազարյան.- Ոչ, ես այդ ձայնագրությամբ չեմ կարող ասել, որ դա հավաքագրման փորձ է, մենք չգիտենք՝ աշխատակից է, թե ոչ, եւ ենթադրությունների վրա հիմնված ինչ-որ մի բան ասել չեմ կարող: Ուղղակի մի բան կա, որ եթե խոսքը գնում է ընդհանրապես հավաքագրման մասին, ես ասել եմ իմ կարծիքը՝ չկա պետություն, որ հավաքագրում չի անում, եւ բերեմ մի դասական օրինակ` մի հավաքագրմամբ, ասենք թե, երկիր կործանվեց` Խորհրդային Միությունը: Հիմա այս պարագայում կասեմ, որ վերջերս պարզվեց, որ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները հավաքագրել էին Բեենդեի սպայի, դա Գերմանիայի արտաքին հետախուզությունն է: Այսինքն` բարեկամ երկիրը բարեկամ երկրի մեջ հավաքագրում է անցկացնում:

Վարդան Հարությունյան.– Ամենայն հավանականությամբ` դա հավաքագրում էր, ես հակված եմ այդպես կարծելու, բայց դրա համար, ամեն դեպքում, ապացույցներ են պետք, որ 100 տոկոսով հայտարարվի: Բայց խնդիրը նույնիսկ այդ ձայնագրությունը չէ: Իհարկե, ճիշտ է` աշխարհի բոլոր հատուկ ծառայությունները զբաղված են հավաքագրմամբ: Այլ խնդիր է` ինչ նպատակով, ինչ գործառույթներով եւ ինչի համար են հավաքագրում: Օրինակ` անկախ Հայաստանի Հանրապետությունում զբաղվել հավաքագրմամբ օրինական գործող կուսակցություններում, նրանց վարչությունների անդամներին հավաքագրել, նրանց անդամներին հավաքագրել, որպեսզի հատուկ ծառայությունները կարողանան խառնվել քաղաքական գործընթացներին, դա չի կարելի, դա օրենքով արգելված է: ՀՀ հատուկ ծառայությունների խնդիրն է ընդամենը ՀՀ ազգային անվտանգության ապահովումը, նրանք պետք է զբաղվեն Հայաստանի պետության պաշտպանությամբ, ոչ թե` մի կուսակցությունում կամ մեկ այլ հասարակական շարժման մեջ ունենալ գործակալ: Ինչ վերաբերում է գործակալ ունենալուն` ուզում եմ տարանջատում մտցնել` գոյություն ունեն մարդիկ, ովքեր աշխատում են պետական անվտանգության շրջանակներում, պետական անվտանգության համար, դա մի բան է, մի այլ բան է, երբ մենք հաճախ ասում ենք՝ գործակալ, խոսքը վերաբերում է այն մատնիչներին, որ զբաղվում են մատնագրեր գրելով, այսինքն` դա բոլոր նորմալ հասարակությունների մեջ, բոլոր նորմալ մարդկանց կողմից դատապարտելի է:

Ա. Ա.– Համաձա՞յն եք:

Գ. Ե.- Օրինակ` կուսակցությունը, որն իր գործունեությունն է ծավալել տվյալ երկրի սահմաններում լրիվ օրինական, բայց չէ՞ որ կարող են այդ կուսակցություն մուտք գործել մարդիկ, օրինակ` մեզ ոչ այնքան բարեկամաբար տրամադրված մի երկրից` Թուրքիայից, եւ պետք է այնտեղ անվտանգությունը ունենա որոշակի դիրքեր, որպեսզի հաղթահարի նման մուտքերը: Այդ կուսակցականները պատրաստ չեն օպերատիվ աշխատանքի, չգիտեն, թե ինչ կարող է թշնամին անել, ոնց կարող է իրենց կուսակցության ներսում ուղղորդել մեր երկրի դեմ, ես պետք է ունենամ օպերատիվ, որոշակի հիմքեր, որպեսզի կարողանամ դրան դիմակայել: Ես ասում եմ դասական տարբերակը, ես գտնում եմ, որ դա պետք է արվի այդ պատնեշը օտարերկրյա հետախուզությունների դիմացը առգրավելու համար:

Վ. Հ.– Ազգային անվտանգության ծառայությունը պետք է զբաղվի հակահետախուզությամբ եւ տրանսպորտում, եւ փողոցում, եւ կուսակցություններում՝ ամենուր, բայց կուսակցությունների անդամներին հավաքագրել եւ ընդհանրապես այս թեմայով խոսելիս` վերանալ հայկական իրականությունից՝ չի կարելի: Հայաստանում չկա Ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանում այն չի ծառայում պետությանը, դա ծառայում է օրվա իշխող կուսակցությանը եւ օրվա իշխող կուսակցապետին: Այդ կառույցը լիարժեք չի կարող զբաղվել գործառույթներով, իրականացնել դրանք, ասենք` պաշտպանել պետական անվտանգությունը լրտեսներից կուսակցություններում կամ ոչ կուսակցություններում: Նրանք այսօր զբաղված են, գոնե մենք գիտենք մեր վերջին փորձից, թե այդ ԱԱԾ-ն ինչ խնդիրներ է իր առաջ դրել եւ ինչ եղանակներով են լուծել, դրա զոհերը մենք բոլորս ենք եղել:

Քննարկումն` ամբողջությամբ

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    ԱԱԾ, քանի տոհմից սերված , գաղափարի միտված խմբակցությունից ես բաղկացած:Այդ հարցի պատասխանը երբ իմանաս հաստատ ԱԱԾ կլինես և ոչ թե կձգտես համազգային կառույց լինել, ընդարձակվել ինչպես սարդոստայն:Հայերին տաք պահեք, ,,Իվանովները,, չմրսեն:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031