Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենամեծ նվերը՝ մնջախաղի թատրոնին

Հուլիս 12,2014 13:45

Ժիրայր Դադասյանը ակնկալում է,
որ հոբելյանական տարում վերջապես կլուծվի թատրոնի տարածքի հարցը

Մնջախաղը Հայաստանում դարերի պատմություն ունի. գրավոր աղբյուրներում եւ ձեռագիր մատյաններում հանդիպում ենք բազմաթիվ վկայությունների: Թերեւս ամենաարժեքավոր հիշատակությունը պատկանում է Խորենացուն՝ պալատական խնջույքի ժամանակ Նազենիկ անունով վարձակը իր խաղով գերել էր հայոց արքային: Այս կերպարը հետագայում ներշնչման աղբյուր է հանդիսացել շատ ու շատ ստեղծագործողների համար: Նոր ժամանակներում մնջախաղի արվեստի վերազարթոնքը մեր իրականության մեջ կապվում է անվանի մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի անվան հետ: Քչերին է հայտնի, որ Ենգիբարյանը կյանքի վերջին տարում հեռանալով կրկեսից, ստեղծեց իր թատրոնը: Հաջորդ տարի արվեստագետի 80-ամյակն է: Այս տարի էլ Երեւանի մնջախաղի պետական թատրոնի՝ 40-ամյակը:

Անցած ժամանակահատվածում այս թատրոնը մասնակցում էր բազմաթիվ փառատոների, շահում դափնիներ: Անվանի շատ արվեստագետներ բարձր են գնահատել հայ մնջախաղացների արվեստը: Մեջբերենք միայն մեկ կարծիք՝ Արկադի Ռայկինինը. «Մնջախաղի բազմաթիվ թատրոններ ու խմբեր եմ տեսել, սակայն երեւանյան մնջախաղն անսխալ կտարբերեմ հարյուրավորների մեջ»: Սա խոսում է նաեւ թատրոնի ոչ միայն դերասանների, այլեւ ճիշտ ընտրված խաղացանկի մասին: Վերջինս, շնորհիվ այս թատրոնի ստեղծողների՝ Արսեն Փոլադովից մինչեւ Յուրի Կոստանյանի, ապա թատրոնի ներկայիս գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի, որը 1998թ.-ից, հենց Կոստանյանի առաջարկով, ղեկավարում է մշակութային այս օջախը:

Մնջախաղի թատրոնի ստեղծագործական կյանքում հատկանշական է 2008թ., երբ Ծաղկաձորում հիմնադրվեց մնջախաղի թատրոնների միջազգային փառատոն եւ անցկացվում է երկու տարին մեկ, իսկ 2010-ից էլ փառատոնը կրում է Լեոնիդ Ենգիբարյանի անունը: 2012թ. Ծաղկաձորում բացվեց Ենգիբարյանի արձանը (քանդակագործ՝ Դավիթ Մինասյան):

Իտալիայի «Լռության թատրոն» խմբի 2008թ. ծաղկաձորյան բեմադրությունից հետո մեր իրականություն ներմուծվեցին ամբողջովին սպիտակ, շարժվող «քանդակները», որոնց այսօր էլ հանդիպում ենք տարբեր միջոցառումների ժամանակ, այդ թվում՝ հարսանյաց հանդեսներին, տեսահոլովակներում:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը (լուսանկարում) մեր հարցին ի պատասխան՝ թե հավանաբար թատրոնի եւ Լեոնիդ Ենգիբարյանի հոբելյանները կնշվեն միասին, ասաց. «Ոչ, դրանք կնշվեն առանձին-առանձին: Հավանաբար ընթացիկ տարվա վերջում կնշվի թատրոնի հոբելյանը եւ առաջին անգամ կհրատարակվի մեր թատրոնի եւ ընդհանրապես Հայաստանում դարերի պատմություն ունեցող մնջախաղը ներկայացնող գիրք-ալբոմ»:

Այս տարվա օգոստոսի 10-14-ը Ծաղկաձորում կայանալիք միջազգային 4-րդ փառատոնի առիթով էլ մեր զրուցակիցը նշեց, որ 2008-ից մինչ օրս փառատոնին մասնակցել են ավելի քան 20 երկրների թատերախմբեր, ինչպես նաեւ հայաստանյան խմբեր ու անհատ կատարողներ: «Այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել Ճապոնիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Թաիլանդից, Գերմանիայից, Իրանից եւ Վրաստանից՝ անհատներ ու թատերախմբեր: Մեծ ուշադրություն ենք դարձնելու վապետության դասընթացների անցկացմանը ինչպես պրոֆեսիոնալների միջեւ, այնպես էլ հանդիսատեսի»,- հավելեց նաեւ փառատոնի գործադիր տնօրեն պարոն Դադասյանը:
Պետությունն, ի դեմս մշակույթի նախարարության, պաշտպանության տակ է վերցրել մնջախաղի թատրոնի գործունեությունը, դրանով իսկ ապահովելով այս ժանրի զարգացումը ընդհանրապես, բայցեւայնպես մի կարեւոր խնդիր այդպես էլ լուծում չի ստանում, այն է՝ թատրոնի անխափան կենսագործունեության համար անհրաժեշտ տարածքի խնդիրը: Թատրոնի համար հոբելյանական տարին գուցե նշանավորվի սեփական շենք ունենալով: Այս դիտարկման առիթով մեր զրուցակիցը պատասխանեց. «Անկասկած, դա կլինի ամենամեծ նվերը: Եթե դուք ակնարկում եք մշակույթի նախարարությանը, ապա պետք է հավաստիացնեմ, որ գերատեսչությունը իսկապես մեր կողքին է, առանց որի աջակցության՝ հնարավոր չէր լինի ներկայացումների իրականացումը, էլ չեմ խոսում միջազգային բնույթի միջոցառումների մասին,- նշեց Ժիրայր Դադասյանը, ապա մանրամասնեց,- նախկին գլխավոր ճարտարապետ, այժմ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հետ քննարկել ենք թատրոնի շենքի հնարավոր տարբերակները Հյուսիսային պողոտայում: Այժմ այդ գործընթացը, ըստ իս, ավարտական փուլում է: Հույս ունենանք, որ շատ շուտով հնարավոր կլինի արձանագրել, որ երկա՜ր տարիների մեր ցանկությունը իրականություն է դարձել»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031