Լրահոս
Օրվա լրահոսը

Հռիփսիմե Հովհաննիսյան. «Առավոտը» մի աշխատավայր է, որտեղ մշտապես գնահատվում եւ ընդունվում են նոր գաղափարները»

Հուլիս 27,2014 18:20

«Առավոտում» աշխատանքի ընդունվելը համարում եմ կյանքիս կարեւորագույն իրադարձություններից մեկը: Դեռ համալսարանի առաջին կուրսում սովորելիս, երբ հարցնում էին՝ որտե՞ղ կուզեի աշխատել, ու բոլորին թվում էր, թե մի հեռուստաընկերության անուն կասեի, մի հաղորդման մասին կխոսեի, ասում էի՝ ուզում էմ «Առավոտում» աշխատել՝ ինձ համար աշխարհի ամենալավ լրատվամիջոցում: Ասում էի ու մտքովս անգամ չէր անցնում, թե կյանքն ինձ համար ինչ հրաշալի անակնկալ է պատրաստել:

Երրորդ կուրսում արդեն «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը դասախոսում է համալսարանում, եւ մեծ բարեբախտությամբ ես դառնում եմ նրա ուսանողուհին: Մեկ տարի տեւած Արամ Աբրահամյանի լրագրության վարպետության դասերը ամենահետաքրքիրներից էին, որոնց մասին անընդհատ կարելի է խոսել, բայց դա մի ուրիշ անգամ:

Հիմա ես «Առավոտի» լրագրող եմ, արդեն չորս տարի, ու ամեն անգամ այս նախադասությունը ասելիս հիշում եմ, թե ինչպես անվճռական, բայց հույսով մտա «Առավոտ» ու պարոն Աբրահամյանին խնդրեցի, որ լինեմ օրաթերթի լրագրող (մինչ այդ թղթակցել էի, բայց իմ ուզածը «Առավոտի» լրագրող լինելն էր): Ամբողջ գիշեր չէի քնել, երկար-բարակ տեքստեր էի նախապատրաստել, թե ինչ պիտի ասեմ, ինչպես պիտի աշխատանք խնդրեմ ու այսպես, երբ արդեն նստած էի պարոն Աբրահամյանի դիմաց, ու սովորականի պես ինձ հարցրեց իմ գործերից՝ ի՞նչ եմ անում, ինչպե՞ս եմ, ասացի.
– Դե ավարտեցի համալսարանը, հիմա աշխատանք եմ փնտրում:

– Հա, իսկ որտե՞ղ ես ուզում աշխատել,- հարցրեց ինձ պարոն Աբրահամյանը:

– «Առավոտում»,- միանգամից դուրս եկավ բերանիցս, ու ես ինքս էլ զարմացա, թե ինչքան հեշտ ստացվեց ամեն ինչ, իսկ ես մի ամբողջ «ելույթ» էի պատրաստել:

– В принципе, ես դեմ չեմ, որ դու «Առավոտում» աշխատես, բայց պիտի շատ չարչարվես,- ասաց ինձ:

Հաջորդ օրն արդեն, երբ հերթական թռուցկաժողովին պարոն Աբրահամյանը «Առավոտի» իր լրագրողներին ինձ էր ներկայացնում, ասաց՝ Հռիփսիմեն իմ ուսանողուհին է, հուսով եմ, որ նա կդառնա իսկական առավոտցի:

Ու հիմա ես «Առավոտում» եմ, աշխատում եմ այն մարդկանց հետ, ովքեր ինձ համար լրագրություն սովորելու տարիներին եղել են լրագրողական դաշտի իսկական գագաթներ, լրագրողների, որոնցով ես հիանում էի ու չէի համարձակվի երազել, որ մի օր կխոսեմ իրենց հետ, իսկ որ ջերմ հարաբերություններ կունենամ նրանց հետ, մտածել անգամ չէի փորձել:

«Առավոտը» մի աշխատավայր է, որտեղ մշտապես գնահատվում եւ ընդունվում են նոր գաղափարները, եւ չնայած այստեղ բոլորը քեզանից երկար ու բեղմնավոր մասնագիտական ճանապարհ են անցել, բայց երբեք չեն թերագնահատում քո ուժն ու հնարավորությունները, քեզ ընկալում, ընդունում եւ վերաբերում են որպես մեծի, հասուն եւ կայացած լրագրողի:

«Առավոտ» օրաթերթ
26.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031