Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ամռանը ջերմաստիճանը 40-ի սահմանը չի անցել (Տեսանյութ) 

Հուլիս 30,2014 13:02

«Արեւի ուղիղ ճառագայթների տակ մի գտնվեք, հագեք բաց գույնի բամբակյա հագուստներ, օգտագործեք շատ քանակությամբ հեղուկներ»,- ամռան այս տապը հաղթահարելու եւ առողջությունը չվտանգելու համար այսօր «Ֆորում» ակումբում քաղաքացիներին այսպիսի խորհուրդներ տվեցին սրտաբան Վահե Սարգսյանը եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Տիկին Պետրոսյանի հավաստմամբ՝ այս ամռանը ջերմաստիճանը 40-ի շեմը չի անցել եւ ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է հուլիսի 17-ին՝ 38-39 աստիճան:

ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության արտակարգ իրավիճակների արձագանքման բաժնի պետ Արթուր Ոսկանյանի խոսքերով՝ այս տարի մեծածավալ անտառային հրդեհներ չեն գրանցվել, այրվել է ընդամենը մի քանի հեկտար խոտածածկ տարածք: Մասնագետը վստահեցրեց, որ ամեն տարի հրկիզված տարածքները մշակվում եւ խնամվում են:

Այն հարցին, թե արդյոք բարձր ջերմաստիճանի դեպքում վտանգավո՞ր չէ արեւի տակ աշխատելը կամ աշխատանքի գնալը, տիկին Պետրոսյանն ասաց, որ մեր երկրում մարդիկ աշխատանքի են գնում առավոտյան եւ վերադառնում երեկոյան, ուստի նրանք արեւի ուղիղ ճառագայթների տակ չեն գտնվում, իսկ աշխատավայրում պետք է այնպիսի պայմաններ լինեն, որ մարդիկ չվտանգեն իրենց առողջությունը: Ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք աշխատում են դրսում՝ արեւի ուղիղ ճառագայթների տակ, ապա տիկին Պետրոսյանի կարծիքով, գործատուն պետք է այդ ժամերին մարդկանց չաշխատեցնի:
Բժիշկ սրտաբանի խոսքերով էլ՝ ցերեկային ժամերին մեծահասակները, հատկապես սրտանոթային խնդիրներ ունեցողները, պետք է խուսափեն դրսում լինելուց եւ ավելի շատ ժամանակը անցկացնեն հով տեղում, պառկած: Ըստ նրա՝ այս սեզոնին սրտանոթային խնդիրներով դեպքեր այնքան հաճախ չեն գրանցվում, ինչպես գարնանը, քանի որ այդ հիվանդությունները ակտիվանում են գարնանը:

Վահե Սարգսյանի խոսքերով՝ ամռանը մարդիկ հաճախ են դուրս գալիս քաղաքից, գնում հանգստանալու եւ դրանով է պայմանավորված սրտանոթային խնդիրների դեպքերի նվազումը:

 

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031