Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբուժարանների ղեկավարների ուշադրությունը հրավիրվեց անհրաժեշտության դեպքում հիվանդների տարհանման պայմանների ապահովման հարցերի վրա

Օգոստոս 05,2014 15:00

Հոգեբուժական ծառայությունը շարունակում է մնալ նախարարության ուշադրության կենտրոնում։ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանրապետության հոգեբուժական կենտրոնների ղեկավարներին կարճ ժամանակ էր տվել առկա թերությունները շտկելու համար` հանձնարարելով ուշադրության կենտրոնում պահել հատկապես անհետաձգելի առաջին բուժօգնության կազմակերպման պատշաճ ապահովումը, դեղերի շրջանառությունը, ընդհանուր սանիտարական վիճակը, ներհիվանդանոցային ռեժիմի պահպանումը, հիվանդներին տրամադրվող սննդի որակին վերաբերող հարցերը:

Միաժամանակ նախարարի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչությունը ստուգումներ է անցկացրել հանրապետության բոլոր հոգեբուժական հիմնարկներում։

Հոգեբուժարանների հիմնախնդիրներին նվիրված հերթական քննարկումն անցկացրեց նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը։ Առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանը նախ ներկայացրեց հոգեբուժարաններում կատարված ստուգումների արդյունքները։ Նշեց, որ ստեղծված հանձնաժողովներն այցելել են հանրապետության բոլոր հոգեբուժարանները։ Չնայած արձանագրված դրական տեղաշարժերին, որոշ հոգեբուժարաններում դեռևս կան բացթողումներ և գործող նորմատիվներից շեղումներ։ Մասնավորապես դեղերի շրջանառության ոլորտում որևէ բուժհիմնարկում թերություններ չեն արձանագրվել։

Փոխնախարարը կետ առ կետ անդրադառնալով ստուգումների պահին արձանագրված բացթողումներին ու շեղումներին, դրանք դասակարգեց երկու խմբի. թերություններ, որոնց կարգավորումը ֆինանսական լուրջ ներդրումներ են պահանջում և թերություններ, որոնք կարելի է վերացնել առանց ներդրումների։ Հոգեբուժարանների ղեկավարներին նա հանձնարարեց մինչև տեսչության հաջորդ ստուգումը կարգավորել երկրորդ խմբի բոլոր թերություններն ու բացթողումները։ Այդ նպատակով առաջարկեց նախարարության համապատասխան ստորաբաժանումներից վերցնել կառավարման և ներքին մյուս գործառույթները կարգավորող գործող նորմատիվ ակտերը և առաջնորդվել դրանցով։

«Հնարավոր է, որ լինեն նորմատիվ այնպիսի ակտեր, որոնք այսօր ժամանակավրեպ են դարձել։ Կարող եք հիմնավոր առաջարկներ ներկայացնել դրանցում փոփոխություններ կատարելու նպատակով»,-ասաց Վահան Պողոսյանը։ Նա հանձնարարեց թարմացնել հիվանդների ընդունելության, դեղերի բացթողնման և հոգեբուժարաններում կիրառվող մյուս մատյանները և դրանց վարման մշտական հսկողությունը դնել տնօրենի տեղակալներից որևէ մեկի վրա։

Փոխնախարարը կարևորեց անհետաձգելի առաջին բուժօգնության կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների և գործիքների առկայությունը, ինչպես նաև մասնագետների հմտությունը։ Միաժամանակ հանձնարարեց խստորեն հետևել հոգեբանական ծառայության կազմակերպման սահմանված չափորոշիչներին, ինչպես նաև հիվանդանոցների ներքին կառավարման ուղղությամբ գործող նորմերի կատարմանը։
Կրկին պահանջ դրվեց մշտական խիստ հսկողություն սահմանել հիվանդներին տրամադրվող սննդի կալորիականության ու բազմազանության, ինչպես նաև հիվանդանոցների ընդհանուր սանիտարական նորմերի ապահովման նկատմամբ:

Հոգեբուժարանների ղեկավարների ուշադրությունը հրավիրվեց հակահրդեհային պաշտպանության, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հիվանդների տարհանման պայմանների ապահովման և էվակուացիոն պլանների թարմացման հարցերի վրա։

Վահան Պողոսյանը հորդորեց կարճ ժամանակում կատարել նշված հանձնարարությունները, որպեսզի մինչև Առողջապահական պետական տեսչության հաջորդ ստուգումն ու դրա արդյունքների ամփոփումը նշված խնդիրներին լուծում տրվեն։

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031