Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է լինենք ավելի պահանջկոտ»

Օգոստոս 07,2014 14:45

Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման մասին

Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից քաղաքագետ Հրանտ Մելիք -Շահնազարյանի ակնկալիքը՝ Ալիեւին խաղաղություն պարտադրելն է: «Պետք է վերադառնալ հրադադարի պահպանման իրավիճակին: Երեւանը պետք է պարտադի հրադադարի պահպանման ռեժիմը եւ տեղափոխվի բանակցությունների սեղան: Հակառակ պարագայում ելքը պատերազմն է: Կհաջողվի՞ դա, թե՝ ոչ, ժամանակը, ցույց կտա, ես կարծում եմ, որ կհաջողվի»,- ասում է քաղաքագետը:

Ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ Սոչի Ադրբեջանն արդեն պարտադրված է գալիս, քանի որ իրավիճակի փոփոխություն է եղել , ասում է, որ մինչ վերջերս Ադրբեջանը կարծում էր՝ ռազմական ոլորտում ներդրված գումարները, այս տարիների աշխատանքը նրան առավելության են հասցնելու Հայաստանի նկատմամբ: «Բայց տեսան, որ այդպես չէ եւ ավելին, տեսան հայկական կողմի պատրաստվածությունն ու վճռկանությունը: Իսկապես դա անակնկալի բերեց ոչ միայն Ադրբեջանի իշխանություններին, այլ նաեւ հասարակությանը, ստացվեց, որ իրական ուժերի հարաբերակցությունը շատ տարբեր է,- ասում է քաղաքագետը, ավելացնում, որ այս պահին Ալիեւի վարչակազմի խնդիրը Ադրբեջանում խոսքն եւ հեղինակությունը պահելն է: Ըստ նրա՝ վերջին շրջանում Ադրբեջանը նույնիսկ ինֆորմացիոն պատերազմում է տանուլ տալիս. այն հրապարակումներին, թե հայկական կողմը ավելի շատ կորուստներ ունի, Ադրբեջանում ոչ ոք չի հավատում:

«Կարծում եմ, որ Ադրբեջանում դեռ շատ երկար վերլուծում են այս օրերի իրադարձությունները եւ դրանց հետեւանքները: Գլխավոր մի քարոզչություն ուներ Ադրբեջանը. թե՛ միջազգային դիվանագիտության շրջանակներում, թե՛ քաղաքագիտության, բոլոր տեղերում նախ փորձում էին ցույց տալ, իբր գոբալ առումով Ադրբեջանը հաղթած պետություն է, ասում էին՝ ճիշտ է, պատերազմում հայկական կողմն է հաջողության հասել, բայց վերջին հաշվարկով եթե համադրենք տնտեսական աճը, ռազմական պոտենցիալը եւ այլն, հաղթողն Ադրբեջանն է»,- ասում է նա եւ նշում, որ այսպես նաեւ փորձ էր արվում միջազգային հարթակում Հայատասնին ճնշելու: Սակայն վերջին իրադարձություններն այլ բան ապացուցեցին: «Բոլորը հստակ հասկացան, որ Ադրբեջանը չունի այն պոտենցիալը հայկական պետությանը հաղթելու համար: Ըստ այդմ կարծում եմ, որ Ադրբեջանին ճնշելն այսօր շատ ավելի հեշտ կլինի,- ասում է քաղաքագետը՝ ավելացնելով,- Ադրբեջանը խաղաղությունը բացառելու ռեսուրս այլեւս չունի: Բոլորը հասկացան, որ այդ խաղաղությունը շատ հեշտ պահպանվում է հայկական զինված ուժերի կողմից»:

Սոչիում բանակցություններում, ըստ քաղաքագետի. Մոսկվան կստանձնի թելադրողի դեր. «Բայց այստեղ միակ կողմը, որին կարելի է ինչ-որ բան թելադրել, դա միանշանակ Ադրբեջանն է, պետք է պատճառաբանություններ բերի. Ադրբեջանը նախահարձակ եղավ եւ ըստ էության պարտություն կրեց»: Մեր այն դիտարկմանը, թե միջազգային ատյաններն այնքան էլ «վստահ չեն», որ Ադրբեջանն է հրադադարի ռեժիմը խախտողը, խաղաղության կոչերը Հայաստանին էլ են ուղղված, քաղաքագետը պատասխանեց. «Այստեղ պետք է խոսել մեր դիվանագիտության բացթողումների մասին: Պետք է հստակ նշել մեր դիտողությունները: Մեր խնդիրն է՝ ե՛ւ քաղաքագիտության, ե՛ւ դիվանագիտության, բոլորին հստակ բացատրելը եւ միանշանակ շեշտելը, որ եղել է Ադրբեջանի կողմից հարձակում, եւ եղել է պարտություն, սա լայնամասշտաբ պատերազմ չէ, բայց պատերազմնի ինչ-որ մի ձեւ է, որ մի քանի օր տեւեց, եւ դրանով իսկ ի ցույց դրվեց Ադրբեջանի թուլությունը: Ես կարծում եմ, որ այս իրավիճակի բոլոր հնարավորությունները պետք է գիտակցել: Պետք է լինենք ավելի պահանջկոտ»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

06.08.2014

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031