Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Շիրինյան. «Ուժեղ խփեք Ադրբեջանին, և նա ձմերուկի նման կցխվի»

Օգոստոս 09,2014 15:15

«Որպես ազգ՝ մեր ռեսուրսը սահմանափակ է, քիչ ենք, չունենք նավթ և այլն, չունենք նաև ցեղակից ժողովուրդ, որը եղբոր պես կկանգնի մեր թիկունքին, բայց մեր մտավոր պոտենցիալը բավականին մեծ է»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ գնահատելով Ֆեյսբուք սոցիալական ցանցի դերը մոբիլիզացիոն միջավայրի ձևավորման հարցում:

Վերջին օրերին հայկական Ֆեյսբուքը ողողված է հայրենասիրական երգերով, նկարներով, հայ զինվորներին ոգևորող գրառումներով: Ըստ քաղաքագետի՝ սոցցանցերի միջոցով ևս մեր բանակը պետք է զգա հասարակության աջակցությունը:

Մեր դիտարկմանը, որ այսօր օգտատերերի շրջանում կան նաև այնպիսիները, ովքեր բացարձակ անտարբերություն են ցուցաբերում հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը և շարունակում են իրենց «նյուզֆիդը» զարդարել «փարթիների» կամ քեֆերի մասին վկայող գրառումներով և նկարներով, ինչի համար մյուս օգտատերերի կողմից երբեմն նկատողության են արժանանում, պատասխանում է. «Կան մարդիկ, ովքեր իրենց ստամոքսից ու խորովածից այն կողմ ոչինչ չեն տեսնում: Կան նաև մարդիկ, ովքեր փորձում են նսեմացնել եղածի ահռելի նշանակությունը: Սակայն նրանց դեմ հատուկ պայքարել, հակադրվել պետք չէ: Մենք «ճաքելու» իրավունք չունենք, դա առաջացնում է հակառեակցիա, ուժերի անտեղի վատնում»:

Ըստ քաղաքագետի, պետք է միայն լռեցնել այդ հակամշակութային թափթփուկի քիչ տոկոսին, իսկ օգտատերերն իրենց հերթին, հաշվի առնելով սահմանային լարվածությունը, պետք է ավելի համեստ լինեն անձնական էջերում գրառումներ անելիս և լուսանկարներ տեղադրելիս: «Կան նաև մարդիկ, ովքեր պարզապես ինֆորմացված չեն, կարծում եմ՝ նրանց պետք է ընդգրկել այս համախմբվածության մեջ, թափթփուկին միջավայր բերելն ընդամենը մեր օգուտն է»,-ասում է նա:

Հավելում է. «Տեսե՛ք, այս սոցիալական բևեռացվածության վիճակում զինվորը թքել է այն հանգամանքի վրա՝ ինքը աղքատի տնից է, թե հարուստի, նա միշտ կանգուն է՝ իր հայրենիքի նման: Իմիջիայլոց, ադրբեջանցիները համոզված են եղել, թե քանի որ Հայաստանում կա արտագաղթ, բևեռացում, ցույցեր և այլն, եթե խփենք, կտրորվի այդ պետությունը, բայց պարզվեց, որ կոնսոլիդացվեց»: Լևոն Շիրինյանի դիտարկմամբ, մոբիլիզացիան ու կոնսոլիդացիան մեզ համար բացառիկ արժեք ունեն, իսկ սոցիալական ցանցերը նպաստում են դրանց:

Քաղաքագետը նշում է՝ ադրբեջանցիների համար մեր այսօրվա կեցվածքը քայքայիչ է, մանրամասնում է . «Ըստ էության, այդ երկիրը թուրքական էթնոսի գաղութացման պարագայում լեզգիների և մնացած էթնոսների վրա կառուցված հասարակություն է: Վստահ եղեք, որ այդ ճակատային գծում զոհվածներն ադրբեջանցիներ չեն եղել: Սա թուրքական էթնոսի կրնկի տակ ճզմված, հաճախ բռնությամբ ռազմաճակատ բերված հասարակություն է (խոսքը սպեցնազին չի վերաբերում): Ուժեղ խփեք Ադրբեջանին, և նա ձմերուկի նման կցխվի: Թալիշը ինչի՞ պետք է շահագրգռված լինի ադրբեջանցիների բարեկեցությամբ»:

Լևոն Շիրինյանն առայժմ պատերազմի վտանգ չի տեսնում, սակայն շեշտում է՝ մենք պետք է պատրաստ լինենք փորձությունների. «Եթե նույնիսկ 5 տոկոսի վտանգ կա, իսկ դա միշտ էլ կա, ուրեմն հասարակությունը պետք է 105 տոկոսով մոբիլիզացիոն վիճակում լինի: Գուցե և պատերազմը նախապատրաստված է, օրինակ, ես ենթադրում եմ, որ սա գուցե կապ ունի համաշխարհային դավադրության հետ: Ուրեմն պետք է պատրաստ լինել, եղավ՝ եղավ, չեղավ, շատ լավ»: Նրա կարծիքով, սա նաև հարմար պահ է, որպեսզի սոցցանցերի միջոցով ձերբազատվենք գաղթականի, ասիացու, տգետի, լալկան թափառողի կարծրատիպերից. «Խղճալը մահ է, ոչնչացնում, վաճառում, օգտագործում և հետո շպրտում են:

Ինչքան ուժեղ և կազմակերպված լինենք, այնքան աշխարհի կողմից հարգանքը մեծ կլինի»: Խաղաղության դեպքում պետական ապարատն ու բյուրոկրատիան, ըստ նրա, պետք է բարձրացվեն զինվորական բյուրոկրատիայի հրամանատարության կազմակերպվածության մակարդակին. «Չի կարելի արյան գնով ձեռք բերված հաջողությունը տանուլ տալ քաղաքականության մեջ: Մենք Իսրայելի բանակի նման լավ գործեր ունենք արած: Պետական ապարատը պետք է մաքրվի բոլոր թափթփուկներից, կաշառակերներից, ոչ հայրենասերներից, որկրամոլներից: Մենք ունեցել ենք Կիլիկյան Հայաստան, որը ժամանակին միջերկրածովյան ամենամեծ և քաղաքակիրթ պետություններից մեկն էր: Մեր պետությունը պետք է լինի այդ պատվանդանի վրա: Սոցցանցերը կարող են նպաստել դրան»:

Նազենի Բաղդասարյան

«Առավոտ» օրաթերթ

08.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    ամեն ինչ լավ էր, մենակ թե չհասկացա, թե ինչ է նշանակում “ազատվել ասիացու կարծրատիպից” – պարոն եՎՐոպացի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031