Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Վրթանեսյան. «Ադրբեջանի նպատակն է, որ մեր մոտ օրհասական իրավիճակի տպավորություն լինի»

Օգոստոս 11,2014 13:57

«Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, դա իրականում ե՛ւ պատերազմ է, ե՛ւ հոգեբանական պատերազմ է»,- այսօր՝ օգոստոսի 11-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Զորակն» հիմնադրամի հոգաբարձու, «Ռազմաքաղաքական ուսումնասիրությունների դպրոցի» կազմակերպիչ Կարեն Վրթանեսյանը:

Նրա խոսքերով՝ Ադրբեջանը փաստացի վերջին տարիների ընթացքում հոգեբանական պատերազմ է վարում Հայաստանի դեմ, եւ դա արտահայտվում է սահմանում լարվածությամբ, որի թիրախը դիրքապահ զինվորներն եւ սահմանամերձ գյուղերն են: Ըստ նրա՝ այդ պատերազմի նպատակն է ճնշել հայկական կողմին.

«Ադրբեջանցիները փորձում են մեզ համոզել, որ Ղարաբաղը հանձնենք եւ հանգիստ ապրենք, դա է իրենց հոգեբանական գործողությունների նպատակը: Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ ռազմադաշտում խիստ հարցական է իր հաջողությունները, եւ իրենք չեն ցանկանա գնալ դրան. Վերջիվերջո Ալիեւները մեծ բիզնես ունեն, դա չէին ուզենա հարվածի տակ դնել»:

Նա համարում է, որ հայկական կողմը համարժեք պատասխաններ տալիս է, բայց քանի որ Ադրբեջանում, մինչեւ այս դեպքերը, կորուստները թաքցվում էին, ադրբեջանական հասարակությունը տեղյակ չէր, թե իրականում ի՞նչ է կատարվում: Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ սա առաջին դեպքն է, որ Ադրբեջանը մեծ քանակով կորուստների փաստը ընդունեց: Ստեղծված իրավիճակը դիմակայելու համար, ըստ նրա, մեծ դեր ունեն լրատվամիջոցները.

«Եթե սահմանում միջադեպ է լինում, լրատվամիջոցները պետք է հնարավորինս զուսպ լուսաբանեն: Ես չեմ ասում, որ պետք չէ լուսաբանել, լուսաբանել պետք է, բայց նվազագույնի հասցնելով զգացմունքային, երբեմն խուճապային երանգները:

Ադրբեջանցիների նպատակը հենց դա է, որ իրենք ինչ-որ գործողությունների դիմեն, եւ որ այդ գործողությունը մեր լրատվամիջոցները լուսաբանեն, այսինքն՝ մեր մոտ տպավորություն լինի, որ օրհասական վիճակ է, շտապ պետք է զիջումներ անենք»

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031