Լրահոս
Օրվա լրահոսը

Պարի պետականի աշխատավարձը բարձրացել է

Օգոստոս 11,2014 14:53

Անսամբլն էլ հրաժարվել է արձակուրդից՝ զբոսաշրջային սեզոնին համերգներ ունենալու նպատակով

Հայաստանի պարի պետական անսամբլը հիմնադրման օրվանից (1958թ.) ընդամենը մեկ տարի անց սկսել է հյուրախաղային գործունեությունը Հայաստանի սահմաններից դուրս: Կոլեկտիվի ներկայացրած տղամարդկանց կրակոտ, կանանց քնարական պարերը ժամանակին ջերմորեն են ընդունվել արաբական երկրներում, Ամերիկայում եւ Եվրոպայում: Ժամանակին ամերիկյան քննադատները նշել են, որ հայ պարողներն ու երաժիշտները պարզապես տաղանդավոր են ներկայացրել Հայաստանի 3000-ամյա բանահյուսական ժառանգության ողջ հարստությունը:

Օգոստոսի 8-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում Պարի պետական անսամբլի կայացած ելույթը նույնպես ջերմորեն ընդունեց հանդիսատեսը: Առաջին անգամ ներկայացվեցին բալետմայստերներ՝ Գյումրիից Սամվել Հարությունյանի, Ֆրանսիայից Արմեն Չիլոյանի եւ Վրաստանից Մուրիկո Գագոշիձեի նոր բեմադրությունները:

«Առավոտի» հարցին ի պատասխան, թե վերջին տարում ինչո՞ւ կոլեկտիվը չի ունեցել եւ ոչ մի արտերկրյա շրջագայություն, անսամբլի գլխավոր բալետմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյանն ասաց, որ ունեցել են մի շարք հրավերներ, այդ թվում՝ Արաբական Էմիրություններից, Ֆրանսիայից, Գերմանիայից, ու թեեւ չնշեց, թե ինչ պատճառով դրանք չեն իրականացել, սակայն պարզ է, որ «մեղավորը» միջոցների սղությունն է: Ասաց նաեւ, որ այս պահին բանակցություններ են ընթանում Պարի պետականի՝ Եգիպտոս շրջագայության նպատակով եւ հավելեց. «Ունեցել ենք համերգներ Հայաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Սիսիանում, Կապանում, Վանաձորում, Ստեփանավանում, Ալավերդիում, նույնիսկ որոշ տեղեր, հանդիսատեսի խնդրանքով, երկրորդ անգամ ենք մեկնել: Ունեցել ենք նաեւ բարեգործական համերգներ ծերանոցներում: Ինչ վերաբերում է անսամբլի արտերկրյա հյուրախաղերի մեկնելուն, ինքս չափազանց կարեւորում եմ դրանք: Նախ տեսնում ես օտարազգի հանդիսատեսի վերաբերմունքը, գնահատականը, հետո էլ մեր պարողների ոգեւորությունը, իսկ մեզ մոտ շուկան փոքր է: Եթե ամսական 2 անգամ համերգ ենք ունենում, դժվար թե նույն հանդիսատեսը երկրորդ անգամ էլ այցելի, թեեւ նշեմ, որ, օրինակ, Երեւանում անսամբլը ունի իր մշտական հանդիսատեսի բանակը: Արդեն քան տարի է՝ անսամբլը չի մեկնում արձակուրդի՝ հասկանալի պատճառով. հատկապես ամռան ամիսներին արտերկրից հոսքը Հայաստան մեծանում է ոչ միայն սփյուռքահայերով, այլեւ օտարազգիներով»:

Մեր զրուցակցին փոխանցեցինք իր հասցեին հաճախ հնչող այն միտքը, թե Պարի պետականի գլխավոր բալետմայստերը չափից ավելի համեստ է, հրաժարվում է նույնիսկ հեռուստաեթերներից, մինչդեռ ցանկացած կոլեկտիվի ղեկավարի ոչ միայն ելույթը, այլեւ խոսքը դիտվում է իբրեւ յուրօրինակ գովազդ: Այս առիթով պարոն Կարապետյանը հայտնեց. «Աշխարհին քաջածանոթ Պարի պետականը միանշանակ գովազդի կարիք չունի»: Կեսկատակ-կեսլուրջ ռեպլիկին՝ հիմա ձեր արտիստները հավանաբար ավելի ոգեւորված են աշխատում՝ հուլիսից աշխատավարձի կրկնակի բարձրացումից հետո, Ասատուր Կարապետյանը նշելով իրենց նկատմամբ պետական հոգածության մասին, ասաց. «Հայկական պարը մեր ազգի յուրօրինակ տարեգրությունն է, որն արտահայտում է նրա անցյալը, ներկան, երազանքներն ու ձգտումները: Հազարամյակների տարեգրություն ներկայացնող անսամբլը, իհարկե, պետք է հնարավորինս բարձր վճարվի, որ մտածի միայն ստեղծագործելու մասին»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում՝ Ասատուր Կարապետյանը՝ փորձի ժամանակ:

«Առավոտ» օրաթերթ

09.08.2014 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031