Հայ և արտերկրի հանդիսատեսի, անվանի դիրիժորների, հեղինակավոր համերգասրահների կողմից սպասված տաղանդավոր դաշնակահար, կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի՝ Օպերայի տանիքում վերջերս կայացած մենահամերգի հայտագիրը՝ «Լիրիկական տեսիլքներ», տարաբնույթ մեկնաբանությունների առիթ էր հանդիսացել։ Ոմանք նույնիսկ պնդում էին, թե համերգի նման խորագիրը միանշանակ կապված է դաշնակահարի այսօրվա հոգեվիճակի հետ՝ անձնականից մինչև ստեղծագործական։
Ընդ որում, նման խոսակցություններ մեր ականջին հասան նաև շքեղ համերգի բուռն ծափահարությունների ու բռավոների դադարից հետո էլ։
Կարդացեք նաև
Aravot.am-ն այս առիթով խոսք խնդրեց Հայկ Մելիքյանի գեղարվեստական պրոդյուսեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանից։
«Վերջին շրջանում դաշնակահարի ու կոմպոզիտորի մտքում և սրտում առավել պտտվում են լիրիկական ելևէջներ։ Ըստ երևույթին, դրանում մեծ կարևորություն ունեն մի շարք գործոններ, բայց գուցե կառանձնացնեի նրա մեծ հետաքրքրությունը պոեզիայի և հատկապես՝ արևմտահայ հեղինակների նկատմամբ։ Սակայն պետք է փաստենք, որ առաջին գիրքը ներշնչված է հայ և արտասահմանյան հեղինակներից՝ Գրիգոր Նարեկացի, Համո Սահյան, Պաբլո Ներուդա, Ջեյմս Ջոյս։
Այս յուրօրինակ ոգեշնչումը շարունակական և տևական եղավ. արդյունքում ծնվեց «Լիրիկական տեսիլքներ»-ի երկրորդ գիրքը՝ բացառապես Միսաք Մեծարենցի պոեզիայից ներշնչված։ Այս երկու գրքերը հրատարակվել են նիդերլանդական Donemus-ի կողմից։ Արտիստն այժմ աշխատում է երրորդ տետրի վրա, որի անմիջական ոգեշնչումը Ռուբեն Սևակի քնարերգությունն է»,- հայտնեց պրոդյուսերը։
Սամվել Դանիելյան
Լուսանկարները՝ Օպերայի տանիքում կայացած համերգից, տրամադրել է լուսանկարիչ Տիգրան Առաքելյանը։























































