Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանա լիճը վարչապե՞տն է ոչնչացնում

Օգոստոս 18,2014 14:20

Բնապահպան Սեյրան Մինասյանը պնդում է, որ Սեւանը ոչնչացնում է
ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի

Սեւանա լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ 9սմ-ով իջել է, իսկ իջեցումը հետեւանք է լճից մեծ քանակությամբ ջրի բացթողնման: Սեւանա լճի մակարդակի իջեցման արդյունքում արդեն մի շարք հատվածներում ճահճացում է նկատվում: «Առավոտի» հետ զրույցում բնապահպան Գրետա Գաբրիելյանը վստահեցրեց, որ անթույլատրելի է մինչեւ 270 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնել Սեւանից. «Ես պաշտոնապես հարցում եմ արել եւ պատասխան ստացել՝ 2013 թվականի հուլիսի 21-ի դրությամբ բաց է թողնվել 111.1 միլիոն խորանարդ մետր ջուր, իսկ այս տարվա հուլիսի 21-ի դրությամբ՝ 178, 36 միլիոն խորանարդ մետր. տեսեք, թե որքան է տարբերությունը: Այն, որ ասում էին 70 միլիոնով պետք է ավելացվի բացթողնումը՝ ոռոգման նպատակով, արդեն այդքանը բաց են թողել, մինչեւ ոռոգման սեզոնն ավարտվի, ավելի շատ բաց կթողնեն»:
Սեւանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողնման ծավալներն ավելացնելու մասին նախագիծն Ազգային ժողովում քննարկման ժամանակ մի շարք բնապահպաններ դժգոհություններ արտահայտեցին, տիկին Գաբրիելյանն էլ, ի թիվս այլ բնապահպանների, պնդում է, որ ջրի ավելի բացթողնումն իրականում ոռոգման համար չէ:

Բնապահպանի խոսքերով՝ «Նախ շատ կասկածելի ձեւով 240 միլիոնը դարձրին 270 միլիոն խորանարդ մետր, եւ հետո որոշման նախագիծը, որ ավելի ջուր է պետք բաց թողնել, անցյալ տարվա դեկտեմբերին էր, երբ դեռ գարունը չեկած՝ ջրամբարների վիճակը դեռ անհայտ էր, իրենք արդեն ծավալ են որոշում»:

Տիկին Գաբրիելյանի դիտարկմամբ՝ եթե բացթողնման ծավալն ավելացրել են իսկապես ոռոգման նպատակով, ապա կառավարությունը չպիտի մերժեր ոռոգման համակարգի նախագիծը. «Մենք հարցում ենք արել եւ ուզել ենք ոռոգման համակարգի սխեման, որպեսզի տեսնեինք, թե որ համայնքում որքան է ջրազրկումը, մերժել են, հարցը շրջանցում են: Ուրեմն՝ մի բան այնպես չէ: Մենք նաեւ եղել ենք այն համայնքներում, որոնք նշված են, որ ոռոգման կարիք ունեն եւ հենց Սեւանից բաց թողնված ջրով է ոռոգումը լինելու, բայց մեր հարցումներից պարզվեց, ճիշտ է՝ բոլոր համայնքներում չենք եղել, բայց պարզվեց, որ ոռոգման ջուրը Սեւանից չեն ստանում: Այսինքն՝ վիճակն այնքան կատաստրոֆիկ չէ, որ ձեռքները գցեն Սեւանին»:

Սեւանա լճի ջրի 60%-ն այլեւս պիտանի չէ սաղմոն ձկնատեսակի կենսագործունեության համար՝ «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը: Մասնագետի ներկայացմամբ. «Իշխանությունների վերջին 2 տարվա գործունեության արդունքն է դա: Այսինքն՝ եթե Սեւանում 36 միլիարդ խորանարդ մետր է ջուրը, դրա 60%-ում չի կարող գոյություն ունենալ իշխանը, գեղարքունին եւ սիգը՝ այն, ինչը բնորոշ է եղել Սեւանա լճի ջրին, եւ ինչով ունիկալ ու հրաշալի է եղել լիճը: 60%-ը հետեւանք է ջրի մակարդակի իջեցման ու չբարձրացման, անտառային եւ թփուտային հատվածների չմաքրման ու ձկան անխնա որսի»:

Պարոն Մինասյանի կարծիքով ու պնդմամբ՝ «Սեւանա լիճը հայ ժողովրդի գոյության արիալի կենսական կարեւորագույն բաղադրիչներից մեկն է, որը ոչնչացնում են ՀՀ կառավարությունը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, եւ ջրային ռեսուրսների կոմիտեն՝ իր ղեկավարով»:

Պարոն Մինասյանը եւս վստահ է, որ Սեւանա լճից ջրի այդքան մեծ քանակի բացթողնումը պաշտոնյաներն իրենց անձնական բիզնեսի համար են նախատեսել. «Իրենց ձկնաբուծարանների, պլանտացիաների, հիդրոէլեկտրակայանների»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031