Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանն ուղղակի քաղեց պտուղները, որոնք աճեցվել էին մինչ իրեն

Սեպտեմբեր 03,2014 16:00

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին՝
ասում է նախկին նախարար Գագիկ Շահբազյանը

Հայաստանի նախկին պետնախարար ու գյուղատնտեսության նախարար, 1995-1996-ին ԱՊՀ, Եվրամիության եւ միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ կապերի գծով նախարար, համատեղության կարգով ԵՄ-ում արտակարգ եւ լիազոր դեսպան, 1997-1999-ին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Շահբազյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին:

Հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանն այս հարցազրույցում, անդրադառնալով իր պաշտոնավարման տարիներին ու պատասխանելով դիտարկմանը, թե հենց այդ տարիներին Հայաստանը մտավ ԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, ակտիվորեն կարգավորվում էին Ռուսաստանի հետ գործարար կապերը եւ այլն՝ մասնավորապես ասել էր. «Այդ տարիներին Հայաստանը առավել արագ զարգացող տնտեսություն ունեցող երկրների տասնյակում կայուն տեղ էր գրավել: Տասը տարվա կտրվածքով ՀՆԱ-ի տարեկան միջին աճը կազմում էր 10,5%, տարեկան միջին գնաճի մոտ 3%-ի եւ ՀՆԱ-ի համեմատ անշեղորեն կրճատվող արտաքին պարտքի պայմաններում (1998թ.-ին ՀՆԱ-ի -46%, 2008թ.-ին՝ ՀՆԱ-ի -13%): Ընդ որում, կայուն կերպով աճում էր տնտեսության մեջ փոքր եւ միջին բիզնեսի մասնաբաժինը, նկատելիորեն աճել էին սոցիալական ծախսերը, մեծածավալ ներդրումներ էին իրականացվում երկրի ենթակառուցվածքներում: Իսկ դա նշանակում է, որ տնտեսական աճի պտուղները բաշխվում էին հասարակության լայն շերտերի մեջ, ինչն էլ հանգեցրեց աղքատության զգալի կրճատման: Զարգացման այդպիսի տեմպերի մասին կարող է երազել ցանկացած երկրի ցանկացած կառավարություն»:

Գագիկ Շահբազյանն այս առնչությամբ ասաց. «Կրկին այս անձնավորությունը դուրս սողաց «պլինտուսի» տակից եւ սկսեց զբաղվել ինքնամեծարմամբ:

Նախ՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ բանակցությունները սկսվել են շատ ավելի վաղ, քան այդ անձնավորությունը հայտնվել է Հայաստանում: Այդ աշխատանքները սկսվել են դեռ այն ժամանակ, երբ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը կոչվում էր GATT՝ General Agreement on Tariffs and Trade:

Երկրորդը՝ Եվրոպայի խորհրդին անդամակցությունը եւ եվրոպական կառույցներին Հայաստանի ինտեգրումը դարձյալ կապ չունի այս անձնավորության՝ Հայաստանում հայտնվելու հետ:

Դա գիտեմ, քանի որ առաջին դեպքում GATT-ին անդամակցության հանձնաժողովի նախագահն էի, իսկ երկրորդ դեպքում դեսպան էի ԵՄ-ում:

Այդ անձնավորությունը, տեղափոխվելով Հայաստան ու բոլոր հնարավոր-անհնարին ուղիներով զբաղեցնելով երկրի ղեկավարի աթոռը, ուղղակի քաղեց պտուղները, որոնք աճեցվել էին մինչ իրեն»:

Ռոբերտ Քոչարյանն այս հարցազրույցում նաեւ ասել էր. «Ցավոք, մեր տնտեսության իրավիճակի եւ հեռանկարի լավատեսական գնահատականի համար ոչ ներքին ու ոչ էլ արտաքին պատճառներ չունեմ»: Գագիկ Շահբազյանն այս առնչությամբ ասաց. «Նրա «բուռն» գործունեության շնորհիվ ոչնչացվեցին մրցակցային տնտեսության սաղմերը, սերտաճեցին բիզնեսն ու քաղաքականությունը, ծաղկեց օլիգարխիան, ամբողջ թափով գործեց պետական վճարովի քարոզչամեքենան, սկսվեցին հետապնդումները ընդդիմադիրների նկատմամբ, քաղաքական ծեծուջարդն ու հաշվեհարդարները, իսկ պաշտոնավարման ավարտին գնդակահարվեցին սեփական քաղաքացիները, եւ երկիրը մեկուսացվեց, դուրս մնաց բազմաթիվ, այդ թվում՝ տարածաշրջանային ծրագրերից, անգամ դադարեցվեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը:

Իրենից հետո այդ անձնավորությունը չթողեց ոչ մի հիմք, որի վրա կարելի լիներ ինչ-որ բան շարունակել կամ կառուցել:

Ւսկ ինչ վերաբերում է աճի վերաբերյալ տվյալների աճպարարությանը՝ այդ մասին շատ է ասվել, ու չեմ ցանկանում անդրադառնալ այդ վերլուծություններին: Բավական է միայն դիտարկել ԱՊՀ երկրներում տնտեսական իրավիճակի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների զեկույցները»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930