Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. « Մենք չենք հասցնում օրենքի նախագիծը կարդալ, սա վիրավորանք է ԱԺ-ի նկատմամբ»

Սեպտեմբեր 08,2014 17:40

Այսօր` սեպտեմբերի 8-ին կայացած ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը Parliamentmonitoring.am կայքից վերցրած որոշ տվյալներ ամփոփեց՝ ԱԺ նախորդ նստաշրջանի աշխատանքների հետ կապված:

Նա ասաց, որ նախորդ նստաշրջանում կառավարությունը բերել է 140 օրենք, որից ընդամենը 7-ն է եղել խորհրդարանի նախաձեռնությունը. «Երկու նստաշրջանների ընթացքում խորհրդարանի օրենսդրական նախաձեռնությունների քանակը 13 տոկոսից իջել է 5 տոկոսի: 140 օրենքներից 77-ն ընդունվել է արտահերթ նստաշրջանների ընթացքում: Խորհրդարանին ստիպում են օրենքների կեսից ավելին ընդունել հրատապ ռեժիմով, որի արդյունքում պատգամավորները չեն կարողանում ծանոթանալ օրենքին: 14 օրինագիծ ընդունվել է 1 օրում՝ 3 ընթերցումով: Օրենքների մի մասը 100-ավոր էջեր է կազմում: Մեզ ուղղակիորեն հնարավորություն չի տրվում մտնել օրենքի բովանդակության մեջ, ծանոթանալ նրա խութերին: Հիմա ես կառավարությանը հարց եմ տալիս՝ չունի՞ արդյոք առաջնահերթությունների ցուցակ, ռազմավարություն, որ կարող է պլանավորեն օրենսդրական նախաձեռնությունների հրատապությունը: Մենք չենք հասցնում օրենքի նախագիծը կարդալ: Ես այստեղ տեսնում եմ հստակ վատ միտում»:

Անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին»՝ Արամ Մանուկյանն ասաց. «Այս օրենքը ընդունվել է որպես կարեւոր օրենք՝ հունիսի 21-ին: Մենք չհասցրինք ուղղակի, դուք քվեարկեցիք մեծամասնությամբ ու անցկացրիք: Հիմա եթե օրենքը լավն էր, 2 ամիս հետո օրենքը փոխո՞ւմ եք: Ի՞նչ է նշանակում բացթողում՝ 2 ամսվա մեջ: Ուղղակի ասեք ճշմարտությունը, որ ՀԲ-ի պայմանները չեն կատարվել, փոփոխություններ եք բերում, որ ՀԲ-ի ասածները մտցնեք օրենքի մեջ, որ վարկ ստանաք: Այս աշխատաոճը վիրավորանք է ԱԺ-ի նկատմամբ, ԱԺ-ն 5 տոկոսանոց ակտիվություն չէ, որ պիտի ունենա: Դուք դա համարում եք արդար եւ օբյեկտի՞վ: Ես համարում եմ՝ ոչ: Սա խորհրդարանի արժանապատվությանը կպնող է, վիրավորող է: ԱԺ-ն չպետք է թույլ տա այսպիսի վերաբերմունք իր նկատմամբ: Կառավարությունն ունենում է 30, 40 տոկոս ակտիվություն, դա նորմալ է: Ես խոսում եմ հարաբերակցության մասին: Խորհրդարանի ակտիվությունը 5 տոկոս է, իսկ սա խոսում է խորհրդարանի արժանապատվության մասին»:

Հերմինե Նաղդալյանն  ասաց, որ դա սահմանադրական իրավունք է, որն իրացնում են. «Նախորդ նստաշրջանի մասին խոսեցիք, պիտի հիշեցնեմ, որ այդ ընթացքում սիրելի ընդդիմադիր գործընկերները մեկ-երկու անհետաձգելի ճանաչված հարցերով դիմում էին ԱԺ-ին, մենք էլ 2-3 օր նիստեր էինք անում: Մենք ժամանակ ենք կորցրել, որը հետագայում չի ծախսվել օրենսդրական նախաձեռնությունների համար: Հենց դրա համար էլ այսքան արտահերթ նիստեր եղան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930