Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. ՀՅԴ-ն իշխանությունների հետ չի համագործակցում 

Սեպտեմբեր 12,2014 12:14


«Մենք չունենք համագործակցություն իշխանությունների հետ, այլ ունենք մեր պատկերացումները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով, եթե ՀՅԴ-ն տեսնում է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, դա դեռ չի նշանակում համագործակցություն իշխանության հետ: Ինչ վերաբերում է Քառյակի ֆորմատում առկա մյուս ուժերի հետ այդ հարցի շուրջ ունեցած տարակարծությանը, Աղվան Վարդանյանն ասաց. «Մենք ասում ենք` եկեք միասին քննարկենք, մշակենք ու համաձայնեցնենք մեր առաջարկությունների փաթեթը սահմանադրական բարեփոխումների մասով: Եթե մենք միասին անենք այդ փաթեթը, ապա շատ ավելի ուժեղ կլինեն մեր դիրքերը: Պարոն Ծառուկյանը ասում է բոլորովին նոր բան ` ոչ այն, ինչ մինչ այժմ ասում էին ԲՀԿ-ի ներկայացուցիչները: Եվ մեր ասածը դրա շարունակությունն է: Ի՞նչն է խանգարում այս ամենին զուգահեռ մեր փաթեթը պատրաստել և դնել թե’ հանրության, թե’ իշխանությունների սեղանին: Սա տակտիկական հարց է, բայց անկախ ամեն ինչից` մենք մեր պատկերացումները շարադրելու ենք ու դնենք սեղանին»:  

Բանախոսը հավելեց, որ քառյակից առանձնանալու կամ համագործակցությունը սառեցնելու խնդիր ՀՅԴ-ն չունի: Նա տեղեկացրեց նաև, որ ՀՅԴ-ն համագործակցությունը Քառյակի ֆորմատում ակտիվ շարունակում է. պատրաստվում է ՍԴ ուղարկվելիք հայցը, «Նաիրիտ»-ի հարցով հանձնաժողով ստեղծելը և այլն: 
Դաշնակցական պատգամավորի խոսքով` պետություն ու պետականություն միայն ձև չէ, դա պետք է ունենա բովանդակություն, ինչը մենք այսօր չունենք. «Մենք խորապես համոզված ենք, որ մեր պատկերացրած փոփոխությունների պարագայում նվազեցվելու են այդ հնարավորությունները, շատ դժվար է դառնալու վերարտադրվելը, և համոզված ենք մեր փոփոխությունների մեջ: Իսկ անձերն այսօր բացարձակ կապ չունեն»,- հավելեց նա: 
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` արդյոք շուտ չէ՞ այսօր խոսել նախագահական ընտրություններից, որոնց դեռ երեք տարի կա`հիշեցնելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցը. թե՞ այդ ամենը ակնկարկ է արտահերթ գործընթացների, Աղվան Վարդանյանը հիշեցրեց հայտնի խոսքը` ընտրությունները սկսում են ընտրությունների հաջորդ օրը. «Այնպես որ ամեն մեկը ազատ է իր նպատակները շարադրելու: Բայց նաև կա ներքաղաքական զարգացումների ազդեցությունը, որը պարարտ հող է նման նպատակների համար և այս իմաստով ոչ ուշ է, ոչ էլ շուտ»: 
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930