Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ աշնան քաղաքական խնդիրը ո՞րն է. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 17,2014 11:03

Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը երեկ հանդես եկավ ասուլիսով։ Մուսինյանի հայտարարությունները կարեւոր են նրանով, որ նա Կոնգրեսի խոսնակն է։ Այսինքն՝ նրա բոլոր ասածները պետք է դիտարկել որպես Կոնգրեսի պաշտոնական տեսակետ։ Եվ ուրեմն, անհրաժեշտ է լրջորեն վերլուծել, թե ի՞նչ է ասում Կոնգրեսը եւ ինչ չի ասում՝ քաղաքական թեժ աշնանից առաջ։ Եվ ուրեմն, ի՞նչ է հայտարարել պարոն Մուսինյանը։

1. Ըստ ilur.am կայքի, Մուսինյանը հայտարարել է. «Ոչ իշխանական քաղաքական ուժերը եւ հասարակության գերակշիռ հատվածը քաղաքական աշուն են մտնում մարտականորեն տրամադրված, մինչդեռ իշխանությունը առավել քան թուլացած է: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում կունենանք որակապես նոր քաղաքական իրավիճակ»։

Այս հայտարարությունը, իհարկե, հուսադրող է, բայց մի քանի հարցեր է առաջ բերում։ Մարտականորեն տրամադրված եւ քաղաքական նոր իրավիճակում հայտնված կամ այդ իրավիճակը ստեղծած Քառյակը ի՞նչ կոնկրետ խնդիր է դնում իր առաջ։ Այսինքն, կրկին չկա հարցի պատասխանը, թեժ աշնան քաղաքական խնդիրը ո՞րն է։ Սա չափազանց կարեւոր է, որովհետեւ այդ թեժ աշնանը աջակցել/չաջակցելու որոշում կայացնելու համար ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, թե ի՞նչ խնդիր է լուծելու Քառյակն աշնանը, եւ ի՞նչ է պահանջվում իրենից։ Հարցը կարելի է ավելի ճակատային հնչեցնել. աշնան խնդիրը Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնե՞լն է, կառավարությա՞ն հրաժարականին հասնելը, արտահերթ խորհրդարանական ընտրություններին հասնե՞լը, վարչախմբին ցնցե՞լը, նրանից ինչ-որ զիջումներ կորզե՞լը, եթե զիջումներ կորզելն է՝ ինչպիսի՞ զիջումների մասին է խոսքը, եւ ինչ է ստանալու Հայաստանը այդ զիջումներից։ Ցավոք, պարոն Մուսինյանը այս հարցերի պատասխանը չի տվել։

2. Ըստ ilur.am կայքի, Մուսինյանը հայտարարել է. «Վարչակարգը ունի մեկ նպատակ՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով գցել իր վերարտադրության հիմքերը։ Որեւէ խնդիր, որն այսօր կա Հայաստանում, պայմանավորված չէ Սահմանադրությամբ։ Գործող Սահմանադրությունն արգելում է Սերժ Սարգսյանին երրորդ անգամ հայտնվել նախագահի աթոռին, իսկ դա խորը հակասության մեջ է նրա իշխանատենչության հետ։ Վստահ եմ, որ սահմանադրական փոփոխության միջոցով Սերժ Սարգսյանի վերարտադրվելու այս պլանը ձախողվելու է, եւ, չունենալով որևէ ռեսուրս (տնտեսական, արտաքին քաղաքական հաջողություններ եւ այլն)՝ նա ստիպված է լինելու հեռանալ քաղաքական ասպարեզից»։

Ուշադրություն դարձրեք, պարոն Մուսինյանը խոսում է ասպարեզից Սերժ Սարգսյանի հեռանալու եւ ոչ թե նրան հեռացնելու մասին։ Բայց այս նախադասությունն ինքնին ոչինչ չէր նշանակի, եթե նա չնշեր, թե ինչի արդյունքում է Սարգսյանը հեռանալու։ Սահմանադրական փոփոխությունների ձախողման։ Չի նշվում սահմանադրական փոփոխությունների ձախողումը ե՞րբ է տեղի ունենալու, այս աշնա՞նը, թե 2016-ին կայանալիք հանրաքվեում։ Բայց ակնարկվում է, թե սահմանադրական փոփոխությունների ձախողման արդյունքում ինչ է տեղի ունենալու, ձախողվելու է Սերժ Սարգսյանի վերարտադրվելու պլանը։ Ընդամենը վերարտադրվելու պլանը։ Բա մինչեւ վերարտադրվելու ժամկետները, ուրեմն, Սերժ Սարգսյանը մնալո՞ւ է իշխանության։ Այսինքն՝ դուք հերթական ընտրությունների՞ եք պատրաստվում։ Խնդիր չկա, բայց եթե այդպես է՝ ինչո՞ւ այդ մասին չեք բարձրաձայնում։ Եթե այդպես է՝ թեժ աշունը ինչի՞ համար է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Արման ՎԵԶԻՐՅԱՆԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930