Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրատարը կա, ջուր տվող չկա

Սեպտեմբեր 22,2014 15:00

Սյունիքի մարզի սահմանամերձ Եղվարդ գյուղի բնակիչները ամռանը ջուրը ստանում են երեք օրը մեկ՝ կես ժամով:

Սյունիքի մարզի Եղվարդ համայնք ի բախտը կրկնակի չի բերել՝ ոչ խմելու ջուր ունեն, ոչ էլ ոռոգման: 1992 թվականից առ այսօր Գեղի-Եղվարդ ջրատարը չի գործում, որը ժամանակին իր տարողունակությամբ ամբողջ գյուղին ապահովում էր ջրով: Այլ կերպ ասած՝ ջրատարը կա, ջուր տվող չկա: Խնդիրը լուծել են ջրամբարը վերանորոգելով, որի աշխատանքներն իրականացվել են համայնքի բյուջեի եւ արտերկրյա կազմակերպությունների միջոցներով: Այս համայնքի բնակիչները ջուր ստանում են տարվա ինը ամիսներին, իսկ ամռանը երեք օրը մեկ անգամ են ջրի երես տեսնում, այն էլ՝ կես ժամով: Այդ ընթացքում նույնիսկ չեն հասցնում տնային տնտեսուհիները ջուր հավաքել:
Եղվարդ համայնքում 320 բնակիչ է ապրում. ժամանակին միայն Եղվարդի դպրոցի աշակերտների թիվն էր այդքան կազմում: Սպարտակ Զաքարյանը ինը տարի է՝ այս համայնքի ղեկավարի պաշտոնին է: Նրա համոզմամբ՝ այս համայնքի ջրի հարցը լուծելն իրենից մեծ բարդություն չի ներկայացնում. «Եղվարդի բնակիչներն էլ մարդ են եւ պետք է մնացած համայնքների նման 24-ժամյա ջրամատակարարում ունենան: Եթե ոռոգման ջուրը լինի, գյուղի տեսքը տասն անգամ կփոխվի»: Ջրի բացակայությունից գյուղի սաղարթն էլ է խեղճացել ու տեսքը կորցրել:

Սպարտակ Զաքարյանը հիշեցնում է. «Գյուղը սահմանապահ է եւ բազմիցս պատերազմներ է տեսել, 1992 թվականին էլ Եղվարդը միայնակ ադրբեջանցիների մեծ բանակի դեմ հաղթանակ է տարել»:

Արդեն մի քանի տարի կառավարության կողմից շրջանառվող համայնքների խոշորացման ծրագրից Եղվարդի ղեկավարը մեծ սպասելիքներ չունի: Կարծում է, թե դա հաշվենկատ քայլ է, որն ուզում են ամեն գնով կյանքի կոչել:

«Եթե համայնքները խոշորացվեն, փոքր գյուղերի բնակիչները կարտագաղթեն»,- վստահ է Սպարտակ Զաքարյանը: Ըստ նրա. «Ո՞ւմ են այդ ժամանակ ծառայություն մատուցելու»: Իսկ գյուղից հիմա էլ շատ են մեկնողները:

Վերջին տարիներին վերականգնվել է Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ կազմակերպություններից մեկի 100 մլն դրամ ներդրումով, 70 մլն դրամով էլ ինչ-որ բարերարի միջոցներով գյուղատնտեսական տեխնիկա է գնվել համայնքի համար: Չնայած այս ամենին՝ Եղվարդ համայնքում գոնե մեկ տնտեսվարող չկա, որը կաշխատեցնի այդ տեխնիկան: Համայնքի ղեկավարն ասում է, թե գյուղերը գիտությունից կտրվել են. հողն էլ են ոչ ճիշտ մշակում, անասունին էլ են սխալ պահում: Ըստ Սպարտակ Զաքարյանի՝ հողի սխալ մշակման արդյունքում էլ այն էրոզիայի է ենթարկվում: Եղվարդցիների մեծ մասը մեղվաբուծությամբ է զբաղվում: Այստեղ էլ մեկ այլ խնդիր է առաջ գալիս՝ մեղրն արտադրվում է, իսկ պահանջարկ չկա, եղվարդցիների խոսքերով՝ այդքան մեղր գնող չկա: Սպարտակ Զաքարյանի կարծիքով՝ եթե մեղրն արտահանվի արտերկիր, բնակչության վիճակը բավականին կբարելավվի: Նրա տվյալներով՝ այս համայնքում 80 ընտանիքից 30-ը մեղվաբուծությամբ է զբաղվում, այնպես որ՝ գյուղում մեղրի պակաս չկա:
Եղվարդի բյուջեն տարեկան 6 միլիոն դրամ է կազմում: Համայնքի ղեկավարի խոսքերով՝ այս գումարը չի կարող բավականացնել գյուղի գլխին կախված խնդիրներից գոնե մեկի լիարժեք լուծմանը: Թեեւ տարածաշրջանի վերջին գյուղն են, բայց չեն ուզում խնդիրների լուծման ժամանակ իրենց վերջում հիշեն կամ ընդհանրապես անտեսեն:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930