Լրահոս
Օրվա լրահոսը

Արևմտյան Հայաստանում ոչնչացված հուշարձանները ներկայացնող օրացույց կտպագրվի

Հոկտեմբեր 08,2014 22:16

Համահայկական  ճարտարապետների և ճարտարագետ շինարարների ասոցիացիան Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ պատրաստվում է Արևմտյան Հայաստանում ոչնչացված հուշարձանները ներկայացնող օրացույց տպագրել:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ Տելեմակ Անանյանը:

Նա տեղեկացրեց, որ նախատեսում են օրացույցը տպագրել 10 հազար օրինակով և հրատարակել տարբեր լեզուներով: Այն կփոխանցեն դիվանագիտական կորպուսներին, միաժամանակ բողոք-պահանջ կներկայացնեն միջազգային ատյաններին՝ Թուրքիայի կողմից պատմամշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ: Օրացույցում կնշվեն նաև միջազգային այն պարտավորությունները, որոնք ստանձնել է Թուրքիան հայկական ժառանգության պահպանման վերաբերյալ:

«1912-13 թթ. Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարության հանձնարարությամբ Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը կազմել և կառավարությանն է ներկայացրել Թուրքիայի տարածքում գործող հայկական եկեղեցիների մասին տեղեկատվություն: Ըստ այդ տվյալների՝ Թուրքիայում 1913 թ. 2549 եկեղեցի է գործել, իսկ 1983-84 թթ. ԱՄՆ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 1923 թվականին Թուրքիայում հայկական եկեղեցիներից կանգուն է մնացել 913-ը, կառույցներից 464-ն ընդհանրապես անհետացած են, 252-ը՝ ավերված (խոսքը միտումնավոր ավերածությունների՝ պայթեցումների մասին է)»,- ասաց Տ. Անանյանը:

Նրա խոսքով՝ օրացույցի տպագրությունը ևս մեկ քայլ է՝ միջազգային հանրության ուշադրությունը մեզ վրա հրավիրելու ուղղությամբ. «Աշխարհն այսօր այնքան զբաղված է իր խնդիրներով, որ մեր խնդիրներին ուշադրություն դարձնելու ժամանակ չունի: Այնպես որ, մենք ինքներս պիտի շարունակ հիշեցնենք մեր մասին»,- ասաց նա:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031