Լրահոս
Օրվա լրահոսը

Անմատչելի միջավայրի պատճառով հազարավոր հաշմանդամ մարդիկ մնում են տանը փակված

Հոկտեմբեր 11,2014 16:00

Որեւէ երկիր չի կարող քաղաքացիական համարվել, եթե այնտեղ հաշմանդամ մարդկանց համար չկան պայմաններ, չեն հարգվում նրանց իրավունքները:
2010 թվականի հոկտեմբերի 20-ից մեր երկրում ուժի մեջ է մտել հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոնվենցիան: Դրանով մեր պետությունը պարտավորվել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալապես ներառել հասարակություն, ստեղծել արժանապատիվ կյանք վարելու պայմաններ ու հնարավորություններ: Երեկ Երեւանի 2796 քաղաքացի իրենց ստորագրությամբ Երեւանի քաղաքապետարանից պահանջեցին հաշմանդամ մարդկանց համար ստեղծել մատչելի միջավայր՝ Երեւանի քաղաքապետին հորդորելով ավելացնել մատչելիության ապահովմանն ուղղված գումարը: Ստորագրահավաքը նախաձեռնել էր Disabilityinfo.am-ը՝ «Էրեբունի-Երեւան 2796»-ին ընդառաջ:

Teqahartak

«Առավոտի» հետ զրույցում Disabilityinfo.am կայքի խմբագիր Զարուհի Բաթոյանը ներկայացրեց, թե ինչ խնդիրների են բախվում հաշմանդամ մարդիկ մեր առօրյա կյանքում: Անմատչելի միջավայրի պատճառներից ամենագլխավորը, Զարուհի Բաթոյանի համոզմամբ, այն է, որ մայրաքաղաքում կամ հանրապետության մյուս բնակավայրերում կառուցվող, հիմնանորոգվող շենք-շինությունները, ժամանցի, հասարակական վայրերը շահագործման հանձնելիս չեն պահպանում մատչելիության չափանիշները. «Կամ էլ դրանք արվում են շատ մակերեսորեն՝ ինչ-որ բան անելու համար, ուղղակի թեքահարթակներ են կառուցում: Բայց եթե դպրոցը հիմնանորոգվում է կամ նոր է կառուցվում, եթե նոր հյուրանոց է բացվում, նոր ժամանցի կենտրոն, պետք է ի սկզբանե այդ նորմերը պահպանել եւ շատ ավելի խիստ լինել նախագծերի հաստատման ժամանակ եւ հետո նաեւ՝ կառուցելու, ինչը այս դեպքերում, ցավոք, չի պահպանվում: Կարծում եմ, որ այստեղից պետք է սկսել, որովհետեւ քաղաքն, այսպես թե այնպես, վերակառուցվում է, վերանորոգվում է եւ շինարարական աշխատանքներ են իրականացվում, եւ գումարները, այսպես թե այնպես, ուղղվում են այդ ամենին: Շատ կարեւոր է, որ այս դեպքում վերահսկողությունը լինի ճիշտ»:

Մեր այն հարցին, թե շատ հաճախ հաշմանդամ մարդիկ դժգոհում են, որ եղած թեքահարթակներն էլ մատչելի չեն, անհարմար են եւ սխալ թեքությամբ ու սայլակով օգտվելիս շուռ են գալիս, Զ. Բաթոյանն ասաց, որ անցումներում ընդհանրապես նպատակահարմար չէ թեքահարթակ կառուցելը. «Հիմա, օրինակ, վերգետնյա անցումներ են կառուցում, որի վրա անիմաստ է թեքահարթակ կառուցելը, այդպիսի անցումներում պետք է վերելակ տեղադրվի: Այդ անցումներում թեքահարթակը չի էլ կարող լավը լինել: Մատչելիությունը միայն թեքահարթակը չէ, եթե հնարավոր է՝ պիտի վերելակներ կամ ամբարձիչներ տեղադրել: Ի սկզբանե պետք է այդ շենքը հարմարեցված լինի, չպիտի սարքեն աստիճաններ, հետո դիմացը թեքահարթակ դնեն, այսինքն՝ արհեստական խոչընդոտներ չպետք է ստեղծեն, հետո փորձեն լուծել խնդիրը. թեքահարթակները անհրաժեշտ են հին շենքերը հարմարեցնելու համար»:

Մեր զրուցակցի խոսքերով՝ քաղաքը բազմաթիվ խնդիրներ ունի, եւ հնարավոր չէ ամեն ինչ միանգամից լուծել, բայց զգալի փոփոխության համար պետք է մի քանի անգամ ավելացնել մատչելիությանն ուղղված ծախսերը. «Այս տարի քաղաքապետարանը մայրաքաղաքի մատչելիության համար հատկացրել է 70 մլն դրամ, մինչդեռ նախորդ տարի շենքերի գունազարդմանը եւ Երեւանի տոնակատարությանը տրամադրել էր ավելի քան 310 մլն դրամ»:

Զ. Բաթոյանի ներկայացմամբ՝ երբ քաղաքացիներից ստորագրություններ էին հավաքում, գրեթե բոլորը զարմացել են, որ Երեւանում 61 հազար հաշմանդամ մարդ է ապրում:
«Անմատչելի միջավայրի պատճառով այդ մարդիկ փակված են իրենց տներում, մինչդեռ եթե զարգացած երկրներում տեսնեք, նրանք ամենուրեք մասնակցություն ունեն հասարակական կյանքին, եւ տպավորություն է, թե այդ երկրներում հաշմանդամները շատ են, բայց բոլոր տեղերում էլ նրանք կազմում են հասարակության 7-10 տոկոսը»:

«Առավոտի» այն հարցին, թե մեր երկրում քանի՞ հաշմանդամ մարդ կա, որ անմատչելի միջավայրի պատճառով զրկված է աշխատելու, կրթություն ստանալու եւ նրան հասանելիք այլ իրավունքներից, Զ. Բաթոյանն ասաց. «Թիվ չեմ կարող նշել, բայց այդպիսի մարդիկ բավականին շատ են: Այդ մարդկանց՝ տանից դուրս չգալու առաջին նախապայմանը անմատչելի միջավայրն է, տրանսպորտային խնդիրները, շենք-շինությունները: Եթե գործատուները այսօր պատրաստ լինեն ընդունել հաշմանդամություն ունեցող մարդկանց, միեւնույն է՝ մարդը չի կարող հասնել իր աշխատավայր: Այսինքն՝ մատչելիության խնդրով լուծում ենք հաշմանդամ մարդու բոլոր իրավունքների խնդիրները՝ կրթություն, աշխատանք, զբաղվածություն, հասարակական կյանքին մասնակցություն»:

Ըստ Զ. Բաթոյանի՝ այսօր մատների վրա կարելի է հաշվել այն հաշմանդամ մարդկանց, որոնք ակտիվ հասարակական կյանքով են ապրում. «Մի քանի մարդ կա, որոնք շատ ակտիվ են, բոլոր լրատվամիջոցները գիտեն, նրանք մի քանի հասարակական կազմակերպությունների ղեկավարներն են, իսկ կազմակերպության ղեկավարը կազմակերպության բոլոր անդամները չեն, իսկ այդ մարդիկ միայն առիթից առիթ են կարողանում լինել կազմակերպությունում: Այսինքն՝ դա չի նշանակում հասարակական կյանքում մասնակցություն ունենալ, մեծ մասն ուղղակի մեկուսացած է»:

Զարուհի Բաթոյանի խոսքերով՝ եթե մարզերում ճանապարհը կարճ է, եւ սայլակով մարդը կարող է ինչ-որ մեկի օգնությամբ հասնել իր ուզած վայրը, ապա Երեւանում հնարավոր չէ, մայրաքաղաքում պարտադիր է տրանսպորտից օգտվելը:

«Առավոտի» այն դիտարկմանը, թե մեր երկիրը ՄԱԿ-ի կոնվենցիան վավերացնելով՝ պարտավորվել է նաեւ ներառական կրթության ներդրում, որքանո՞վ են հաշմանդամ երեխաները կարողանում օգտվել այդ իրավունքից, Զ. Բաթոյանն ասաց. «Դա շատ բարդ հարց է, որովհետեւ մատչելիությունը կարող է աջակցել ներառական կրթության իրականացմանը, բայց չի կարող պայման լինել ներառական կրթության համար, որովհետեւ այստեղ հիմնականում սովորելու դժվարություններ ունեցող անձանց մասին է խոսքը: Եթե նրանք ֆիզիկական խնդիրներ չունեն, ապա հնարավորինս լուծվում են, մյուս կողմից՝ դպրոցները շատ անմատչելի են, եւ մատչելիությունը միայն թեքահարթակը չէ, եթե նույնիսկ կա թեքահարթակ, ներսում սանհանգույցների խնդիր կա, հարկից հարկ տեղաշարժվելու, դասասենյակից դասասենյակ տեղափոխվելու: Օրինակ՝ Գյումրիում կամ Կապանում ամբողջությամբ նոր դպրոց են կառուցել, զրոյից հրաշալի թեքահարթակ են կառուցել, կա հարմարեցված սանհանգույց, բայց դպրոցը 3-4 հարկանի է եւ չունի վերելակ: Ստացվում է, որ այդ ամենը ձեւական բնույթ է կրում»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031