Արդեն տեղեկացրել ենք , որ Թբիլիսիում ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցով ներկայացուցչի կազմակերպած լրատվամիջոցների 11-րդ հարավկովկասյան համաժողովի ժամանակ ադրբեջանցի լրագրող, «Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի խոսքի ազատության ցանցի» նախագահ Ազեր Հասրաթը հայտարարեց, որ Ադրբեջանում ձերբակալված լրագրողների եւ բլոգերների մի մասը իսլամական պետության ջատագովներ են, որոնք ուզում են, որ Ադրբեջանը վերածվի Իրանի նման իսլամական պետության:
Այսօր «Առավոտի» հետ զրույցի ժամանակ պարոն Հասրաթը երկրորդեց իր խոսքը: Նա ասաց, որ այդ բոլոր ազատազրկվածներից ինքն անձամբ ճանաչում է եւ հանրությանը հայտնի են ընդամենը երկուսը՝ երկու լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներ, իսկ մնացածը հանրությանն անհայտ մարդիկ են: Ըստ Ազեր Հասրաթի՝ նրանց մի մասը բնակվում է Հարավային Ադրբեջանում, գտնվում է անմիջապես Իրանի գաղափարական եւ անգամ ֆինանսական ազդեցության տակ:
«Ես ինքս մուսուլման եմ, բայց ես չեմ ուզում, որ իմ երկիրը՝ Ադրբեջանը, վերածվի իսլամական պետության, որ իմ երկրում գործեն շարիաթի կանոնները: Իսկ այդ մարդիկ հենց դա էին ցանկանում, տարածում էին այդ գաղափարները: Ադրբեջանը աշխարհիկ երկիր է, եւ մենք չենք ուզում վերածվել Իրանի եւ Աֆղանստանի նման երկրի: Ես չեմ կարող ասել, որ Իրանը մեր թշնամին է, բայց հոգու խորքում հասկանում եմ, որ բարեկամ երկիր չի»:
Հարցիս՝ արդյոք նման տրամադրություններ նկատվո՞ւմ են Ադրբեջանում, եւ արդյոք դա արդեն տագնապահարո՞ւյց է, նա պատասխանեց, որ նման տրամադրությունները տարածվում են հատկապես երիտասարդության շրջանում, քանի որ նրանք ավելի են հակված ենթարկվել ազդեցությունների, ինչը շատ լավ հասկանում են իսլամիստները եւ երիտասարդների միջոցով փորձում են հասնել իրենց ուզածին: «Սովետական շրջանում, երբ կրոնն արգելված էր, մարդկանց հոգեւոր կյանքում առաջացած բացը դարձել էր խոպան հող, եւ իսլամիստները շատ լավ հասկանալով դա, փորձում են իրենց գաղափարներով լցնել այդ բացը»,-ասաց մեր զրուցակիցը:
Նա անգամ ակնարկեց, որ այդ մարդկանց, բնականաբար, չէին կարող եւ չեն ազատազրկել իրենց հայացքների համար, այլ պատրվակներ են գտել, բայց եթե թողնեին ազատության մեջ, նրանք իրենց վտանգավոր հայացքներով Ադրբեջանի հասարակությանը մեծ վնասներ կարող էին հասցնել:
Կարդացեք նաև
«Ինչ վերաբերում է այն երկու գլխավոր խմբագիրներին, ապա ասեմ, որ ինքս էլ պայքարում եմ նրանց ազատելու համար: Ես անընդհատ ասում եմ, որ մեր իշխանություններին էլ պետք չի այդ մարդկանց պահել բանտերում եւ նրանց պատճառով անընդհատ ամոթանք ստանալ միջազգային կազմակերպություններից»,-ասաց պարոն Հասրաթը:
Նույն հարցով դիմեցի նաեւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական դեպարտամենտի խորհրդական Քամրան Հասանովին: Նա ասաց, որ չի կարող ասել, թե անազատության մեջ գտնվողներից քանի՞սն են իսլամիստների համակիրներ, միայն նկատեց, որ երբ Ադրբեջանում նախատեսվում էր «Եվրատեսիլի» անցկացումը, եղան մարդիկ, ովքեր իրենց կայքերով բռնության կոչեր էին տարածում. «Երեւի հիշում եք, որ լուրեր տարածվեցին, թե գեյ-շքերթ է անցկացվելու, եւ նրանք բռնության կոչեր էին հրապարակում՝ եկեք, գնանք, արգելենք, թույլ չտանք նման բան, խանգարենք, ջարդենք, փշրենք… Բնականաբար, նման կոչերի համար նրանք ձերբակալվեցին, բայց ես չեմ կարող ասել, որ նրանք Իրանի ազդեցության տակ էին, կամ ֆինանսավորվում էին Իրանից»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ


















































