Լրահոս
Օրվա լրահոսը

Առավոտցիներ. «Առավոտն» ամբողջ դաշտի «սուպեր» թերթն էր»

Նոյեմբեր 24,2014 13:00
Gevorg Abrahamyan

Գեւորգ Աբրահամյանը՝ թերթում աշխատած տարիների մասին

«Առավոտի» խմբագրությունում սենյակից սենյակ անցնելուց, բոլորին տեսնելուց հետո միայն առավոտցի Գեւորգ Աբրահամյանը մեզ հետ զրուցեց իր համար երբեմնի աշխավայր դարձած «Առավոտի» մասին:

Այս շաբաթվա «Առավոտցիներ» շարքը նրա մասին է: Աշխատել է «Հայք», «Ազգ» թերթերում, եղել է «Լրագիր» թերթի հիմնադիրներից: Պատմում է, որ «Առավոտում» երկու փուլով է աշխատել, նախ 8 էջանոցում՝ մի քանի ամսով, հետո վերադարձել է արդեն 16 էջանոց «Առավոտ»:

«Երկու տարի Ռուսաստանում «Արմենպրեսի» թղթակիցն էի: Արդեն այնտեղից վերադառնալով՝ հասկացա, որ միակ տեղը, որ ես ուզում եմ աշխատել «Առավոտն» է: Հիշում եմ՝ Նոր տարվա մոտ էր, զանգեցի Արամին, ասացի, որ ուզում եմ աշխատել «Առավոտում»: Ասաց՝ շարքային լրագրող պիտի լինես: Պատասխանեցի՝ մեծ սիրով,- պատմում է նա, ավելացնում,- «Առավոտը» միշտ ունեցել է սպեցիֆիկ, ինտելեկտուալ շարմ: Դրանից բացի՝ այն շատ ինտելիգենտ թերթ էր, նրբանկատ, չկար կոպիտ վիրավորանքների շարքը: Եթե նույնիսկ երեւույթների դեմ պատերազմական վիճակի մեջ էր մտնում, երբեք ցենզուրայից դուրս չէր գալիս: Երբ ես նորից եկա «Առավոտ»՝ 1999 թվականին, «Առավոտն» ամբողջ դաշտի «սուպեր» թերթն էր: Ամբողջ դաշտում չուներ մրցակից, կային թերթեր, իհարկե, բայց «Առավոտն» ուրիշ էր»:

Գեւորգ Աբրահամյանն «Առավոտում» լուսաբանել է քաղաքական, տնտեսական եւ միջազգային թեմաներ: «Մի որոշ ժամանակ միջազգային թեմաներով եմ գրել: Նոր էի եկել Մոսկվայից, ավելի լավ էի տիրապետում այնտեղի խնդիրներին: Ես մի փոքր այլ ձեւով էի դա լուսաբանում, ինչ-որ տեղ նաեւ կատակով, հումորով, որովհետեւ մենք այստեղ նստած մտածում էինք, այնտեղ չգիտեմ ի՜նչ մարդիկ են, բայց ես այնտեղ երկու տարի այդ մարդկանց հետ շփվել էի, գիտեի՝ իրենք ինչպիսին էին: Ասեմ, որ այն ժամանակ ռուսական նույն Պետդումայում պատգամավորների մի զգալի մասի մակարդակն ավելի բարձր չէր, քան մեր պատգամավորներինը, նույնը պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների մեծ մասի առումով»:

«Առավոտում» աշխատելու տարիներից մի հրապարակում է հիշում՝ հասարակական գործիչներից մեկի մասին էր գրել, թերթերից մեկն էլ որոշել էր իրենից պաշտպանել այդ գործչին. «Չորս անգամ ավելի ծավալով անդրադարձել էր իմ հրապարակմանը, թե ինչպես եմ ես համարձակվել նման բան գրել: Այդ ժամանակ ես ստացա իմ միակ պարգեւատրումը խմբագրության կողմից եւ ստացել եմ այդ թերթում «բանադրանքի սյունին գամվելու համար», ձեւակերպումն էլ լավ հիշում եմ»,- ծիծաղում է Գեւորգ Աբրահամյանը:

Չնայած բոլոր այն վայրերում, որտեղ նա աշխատել է, ջերմ մթնոլորտ է եղել, բայց առանձնահատուկ ջերմությամբ է հիշում «Առավոտի» աշխատակազմին. «Այն ժամանակ պտտվեիր խմբագրության միջանցքով, այսպես լռություն լիներ, անհնարին էր. մինչեւ գիշերը ժամը 10-ը, 11-ն այստեղ աշխույժ էր, աժիոտաժ, լավ առումով աժիոտաժ,- ասում է նա, հիշում մի դեպք,- 1999 թվականի ապրիլի 20-ին կրտսեր աղջիկս ծնվեց: Ես տանը ունեի շատ լավ գինի: Քանի որ երեխաս ծնվել էր, հաջորդ օրը վերցրեցի այդ գինին, քաղցրավենիք ու բերեցի այստեղ: Այն ժամանակ կար «օրենք»՝ առանց Արամ Աբրահամյանի ոչ ոք խմբագրությունում չէր խմում: Պայմանավորվեցինք, որ Արամ Աբրահամյանը գա, նոր կխմենք: Ես խառն էի՝ ուշքս ու միտքս հիվանդանոցի կողմը, բոլորին ասացի՝ ես գնում եմ, կսպասեք, Արամը կգա, առանց ինձ կխմեք: Առավոտյան գալիս եմ, տեսնում եմ՝ բոլորը տխուր դեմքերով երեսիս են նայում: Ասում եմ՝ ի՞նչ է եղել: Նայում եմ պատին, տեսնում եմ՝ Արամը ինձ գործից հեռացման հրաման է գրել: Ասում եմ՝ ինչո՞ւ, ասում է՝ դիտմամբ ես արել: Հետո զրուցեցինք, բացատրեցի, նկատողությունով ամեն ինչ եզրափակվեց… ես ոտքս քաշել էի, մարդիկ սպասել էին Արամին, ինքն էլ շատ ուշ էր եկել, տեսել էր արդեն բոլորը խմած, հարբեցողության են մատնված… (ծիծաղում է)»:

«Առավոտից» հետո Գեւորգ Աբրահամյանն իր մասնագիտական գործունեությունը որոշ ժամանակով շարունակել է «ԱՐ» հեռուստաընկերությունում, հիմա «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ «Հայփոստի» մամուլի քարտուղարն է: Աշխատանքի բերումով հաճախ է հաղորդակցվում բոլոր լրատվամիջոցների հետ, որեւէ մեկի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերելու իրավունք չունի. «Դաշտում բոլորն էլ իմ ընկերներն են: Բայց օրինակ՝ լրատվամիջոցի ցուցակներ ունեմ, «Առավոտի» անունն ամենաառաջինն է իմ ցուցակում (ժպտում է-հեղինակ)»:

Գնահատելով այսօրվա մամուլը, այդտեղ «Առավոտի» դերակատարությունը, պարոն Աբրահամյանը նկատում է, որ այսօր լրատվամիջոցներում ավելի քիչ է միջազգային անդրադարձը: «Մեր հասարակությունը շատ եսակենտրոն է դարձել, ինքն ամեն ինչին նայում է Հայաստանի կենտրոնից՝ Պրոսպեկտից ճառագայթված: Մենք այնքան ենք նեղմտացել, որ չենք հասկանում՝ աշխարհում ինչ է կատարվում, որովհետեւ մենք մենակ մեր կանգնած դիրքից ենք նայում աշխարհին,- ասում է նա, ավելացնում,- ընդհանուր մամուլն է փոխվել: «Առավոտը» իր դիմագիծը պահել է, բայց չկան օրինակ՝ Շեկոյանի հումորները, չկան Վասակի խմբագրած նյութերը, որ Վասակը խմբագրում էր, ու մեկ էլ՝ սկսում ծիծաղել, Աննա Իսրայելյանը իր շռնդալից նյութերը գրելու փոխարեն կայքն է խմբագրում: Տարիներ են, անցնում են, նորմալ պրոցես է, երեւի այդպես էլ պետք է լինի, բայց «Առավոտը» իր դիմագիծն այս տարիների ընթացքում պահել է: Այդ դիմագիծը, բնականաբար, ինչ-որ կոսմետիկ փոխոխությունների է ենթարկվել. հսկայական սերնդափոխություն է անցել այստեղով, այստեղ արդեն աշխատում են «Առավոտի» երեխեքը, շուտով կսկսեն աշխատել թոռները»,- ասում է նա:

Հիմա «Առավոտ» լրատվամիջոցի անունը լսելիս միանգամից խմբագիրը՝ Արամ Աբրահամյանն է աչքի առաջ գալիս. «Սա իր թերթն է, ինչ-որ տեղ իր արտացոլանքն է: Այստեղ լիքը մարդիկ կան, բայց այդ մարդիկ միշտ հավաքված են Արամի շուրջը: Որ ասում եմ՝ ինտելեկտուալություն ու պարկեշտություն ունի «Առավոտը», դա գալիս է Արամ Աբրահամյանից: «Առավոտը» տարբերվում է մյուս թերթերից: Այն հստակ դիմագիծ ունեցող թերթ է»:

Այսօրվա դրությամբ, ըստ Գեւորգ Աբրահամյանի, կարդալու մշակույթը վերացել է, կարծում է, որ դրա վերադարձով «Առավոտը» իր վերելքը նորից կապրի. «Ես ցանկանում եմ, որ կարդալու կուլտուրան վերադառնա: Եթե դա լինի, «Առավոտի» վրա առանձնահատուկ ազդեցություն կունենա, որովհետեւ այնտեղ լիքը կարդալու բան միշտ կա»:

Արդեն «Առավոտից» դուրս «Առավոտի» խմբագրությունում անկեղծանում է՝ առավոտցիների ու խմբագրության հետ կապը միշտ եղել է: «Այն ջերմ մթնոլորտը, որ կար, մնացել ու պահպանվել է մեր մեջ: Հնարավոր է՝ տարիներով չտեսնենք իրար, բայց երբ հանդիպենք, նախկինի պես ենք: Օրինակ, այն օրը՝ գնացել էի Էջմիածին. լինել այնտեղ ու չտեսնել Ոսկան Մամիկոնյանին, չէր կարելի, զանգել եմ, հանդիպել ենք, ու միայն նրա հետ չէ այդպես, բոլորի հետ դա պահպանվել է… «Առավոտում» աշխատած շրջանը լուսավոր շրջան է եղել բոլորիս համար, եւ այդ լույսը պահպանվել է մեր հարաբերություններում: Բայց շատ մեծ երկու լույսի շող է պակասել «Առավոտից»՝ Ժենիկի ու Նառայի լույսի շողերը»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930