Լրահոս
Օրվա լրահոսը

Համագործակցության հեռանկարները Թբիլիսիի, Սուխումի և Ցխինվալի համար

Դեկտեմբեր 13,2014 23:51

Երևանում այսօր անցկացվեցին քաղաքացիական լսումներ՝ «Հումանիտար և մշակութային ոլորտներում համագործակցության հեռանկարները Թբիլիսիի, Սուխումի և Ցխինվալի համար» թեմայով: Միջոցառմանը մասնակցում էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ և փորձագետներ Սուխումից, Ցխինվալից ու Թբիլիսիից:

Հյուսիսային Օսեթիացի անկախ փորձագետ, բլոգեր Ալան Պարաստաևի զեկույցը նվիրված էր վրաց-օսեթա-աբխազական համատեղ ծրագրերի զարգացման հեռանկարներին կամ ուղղակի վրաց-օսեթական ծրագրերին հումանիտար համագործակցության ոլորտում. «Թեման, կարելի է ասել, շատ զգայուն է, կոնֆլիկտային ու բարդ, և մեր հասարակության մեջ այն միանշանակ չի ընկալվում,- ասաց Ա. Պարաստաևը,- որոշակի նախաձեռնություններ կան, գործընթացը գնում է, բայց հիմա կարևոր է վրաց-օսեթական ժողովրդի համար, որ նա ադեկվատ արձագանքի այդ գործընթացին, այդ հարցի հետ կապված միջազգային նախաձեռնություններին: Կարևոր է, որ նա կարողանա օգտագործել դրանք իր օգտին և զարգացնել իր քաղաքացիական ինստիտուտները»:

Ինչ վերաբերում է նմանատիպ համագործակցություններին, Ա. Պարաստաևը գտնում է, որ իր երկրի նման երկրները ոչ մի դեպքում չպետք է բաց թողնեն դրանք. «Հիմա մեր երկիրը գնում է նրան, որ ճանաչվի միջազգային հասարակության կողմից: Գուցե դա միանգամից չլինի, և դրա համար տարիներ պահաջվեն, բայց դրան հասնելու հնարավորություններից մեկն էլ այսպիսի համագործակցություններն են, որոնք ռեալ հնարավորություն են տալիս միջազգային հարթակներ դուրս գալու, ճանաչվելու: Եվ կարծում եմ, որ այդ հնարավորությունը մենք չպետք է բաց թողնենք»,- ասում է նա:

«Թաբուլա» ինտերնետ հրատարակչության և հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Դմիտրի Ավալիանին (Թբիլիսի) էլ, որի զեկույցը նվիրված էր հումանիտար և մշակութային կապերի զարգացման հեռանկարներին, ասաց, որ մի փոքր վերլուծություն ունի այն մասին, թե այս ոլորտում ինչ է արվել վերջին տարիներին, օրինակ, վրացական կառավարության կողմից, ինչ ռեալ համագործակցություններ կան. «Ամենաակնառուն այս ոլորտում այն է, որ շատ մարդիկ այդ տարածաշրջաններց գալիս են Թբիլիսի կամ վրացական այլ առողջարաններ բուժվելու համար: Կարճ ասած՝ սա պետական ծրագիր է, որն աշխատում է: Իհարկե, դժգոհություններ էլ կան ինչպես Սուխումիի և Ցխինվալի  կողմից, այնպես էլ ինչ-որ չափով նաև վրաց ժողովրդի կողմից, քանի որ Վրաստանի շատ քաղաքացիներ չեն օգտվում այն նույն արտոնություններից, որոնցից օգտվում են Հյուսիսային Օսեթիայի և աբխազական տարածքների բնակիչները: Դա, իհարկե, հասկանալի քաղաքականություն է, որը պայմանավորված է այդ տարածքների շրջափակման մեջ լինելու հանգամանքով»,- ասաց Դ. Ավալիանին և կարճ անդրադարձավ այն հեռանկարներին, թե ինչ կարելի է անել այդ ոլորտում. «Կարծում եմ, որ հումանիտար կապերի պլանում մենք ավելի շատ հնարավորություններ ունենք  համագործակցելու՝ անկախ քաղաքական իրավիճակից: Շատ կարևոր է, որ տարանջատող գծեր հնարավորինս չլինեն, այսինքն՝ մարդկանց տեղաշարժի համար պետք է ստեղծել հնարավորինս լավ պայմաններ, որ նրանք կարողանան հանգիստ տեղաշարժվել, առևտուր անել, շփվել միմյանց հետ: Կարծում եմ՝ ներկա պահին դա է հիմնական խնդիրը»,- ասաց նա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031