Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխայիս գողացել են»

Դեկտեմբեր 22,2014 15:00

Պնդում է մայրը

Երեւանի բնակիչ 35-ամյա Ն. Ն.-ի երեխային ծնվելուց 3 օր հետո՝ ծննդատնից դուրս գրվելուց րոպեներ անց, գողացել են:

«Առավոտի» հետ զրույցում Ն. Ն.-ն պատմում է, որ իր ծանոթները չարաշահելով իր վստահությունն ու միայնակ լինելը՝ խաբեությամբ երեխային մորից բաժանել են եւ տարել անհայտ ուղղությամբ:

Անցյալ տարի հուլիսի 12-ին Ն. Ն.-ն ծննդաբերել է «Դավիթ Անհաղթ» բուժկենտրոնում (բ/կ), իսկ հուլիսի 15-ին նրան ծննդատնից դուրս են գրել: Կնոջ պատմելով՝ իր ծանոթը՝ Էդիսոն Ադյանը, թե ծննդաբերելու եւ թե դուրս գրվելու օրը հիվանդանոցում ներկայացել է որպես երեխայի հայր, ապա իր բարեկամուհու հետ Ն. Ն.-ին հիվանդանոցում դիմավորել է, առաջարկել է մեքենայով ուղեկցել ծծնդկանին, վերջինս առանց որեւէ վատ բան կասկածելու՝ համաձայնել է ու նստել մեքենան: Հետո մեքենան կանգնեցրել են՝ պատճառաբանելով, թե իրենց ծանոթ բժիշկը պետք է տեսնի Ն. Ն.-ին, ու հրաժարվել են երեխային տալ մորը՝ վստահեցնելով, որ նա մինչեւ բժշկի հետ զրուցի վերջացնի, իրենք երեխային կպահեն, բայց երբ կինը մեքենայից իջել է, մեքենան արագ տեղից շարժվել է:
Բանն այն է, որ երբ այս միայնակ կինը հղիացել է արտամուսնական կապից, որոշել է դիմել նախկին ամուսնու (ամուսինը մահացած է- Ն. Բ.) ծանոթ բժշկին՝ Հրաչ Կալուստյանին, որը եւս, մինչ երեխայի ծնվելը, մեծ վստահություն էր վայելում կնոջ մոտ:

«Ամուսնուս մահից հետո միակ մարդն էր բժիշկը, որին ընդունում էի իբրեւ լավ ընկեր, միշտ ինչ-որ խորհուրդներով օգնում էր ինձ: Իսկ երբ իմացա, որ հղի եմ, վախեցած էի, շփոթված, չգիտեի ինչ անել: Մի պահ որոշել էի, որ աբորտ պիտի անեմ, որովհետեւ երեխայի հայրն ասել էր, որ պատրաստ չէ: Աբորտի համար էլ դիմեցի բժիշկ Կալուստյանին, որի հետ Հանրապետական հիվանդանոցում ինձ պատրաստեցին աբորտի: Մի որոշ ժամանակ հիվանդասենյակում մենակ մնալուց հետո հասկացա, որ ես չեմ ուզում հրաժարվել իմ երեխայից, ու Կալուստյանին ասացի այդ մասին: Նրա խորհրդով երեխայի հորը խաբեցինք, որ իբր վիժեցում առաջացնող դեղ եմ խմել ու վիժել եմ: Բայց այդ օրը բժիշկն ինձ ասաց՝ «Լավ որոշում ես կայացրել, գիտեմ քո սոցիալական վիճակը, եթե կուզենաս, մարդիկ կան, որ կարան երեխային վերցնել»,- պատմում է Ն. Ն.-ն:

Այս կնոջ ներկայացմամբ՝ մինչ հղիանալն ու հղիության մի քանի ամիսներին ապրել է Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում, որտեղ նրան որպես այդտեղի աշխատող տնօրինությունն ընդառաջել է եւ հենց աշխատողների համար նախատեսված սենյակ է տրամադրել: Ն. Ն.-ն խնդիրներ ունենալով հարազատների հետ՝ լքել էր Երեւանում գտնվող հայրական տունն ու ապրում, աշխատում էր այդ հյուրանոցում, մինչեւ որ վերանորոգման աշխատանքներ սկսվեցին, ու կինը ստիպված պետք է դուրս գար սենյակից, աշխատանքից՝ եւս: Եվ որպես այս աշխարհում միակ ընկեր՝ կինը նորից օգնության համար դիմում է բժիշկ Կալուստյանին՝ որեւէ կացարան գտնելու համար: Ն. Ն.-ն պատմում է, որ բժիշկն առաջարկում է իր ծանոթներից մեկին պատկանող Աբովյան քաղաքում բնակարանի մի սենյակում ապրել անվճար: Իր նոր կացարանի հետ ծանոթանալու օրն էլ այս կինը ծանոթացել է այն անձի հետ, որը, Ն. Ն.-ի պատմելով, երեխային գողացել է. այդ անձը, ըստ Ն. Ն.-ի, Էդիսոն Ադյանն է: Կինը պատմում է, որ ծանոթության հենց առաջին պահից էլ Ադյանն իրեն դրսեւորել է որպես պարկեշտ ու սրտացավ մարդ, ուստի այս հղի կնոջ մոտ որեւէ կասկած չի առաջացել, որ այս բարերարը «աչք է դրել» դեռ չծնված երեխայի վրա: «Մի քանի ամիս այդ բնակարանում ապրելու ընթացքում Ադյանը երբեմն գնում-գալիս էր, ես ֆինանսական վատ վիճակում էի, ոչ ոք չունեի, մայրս հաշմանդամ է, խուլ-համր, իր մոտ չէի կարողանում սիրտս բացել, բացի այդ՝ նրան չէի կարողանում հաճախ տեսնել, քրոջս հետ ընդհարված էի ու տուն չէի կարողանում գնալ: Ինձ բժիշկն էր օգնում, ամիսը մեկ 15-30 հազար դրամ գումար էր տալիս, խոստացել էի, որ վերադարձնելու եմ: Բժիշկը մի օր խոստովանեց, որ այդ գումարներն Ադյանն է տվել»: Մինչեւ երեխայի ծնվելը, Ն. Ն.-ի պատմելով, 2-3 անգամ նրան ակնարկ են արել, որ իբր ծննդաբերելուց հետո փոքրիկին տալու է Ադյանին. կնոջ պնդմամբ՝ ինքը չի համաձայնել:

Ն. Ն.-ն ասում է, որ բժիշկ Կալուստյանի հորդորով ինքը որպես հղի հաշվառվել է «Քանաքեռ-Զեյթուն» հիվանդանոցի մոտ գտնվող «Դավիթ Անհաղթ» պոլիկլինիկայում, որը նաեւ ծննդատուն ունի. մի անգամ երբ կինը կոնսուլտացիայի է եղել այդ բուժկենտրոնի բժշկուհիներց մեկի մոտ, բժիշկ Կալուստյանն իրեն զանգահարել է եւ խնդրել իրեն սպասել այդտեղ. ուզում է ինչ-որ անձանց հետ Ն. Ն.-ին ծանոթացնել: «Երբ բժշկուհու սենյակից դուրս եկա, դռան մոտ երկու տղամարդ էին ինձ սպասում, Կալուստյանը ծանոթացրեց ու ասաց՝ մինչ ինքը բժշկուհու նշանակած դեղերը կգնի, ես այդ տղամարդկանց ուղեկցությամբ դուրս գամ պոլիկլինիկայից: Նրանք ինձ ուղեկցեցին, բան չէի հասկանում, չէի ուզում նրանց հետ շփվել, խոսել, ու չէի էլ խոսում: Պոլիկլինիկայի բակում սպասում էի՝ մինչեւ բժիշկը գա, չհասկացա էլ, թե ինչու ինքը որոշեց դեղերն առնել: Բժիշկն ինձ զանգեց ու ասաց, որպեսզի չմրսեմ, իսկ դրսում շատ ցուրտ էր, այդ տղամարդկանց հետ նստեմ իրենց մեքենան ու սպասեմ իրեն: Ստիպված նստեցի, ու նրանցից մեկը՝ Յուրա Ադյանը, խոսակցություն բացեց, հարցրեց՝ դու իրո՞ք հղի ես, երեխային կարո՞ղ ա տաս մեզ: Ես մի պահ շփոթվեցի, ասացի՝ հա, հղի եմ, հետո սթափվեցի ու ասացի՝ ոչ, չեմ տալու երեխային, ու դուրս եկա մեքենայից: Նման մի խոսակցություն էլ Աբովյանի բնակարանում Էդիսոնն էր մի կնոջ հետ բացել, էլի երբ վրդովվեցի, սկսեցի հարցնել՝ ո՞վ է ձեզ նման բան ասել, թեման փոխեցին»:

Երեխայից հրաժարվելու ակնարկ նաեւ բժիշկ Կալուստյանն է արել այս կնոջը. իր աշխատասենյակում, երբ հղի կինը բորբոքված փորձել է պարզել, թե ինչ ակնարկներ են անում, բժիշկ Կալուստյանն ասել է՝ «Բա քո վրա էդքան փող են ծախսել, համարյա 1000 դոլար, բա ի՞նչ ես ուզում, բա էն որ հիվանդանոց էիր պառկել, դեղերը եւ այլն»: Ն. Ն.-ի պատմելով՝ «Այդ ժամանակ ես չգիտեի, որ հղիների բուժումն անվճար է, ասացի, որ ես էդ փողերը կվերադարձնեմ, ու բժիշկն ասաց՝ դե լավ, հանգստացի, բան չկա, ու Էդիսոնին ասաց, որ ինձ տուն տանի: Անկեղծ ասած, ես մի քիչ հանգստացա, մտածեցի, որ էլ նման թեմա չեն բացի, որովհետեւ հստակ «ոչ» էի ասել»: «Առավոտի» այն հարցին՝ մի քանի անգամ երեխայից հրաժարվելու ակնարկներն արդյոք հիմք չէի՞ն հասկանալու, որ պետք չէ այդ մարդկանց վստահել, կինն ասում է. «Մտքովս չի անցել, որ այս դարում կարելի է երեխա գողանալ, կամ էլ ո՞նց պիտի ուրիշի երեխային վերցնեն տանեն»:

Ն. Ն.-ն մի փոքր հանդարտվում է, մտավախություններն էլ փարատվում են, բայց բժիշկը որոշել էր նրա ծննդաբերությունն արագացնել, ու կնոջ վստահեցմամբ՝ ինչ-որ դեղահաբ է տվել, որն օգտագործելուց ժամեր անց կնոջ մոտ ծննդաբերական ցավերը սկսվել են, ու 2013 թվականի հունիսի 12-ին ծնվում է Արթուրը, որին պետք է մորից խաբեությամբ բաժանեին: Ն. Ն.-ն պատմում է, որ ծննդատանն ասել էին՝ իբր երեխան վատ է, եւ առաջին օրը թույլ չեն տվել տեսնել երեխային: Հետո, երբ բուժանձնակազմի հերթափոխը փոխվել է, կարողացել է մի քանի ժամ շփվել իր փոքրիկի հետ: Բայց օգտվելով ծննդկանի վատառողջ վիճակից, հավանաբար, ամեն ինչ հաշվարկված է եղել, բժիշկ Կալուստյանը զանգահարել է Ն. Ն.-ին ու ասել, որ ինչ-որ փաստաթղթեր է ուղարկում, որպեսզի ծննդկանն արագ ստորագրի, դա երեխայի ծննդականի համար է, կինը ստորագրել է: Դրանից հետո Էդիսոն Ադյանը փոքրիկի ծննդականում որպես հայր գրանցել է տվել իր անունը, ծննդականում գրված է՝ Արթուր Էդիսոնի Ադյան: Թվում է, թե միայն ծննդականում հայր ձեւանալով՝ հայր չեն դառնում, բայց բժիշկ Կալուստյանն ու Ադյանն ավելի հեռու են գնացել: Երբ հիվանդանոցից Ն. Ն.-ն դուրս է գրվել, ու Ադյանը նրան տարել է Կալուստյանի մոտ, «Դավիթ Անհաղթ» բ/կ-ի մոտ կնոջը մեքենայից խաբեությամբ իջեցրել է՝ փոքրիկին մորը չտալով, մեքենան մեծ արագությամբ տեղից շարժել է, որպեսզի մայրը չկարողանա հասնել հետեւից: Կինը շփոթված նորից դիմել է Կալուստյանին, որը նրան վստահեցրել է, թե մի քիչ կսիրեն երեխային, հետ կբերեն, ապա չուշացնելով՝ հենց այդ նույն օրը Ն. Ն.-ին տարել է Շենգավիթի նոտարական գրասենյակ ու նրան համոզել ստորագրել մի թղթի վրա, որով կինն ակամայից իր երեխայի խնամքն ու դաստիարակությունը հանձնել է Էդիսոն Ադյանին: «Ես շատ վատ վիճակում էի, չէի կողմնորոշվում, թույլ էի, չէի գիտակցում՝ ինչ եմ անում, ուշք ու միտքս երեխան էր՝ ո՞ւր տարան, սոված է, ե՞րբ կբերեն, մեկ էլ նոտարի մոտ ինչ-որ բան են կարդում՝ իբր երեխայի խնամքը հանձնում եմ հորը: Հարցեր էի տալիս Կալուստյանին, նա վստահեցնում էր՝ բան չկա, ստից բան է, մի անհանգստացի»,- պատմում է Ն. Ն.-ն: Ու այսպես՝ իր իսկ ձեռքով, իր իսկ ասելով՝ Ն. Ն.-ն միամտորեն կորցնում է երեխային:
Արդեն մեկ տարուց ավելի կինը պայքարում է իր երեխային գտնելու համար, առայժմ «Առավոտին» չի հաջողվում կապ հաստատվել Էդիսոն Ադյանի հետ, վերջինս Ն. Ն.-ի խոսքերով՝ Հայաստանում չէ, իսկ բժիշկ Կալուստյանի հետ մենք փորձեցինք կապնվել, «Դավիթ Անհաղթ» բուժհիմնարկից մեզ վստահեցրին, որ նա այլեւս իրենց մոտ չի աշխատում: Ն. Ն.-ի փաստաբանը մեզ վստահեցրեց, որ Կալուստյանն էլ հանրապետությունում չէ:

Թե իրավական ինչ քայլեր է ձեռնարկել Ն. Ն.-ն իր՝ արդեն 1 տարին լրացած Արթուրին վերադարձնելու համար՝ կանդրադառնանք առաջիկայում:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Հ. Գ. Նյութը պատրաստվել է «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ի Արագ արձագանքման խմբի շրջանակներում:

«Առավոտ» օրաթերթ
20.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Խաղահրապարակում հայերն են հայեցի մոտեցումներով:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031