Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղ գնալու համար բնակիչները շատ հաճախ ստիպված են լինում տաքսի վարձել

Դեկտեմբեր 29,2014 21:45

Կապանից 35 կմ հեռավորության վրա գտնվող Տանձավեր գյուղի բնակիչներն ամեն անգամ գյուղից քաղաք  հասնելու համար դժվարությունների են հանդիպում: Կապանից դեպի Տանձավեր տրանսպորտ գործում է շաբաթը միայն մեկ անգամ, շաբաթվա մյուս օրերին բնակիչները ստիպված են լինում մարզկենտրոն հասնելու այլ տարբերակներ փնտրել: Տանձավերի բնակիչ Հարութ Գեւորգյանի խոսքով` միայն հինգշաբթի օրն են կարողանում ավտոբուսով գյուղ գնալ, իսկ մյուս օրերին գյուղից քաղաք կամ քաղաքից գյուղ գնալու համար ստիպված են լինում տաքսի վարձել, ինչն էլ թանկ է գյուղացու գրպանի  համար:  Նշենք, որ տվյալ տրանսպորտային միջոցից օգտվում են ոչ միայն տանձավերցիները, այլեւ նույն երթուղուց օգտվող եւս մի քանի գյուղերի բնակիչներ:  Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանի խոսքով`  ուղեւորահոսքի բացակայությունն է պատճառը, որ  շաբաթական միայն մեկ անգամ է տրանսպորտ աշխատում  այդ ուղղությամբ: «Մենք պարբերաբար հայտարարություններ ենք տալիս, բայց հայտ ներկայացնողներ չեն լինում: Կապան-Ծավ, Կապան-Ուժանիս, Կապան-Գեղանուշ, Կապան-Անտառաշատ ուղղություններով  հասարակական տրանսպորտ չի աշխատում, քանի որ այդ երթուղիների  սպասարկման համար տրված  հայտարարություններն անարձագանք են մնացել, ոչ մի կազմակերպություն չի ցանկացել մասնակցել: Նմանատիպ վիճակ է նաեւ Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջաններում»,- ասաց պարոն Աղաբեկյանը:

Երթուղիները սպասարկող կազմակերպությունները տարբեր առիթներով  նշել են, որ իրենց ձեռնտու չէ աշխատել ուղեւորահոսքի բացակայության պայմաններում, այժմ  առավելեւս, երբ վառելիքի գինը թանկացել է:

Սարիկ Աղաբեկյանը տեղեկացրեց, որ տրանսպորտային միջոցները գործում են նույն սակագնով եւ ուղեվարձի թանկացումներ վերջին շրջանում չեն եղել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031