Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում կատարված ողբերգությունը հարմար պա՞հ են համարում հարձակումներ գործելու համար. «Հայոց աշխարհ»

Հունվար 21,2015 12:26

1-2 օրվա ընթացքում հետախուզադիվերսիոն 8 գործողության փորձը իսկապես շատ է: Դա ավելի շատ համակարգված հարձակողական գործողության տպավորություն է թողնում, քան սոսկ հետախուզության կամ դիվերսիայի: Կամ էլ, ինչպես զինվորականներն են ասում՝ «հետախուզություն՝ մարտով»:

Մեր զինված ուժերը, իհարկե, վերահսկում են իրավիճակը եւ հակահարված են հասցնում թշնամուն: Բայց բուն հարցն այն է, թե ինչ խնդիր է հետապնդում թշնամին. առաջնագծի առանձին տեղամասերում անցնել համեմատաբար ընդգրկուն մարտական գործողությունների՞, ուղղակի կտրուկ ապակայունացնե՞լ իրադրությունը, թե՞, օրինակ, հասնել մի իրավիճակի, երբ բանակցային գործընթաց կոչվածը կամ դրա շարունակությունը բացարձակապես անիմաստ կդառնան մի տեւական շրջան:

Հնարավոր է նաեւ պատերազմի վերսկսման տարբերակը, որը, սակայն, գրեթե բոլոր փորձագետներն ու նաեւ պաշտոնական դեմքերը, այսպես ասենք՝ քիչ հավանական են համարում: Իրականությանն ավելի համարժեք է թվում այն տեսակետը, որ Բաքուն ուղղակի շարունակում է անցյալ տարի նորովի բորբոքած «սահմանային պատերազմը»՝ շարունակական լարվածության մեջ պահելով թե՛ մեր սահմանագոտին, թե՛ ՀՀ ու ԼՂՀ զինված ուժերին, թե՛ նաեւ տարածաշրջանը:

Հարկավ ադրբեջանական կողմի «կրակային ակտիվությունը» մի շարք գործոններով կարող է պայմանավորված լինել: Այդ թվում, նկատենք, հունվարի 20-ին Բաքվի ջարդերի 25-րդ տարելիցն էր: Ըստ որում՝ ադրբեջանական զեղծարարության համաձայն, հայերի ու նաեւ այլ ազգերի ներկայացուցիչների «որսն» ու կոտորածը պաշտոնական Բաքուն հրամցնում է որպես… ադրբեջանցիների ջարդ: Այդ տարելիցը, իհարկե, կարող էր թշնամու ակտիվացման շարժառիթներից մեկը լինել:

Միաժամանակ դժվար չէ ենթադրել, որ Հայաստանի Բանակի օրվան՝ հունվարի 28-ին ընդառաջ, հակառակորդը շարունակելու է լարվածության հանգեցնող քայլերի դիմել:

Ամենեւին չի կարելի բացառել նաեւ Գյումրիում կատարված ողբերգության հետ որոշ աղերսները: Հասկանալի է, խոսքը ոչ թե ուղղակի կապի մասին է, այլ այն բանի, որ Գյումրիում կատարված ողբերգության հետեւանքով Հայաստանում բավական ծանր հասարակական մթնոլորտ է, եւ թշնամին դա կարող է հարմար պահ համարել հարձակումներ գործելու, ակտիվանալու համար:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031