Լրահոս
Օրվա լրահոսը

Ճշմարտությունը միայն մեկն է, եւ ես հավատում եմ` 1915-ին Ցեղասպանություն է եղել. Ֆաթիհ Աքըն

Փետրվար 02,2015 13:25

Ծագումով թուրք գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» (The Cut) ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայազգի Նազարեթ Մանուկյանի մասին: Ցեղասպանությունից տարիներ անց նա պատահաբար իմանում է, որ իր զույգ դստրերը, հնարավոր է, նույնպես փրկվել են, և սկսում որոնել նրանց՝ հասնելով մինչև Հյուսիսային Դակոտա: Ֆիլմի տևողությունը 138 րոպե է, այն անգլալեզու է, սցենարի հեղինակներն են Աքինն ու հայազգի Մարդիկ Մարտինը: Հունվարի 30-ին «Սպի»-ն ցուցադրվեց նաև Երևանում՝ փակ ցուցադրությամբ: ArmenianGenocide100.org-ը զրուցել է ռեժիսոր Աքինի հետ, որն էլ պատմել է ֆիլմի, Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշման մասին ու ոչ միայն:

-Ե՞րբ առաջին անգամ լսեցիք Հայոց ցեղասպանության մասին:

-Կարծես ավարտական դասարանում էի՝ 15 կամ 16 տարեկանում: Երբ իմացա Ցեղասպանության մասին, չէի հավատում, որ թուրքերը կարող էին նման բան անել, ու սկսեցի կարդալ, ուսումնասիրել, ուզում էի ավելին իմանալ: Մի քանի գիրք կարդացի, այդ թվում՝ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն  օրը». այդ ժամանակ, կարծես, արդեն 19 տարեկան էի: Ու տարբեր գրքեր կարդալուց հետո հասկացա, որ ցեղասպանությունը եղել է, մենք դա արել ենք, բայց այդ մասին չի ասվում:

 -Ո՞րն է Ձեր անձնական տեսակետը 1915-ի դեպքերի մասին:

-Երբ վերջերս Թուրքիայում էի, շատերն ինձ նախատում էին, թե ինչու եմ ֆիլմումս միակողմանի ցույց տվել 1915-ի դեպքերը: Ես էլ պատասխանում էի, որ չկա երկու կողմ: Սա Բարսելոնայի ու Ռեալ Մադրիդի միջև խաղ չէ, որ կարող է երկու տարբեր տեսակետ լինել: Ճշմարտությունը մեկն է, ու ես հավատում եմ, որ 1915-ին ցեղասպանություն է եղել: Բայց չգիտեմ, թե որքանով է դա դիրքորոշում կոչվում. դա ուղղակի այն է, ինչին ես հավատում եմ:

-Թուրքիայում ֆիլմի ցուցադրությունից առաջ ասում էիք, որ այդ երկիրը պատրաստ է Ցեղասպանության մասին ֆիլմ դիտելուն: Հիմա՞ էլ եք նույն կարծիքին:

-Այո, կարծիքս չի փոխվել, որովհետև ֆիլմը ցուցադրվեց թուրքական կինոթատրոններում, մուտքը բաց էր բոլորի համար, որևէ սահմանափակում դրված չէր: Այսինքն, եթե ինչ-որ մեկն ուզում էր դիտել ֆիլմը, ապա կարող էր գնալ և անել դա, կամ եթե որևէ կինոթատրոն ուզում էր ցուցադրեր այն, նույնպես կարող էր անել դա: Այսինքն, այն դիտելու բոլոր հնարավորությունները կային: Բայց այլ հարց է, թե արդյոք դրա հանդեպ հետաքրքրություն կար… Որոշ մարդիկ հետաքրքրված էին, բայց նրանց թիվը մեծ չէր: Մենք փոքրամասնություն ենք կազմում՝ մարդիկ, որոնց հետաքրքրում է այս թեման: Բայց իմ պես մարդիկ միշտ են փոքրամասնության մեջ: Եթե մեծամասնություն լինեինք, այստեղ նստած չէի լինի: Ու բոլոր ասպարեզներում է այդպես՝ երաժշտության մեջ, գրականության, կինոարտադրության, նորաձևության… Ամեն ասպարեզում. դա փաստ է:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728