Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը պարել է Սուրիկ Խաչատրյանի որդու հարսանիքին»

Փետրվար 02,2015 17:05

ՀՀ նախագահին, կառավարությանը եւ արդարադատության նախարարության աշխատակազմերին հարցում ուղարկած Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը դեռ պատասխան չի ստացել:

Բայց ինչպես ինքն է ասում` դեռ չի շտապում մտահոգվել իր հարցման պատասխանը չստանալուց, թեեւ հարցմանը պատասխանելու 5 օրյա ժամկետն անցել է. «Չգիտեմ` իմ ուղարկելուց հետո քանի օր անց են ստացել հարցումս, այդ պատճառով նորմալ է, դեռ սպասում եմ պատասխանի»:

Հիշեցնենք, որ նա հարցման միջոցով փորձել է պարզել, թե արդյոք ՀՀ նախագահը, վարչապետը մասնակցե՞լ են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի հարսանիքին:

Նա Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց ավելի վաղ News.am-ին հայտնած իր պնդումը, որ «Եթե պարզվի, որ նրանք մասնակցել են հարսանիքին, ապա դատարանում Սուրիկի Խաչատրյանի որդու Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ մեր հայցն անիմաստ է դառնում, եթե նախագահն ու վարչապետը գնում են մտերիմի հարսանիքին»:

Պարոն Ալումյանը իր հարցման պատասխանը ստանալուց հետո, այլեւս չի սպասելու ներպետական ատյանների դատավճիռներին, դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան` համապատասխան ապացույցներով, որ ներպետական ատյանները արդյունավետ չեն:

Հայկ Ալումյանի հայտարարությունը մեկնաբանեց նաեւ Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը` վստահեցնելով, որ ինքը տեղեկություններ չունի, թե արդյոք վարչապետն ու նախագահը մասնակցե՞լ են Տիգրան Խաչատրյանի հարսանիքին, թե` ոչ. «Հայաստանի Սահմանադրության համաձայն դատարանները անկախ են եւ անկախ են իրականացնում արդար դատաքննություն: Թե ով է մասնակցել ում հարսանիքին, չի կարող ազդել դատարանի վրա ու նպաստել դրական արդյունքով դատավճռին: Ես պնդում եմ` անկախ մարմնի վրա որեւէ մեկը չի կարող ազդել»:

Aravot.am-ի աղբյուրը`Գորիսի բնակիչը, պատմեց, որ մարզպետի որդու հարսանիքին բարձրաստիճան շատ պաշտոնյաներ են մասնակցել. «Ահագին նախարարներ են եղել, մենակ ոստիկանապետը չի եկել, նախագահն էլ է ներկա եղել ու պարել է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728