Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Ո՞րն եք տեսնում ելքը, ուզում եք խնդիրը հասունացնել, հասարակությունը դուրս գա փողո՞ց»

Փետրվար 02,2015 18:10 Share

Այս պահին ԱԺ-ում քննարկվում է խնդրահարույց «Շրջանառության հարկի» մասին օրենքի նախագիծը, որն առաջարկում է պարտադիր փաստաթղթավորման պահանջը փետրվարի 1-ից երկարացնել մինչեւ հուլիսի 1-ը:

ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին հարցրեց. «Ասում եք՝ կքննարկենք, կգտնենք լավագույն ձեւը: Բայց այս կառավարությունը ժամանակ ուներ դրա համար, ո՞րն եք տեսնում ելքը, ուզում եք խնդիրը հասունացնել, հասարակությունը դուրս գա փողոց, պահանջի, էլի հետաձգե՞ք, քան թե խնդիրը լուծեք: Ինչպես՞ եք տեսնում այս 5 ամսվա ձեր աշխատանքը: Մենք երաշխիք կարո՞ղ ենք ունենալ, որ հուլիսի 1-ին այնպիսի լուծում կգտնեք, որ ստիպված չենք լինի նորից հետաձգել: Կարո՞ղ եք երաշխավորել, որ սա կլինի իսկապես խնդրի լուծում»:

Վախթանգ Միրումյանն ասաց, որ ինքնանպատակ չեն հետաձգել առաջին անգամ եւ երկրորդ անգամ. «Առաջին անգամ հետաձգեցինք, որովհետեւ դեռեւս խոշոր հարկ վճարողների հետ պետք է աշխատանք տանեինք: Կար նաեւ հարցի երկրորդ կողմը՝ մեր տնտեսվարողները բարձրացրել էին մի քանի խնդիրներ, որոնք պրակտիկայում լուծման կարիք ունեին: Թիվ մեկ խնդիրն այն էր, որ տոնավաճառում գործունեություն իրականացնողները, որոնք Թուրքիայից, Միացյալ էմիրություններից, Չինաստանից ապրանք էին ներմուծում, հնարավորություն չունեին ապահովել փաստաթղթի ձեռքբերումը: Որոշում ընդունվեց, որ բոլոր նրանք, ովքեր դրսից թուղթ կբերեն, կշարունակեն գործել Շրջանառության հարկի դաշտում: Երկրորդ խնդիրն այն էր, որ գույքագրման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ձեւը բարդ է, չեն կարող ըստ ապրանքատեսակների լրացնել: Պարզեցվեց այդ ձեւը եւ թողեցինք երկու սյուն: Եթե տնտեսվարողը հեռախոս է վաճառում, կարիք չկա, որ գրի ինչ տեսակի է՝ Սամսունգ կամ այլ, բավական է գրել հեռախոս եւ քանակը»:

Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը հետաքրքրվեց. «Եթե բարեփոխման մեջ բնակչությունը չի մասնակցում, ցանկացած բարեփոխում դատապարտված է տապալման: Ո՞րն է հիմքը, որ այս օրերին խնդիրը չլուծվեց, առաջիկա 120 օրերին պիտի անեք, նոր օրենքը մտնի ուժի մեջ: Որո՞նք են բացթողումները, որ կառավարությանը անցած 120 օրերին չբավարարեց անել:

Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ Շրջանառության հարկի մասին օրենքի վերջին տարբերակը փոխզիջումային տարբերակ էր, միջազգային պրակտիկայում կիրառվող թիվ 1 բանաձեւը. «Մեր առջեւ ծառացան խնդիրներ, որոնց լուծումները մենք տվեցինք, եւ մեր կարծիքով, կատարված փոփոխությունները պետք է բավարար լինեին, որ օրենքն աշխատեր փետրվարի 1-ից: Կար բավարար հիմքեր, որ օրենքն աշխատեր»:

Թեւան Պողոսյանը արձագանքեց. «Ձեր կարծիքներն ու ձեր պատկերացումները կապ չունեն հասարակության իրական խնդիրների հետ, միգուցե այդտեղ պետք է նայել բացթողումները»:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքերով` մարդկանց անորոշությունների դաշտ եք տանում. «Երբ երկու անգամ պաուզա եք տալիս, նշանակում է մոդելի փոփոխություն պետք է լիներ: Ինչի՞ եք ուզում բերեք մարդկանց պարտադրեք փաստաթղթեր, դա լրացուցիչ բեռ է, անունը ինչ ուզում եք դրեք»:

Արծվիկ Մինասյանը խնդրեց բացատրել, թե կառավարության նիստում ասած այդ կամավորության գաղափարն ինչի՞ն է վերաբերում:

Փոխնախարարը պատասխանեց. «Կամավորության գաղափարը վերաբերում է հարկման ռեժիմների կամավորությանը»:

Վախթանգ Միրումյանն ասաց, որ պետբյուջեն ունի լուրջ վնասներ եւ այդ վնասը կարող է հասնել 4 մլդ-ի: Շրջանառության հարկի 3.5 տոկոս դրույքաչափի փոխարեն գործում է  1 տոկոսը, բայց չեն ստանում խոշորներից այն եկամուտները, որոնք պետք է ստանային՝ փաստաթղթավորման դեպքում:

Արծվիկ Մինասյանը եզրակացրեց՝ եթե հաշվել էիք, որ պետք է 4 մլրդ եւ ավելի գումար բերեիք խոշորներից, նշանակում է դա ստվեր չի ձեզ համար: Դուք ստվերը լավ էլ գիտեք որտեղ է, եթե հաշվում եք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728