Լրահոս
Օրվա լրահոսը

Աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախմբի ժողով Հռոմում

Փետրվար 03,2015 10:35

Հունվարի 24-31-ը Հռոմում (Իտալիա) տեղի ունեցավ Կաթոլիկ եկեղեցու եւ Արեւելյան Ուղղափառ եկեղեցիների միջեւ Աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախմբի  հերթական, 12-րդ հանդիպումը: Աստվածաբանական երկխոսության թեման վերաբերում էր Եկեղեցական խորհուրդներին` կրելով «Եկեղեցական խորհուրդների պատմական զարգացումն ու աստվածաբանությունը» խորագիրը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից միջազգային աստվածաբանական հանձնախմբին մասնակցում էին ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու եւ Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պաշտոնական մամուլի եւ Հրատարակչական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից ժողովին մասնակցում էին Գերաշնորհ Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը եւ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Աշգարյանը:

Հանձնախմբի անդամները հունվարի 25-ին մասնակցեցին նաև Հռոմի Սուրբ Պողոս տաճարում տեղի ունեցած «Քրիստոնյաների միության» աղոթքին` Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի նախագահությամբ: Հունվարի 30-ին Աստվածաբանական միջազգային հանձնախմբի անդամները հյուրընկալվեցին Հռոմի քահանայապետ Ֆրանցիսկոս պապի կողմից:

Քննարկումների արդյունքում ամբողջացավ ու վերջնական տեսքի բերվեց Կաթոլիկ եւ Արեւելյան Ուղղափառ եկեղեցիների աստվածաբանական հանձնախմբի կողմից հրապարակվող երկրորդ փաստաթուղթը` «Հաղորդության կիրառումն ու նշանակությունը Վաղ Եկեղեցու կյանքում եւ դրա գործառույթը եկեղեցական հաղորդության այժմեական ուսումնասիրության համար» խորագրով:

Ղպտի Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների հրավերով հանձնախմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Կահիրեում (Եգիպտոս) 2016 թ. հունվարի 30-ից փետրվարի 6-ը:

Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728