Լրահոս
Օրվա լրահոսը

Դերասանը հաղթեց բժշկին նաեւ վերաքննիչ դատարանում

Փետրվար 04,2015 14:30

Համացանցում դերասան Աշոտ Մելոյանը գրառումներ էր կատարել բժիշկ
Ենոք Աբրահամյանի վերաբերյալ: Նրան անվանել «ֆաշիստ»

«Ֆաշիստ» բառի վերաբերյալ նա դատարանում պարզաբանել էր. «Լինելով խորհրդային սերնդի ներկայացուցիչ` այդ բառը նրա համար եղել է անսրտության, դաժանության, անխղճության հոմանիշ, ինչն էլ մեկ բառում ներառում է այս ամենը: Պատասխանողը հայցվորին անվանել է ֆաշիստ, որովհետեւ հայ կնոջ համար հայ մարդն իսկապես պետք է սրտացավ լիներ, որովհետեւ Ենոք Աբրահամյանը սառնասրտորեն, առանց հետագայի մասին դատողություններ անելու, «Ֆորտեո» դեղամիջոցը ներարկել է Արշալույս Մելոյանին»:

Անցյալ տարվա նոյեմբերի 7-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արա Կուբանյանի վճռով բժիշկ Ենոք Աբրահամյանի հայցն ընդդեմ դերասան Աշոտ Մելոյանի (ներկայացուցիչ՝ Հայկանուշ Սուքիասյան)՝ դատարանը կիրառեց հայցային վաղեմություն, Ենոք Աբրահամյանի հայցն ընդդեմ Աշոտ Մելոյանի՝ Աշոտ Մելոյանին վիրավորանք հասցնելու համար համացանցի միջոցով հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու եւ 1.000.000 դրամ բռնագանձելու, զրպարտության համար ֆեյսբուքյան էջում զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու եւ 2.000.000 դրամ բռնագանձելու պահանջների մասին, մերժեց:

Ենոք Աբրահամյանը, որն աշխատել է «Վլադիմիր Ավագյան» բժշկական կենտրոնում որպես լազերային վիրաբուժության բաժնի վարիչ, օրթոպեդ-ողնաշարաբան, դիմել էր վերաքննիչ քաղաքացիական դատարան:

Աշոտ Մելոյանը «Առավոտին» երեկ փոխանցեց, որ վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել վճիռը:

Տեղեկացնենք, որ 31.03.2014թ. ֆեյսբուքի իր էջում տեղադրել էր բժշկի լուսանկարը` գրելով. «Ահա այն «բժշկի» դեմքը, ում սխալ դիագնոզի պատճառով սխալ բուժման արդյունքում մայրս մահացավ: Ահա այն ստահակի դեմքը, ով դեռ շարունակում է աշխատել որպես «բժիշկ», ողնաշարաբան: Լավ հիշեք այս դեմքը… Ով չի հավատում, որ նրա վրա քրեական գործ է հարուցված եղել, թող գրի ինձ եւ ես ցույց կտամ 1200 էջից բաղկացած քրեական գործը, որը քննիչները չորս անգամ կարճել են… Ցույց կտամ 5 դատաբժշկական փորձագետների իրարամերժ եզրակացությունները… դատական ձայնագրությունները, թե Յուրի Աբրահամյանը ոնց չէր կարողանում ինձ հետ դատարանում բժշկության թեմաներով հիմնավորել իր արած կամ չարած գործողությունները, ոնց էր լեզուն կապ ընկել… Ահա այն ֆաշիստը, որը ոչ մի անգամ ներողություն չխնդրեց՝ ոչ մայրիկիցս, ոչ ինձանից, եւ ոչ էլ մեր ընտանիքից»:

Բժիշկ Աբրահամյանը իր հերթին հայտնել էր, որ երկու անգամ նամակով դիմել է Աշոտին` պահանջելով «մաքրել եւ հերքել գրված զրպարտանքը, ներողություն խնդրել», սակայն պատասխանողը չէր հերքել. «Դեռ ավելին, սպառնացել է, որ չկատաղեցնեն իրեն, եւ որ ավելի վատ կլինի»: Պատասխանողի ներկայացուցիչ Հայկուհի Սուքիասյանը իր հերթին դատարանին տեղեկացրել է, որ իր վստահորդը ճանաչել է բժշկին դեռեւս 2007 թ. փետրվարից, երբ դիմել էր նրան իր մորը` Արշալույս Մելոյանին, բուժօգնություն ցուցաբերելու խնդրանքով. «Ենոք Աբրահամյանն առանց հիվանդին տեսնելու, նախկինում պատասխանողի կողմից արված ՄՌՏ հետազոտությունների հիման վրա Արշալույս Մելոյանի հիվանդությունն ախտորոշել է որպես հետկլիմակտերիկ «օստեոպորոզ» եւ հիվանդին ամբուլատոր պայմաններում բուժել իր կողմից նշանակված «Վիվալոս», «Միակալցի սպրեյ», «Օստեոգենոն», «Կալցիմին ադվանս», «Նիկոմեդ Դ-3», «Քսեֆոկամ», «ԲոնՎիվա», «Ռոկարդրոլ», «Ռետաբոլիլ», «Պոլին» դեղամիջոցներով: Արշալույս Մելոյանի առողջական վիճակը վատանալուց հետո բժիշկը նշանակում է «Ֆորտեո» կոչվող հորմոնային դեղամիջոցը: Ըստ իրեն տուժող համարող պատասխանող կողմի, «դեղամիջոցի ընդունումը դադարեցնելուց հետո իր վստահորդի մոր զույգ ազդոսկրերը կոտրվում են, որի պատճառը պարզելու նպատակով 01.11.2007թ. իր վստահորդը դիմել է Բ. Ֆանարջյանի անվան «Ուռուցքաբանության ազգային կենտրոն», որտեղ պարզվել է, որ վերջինս տառապում է ոչ թե հետկլիմակտերիկ «օստեոպորոզ» հիվանդությամբ, այլ ոսկրածուծի չարորակ քաղցկեղ «միելոմային» հիվանդությամբ»:

Ի դեպ, Ա.Մելոյանը մինչ ֆեյսբուքյան գրառումները, հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, հարուցվել էր քրեական գործ: Նշանակվել էր հինգ դատաբժշկական փորձաքննություն, որոնցով հաստատվել է, որ հայցվորի կողմից հիվանդ Արշալույս Մելոյանի ախտորոշումը կատարվել է սխալ, կատարված բուժումները եղել են ապարդյուն:

Ըստ առաջին ատյանում հետազոտված ապացույցների, Ա. Մելոյանը «Սուր անկյան» N 96 թողարկման հաղորդաշարի հեռարձակումից հետո, հանրային գերակա շահից ելնելով` փորձել է իրազեկել հանրությանը մի բժշկի մասին, ով խորը ցավ ու վիշտ էր պատճառել իր ընտանիքին, եւ նշված տեսանյութում ջանասիրաբար պաշտպանում էր իր գործընկեր Հորսթ Դեկկերսին, ով ԳԴՀ-ում զրկվել է բժշկական գործունեություն ծավալելու լիցենզիայից, ու կատարել ֆեյսբուքյան իր էջում վիճարկվող գրառումները: Ֆեյսբուքում տեղադրված նյութը վիրավորելու նպատակ չի հետապնդել, այլ ունեցել է հանրությանն իրազեկելու նպատակ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ապազգային գործունեություն են ծավալում ,,փինաչի,, գերմանացի բժշկի հետ: Ով իմանա, թե քանի հոգու են վնասել….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728